Այսօր հայ հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան օրն է: Նա մահացել է 1983թ. նոյեմբերի 11-ին:
Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։
«Լույսի և ուրախության կոմպոզիտոր». ահա այսպես էին կոչում Առնո Բաբաջանյանին, ով ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրորում մնում է հայեցիության մարմնավորում. «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,- իր մասին խոստովանել է Բաբաջանյանը: