ՍԵՅՍՄԻԿ ՌԵԺԻՄԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տարածաշրջանում դիտվում է սեյսմիկ ռեժիմի ակտիվացում: Այս մասին փաստում են նաեւ մասնագետները, որոնց խոսքով՝ վերջին շրջանում գրանցված երկրաշարժերը սպասելի էին: Չի բացառվում, որ թույլ ցնցումներ կգրանցվեն նաեւ առաջիկա օրերին:
Այս հանգամանքը մշտական վախի մթնոլորտում է պահում հատկապես վթարային շենքերի բնակիչներին: Գյումրիում  երրորդ եւ չորրորդ կարգի 88 վթարային շենք կա: Դրանցում ապրելը խիստ վտանգավոր է եւ անթույլատրելի, սակայն մարդիկ, չունենալով այլընտրանք, Սպիտակի երկրաշարժից հետո արդեն քսաներկու տարի շարունակում են ապրել վթարային շենքերում: Դրանցում մասնակի ինքնափլուզման դեպքեր մշտապես արձանագրվել են: Մասնագետները եկել, ուսումնասիրել եւ բնակիչներին զգուշացրել են՝ շենքերը վտանգավոր են, հարկավոր է տեղափոխվել բնակության այլ հասցե: Վթարայինների բնակիչներն էլ տարիներ շարունակ նամակներ են հասցեագրել պետական տարբեր կառույցներին, իրենց խնդրի մասին  տեղեկացրել նախագահներին, սակայն մշտապես արձագանքը նույնն է եղել՝ հարկավոր է սպասել, պետական միջոցները սուղ են:
Հարկ է նշել, որ վթարային բազմաբնակարանների բնակիչները չունեն անօթեւանի կարգավիճակ: Այսինքն՝ առայժմ որեւէ ծրագրից չեն կարող օգտվել եւ ստիպված են սպասել այնքան ժամանակ, մինչեւ վերջնականապես լուծում չստանա աղետի գոտում բնակվող անօթեւանների խնդիրը: Իսկ այս հանգամանքը խիստ մտահոգիչ է նրանց համար: Վթարայիններում ապրող բնակիչների խոսքերով՝ կիսաքանդ շենքերի խնդիրն իշխանությունների կողմից անտեսված է, ինչը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Իսահակյան 9, Ղանդիլյան 24, Գարեգին Նժդեհի 26 եւ այլ հասցեներում փլուզումներ հաճախ են լինում: Ռաիսա Դարբինյանը պատմում է, որ իրենց շենքի նկուղները նաեւ ջրի մեջ են, ինչից քայքայվում է հիմքը. «Ում էլ դիմենք, ոչ մի հարցով չի կարող աջակցել: Ոչ մի սպասելիք չունենք պետությունից, որովհետեւ ասում են, որ վթարայինների համար որեւէ ծրագիր չկա»:
Օրերս տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Գյումրու մի շարք թաղամասերում: Որոշ տեղերում անգամ խուճապային իրավիճակ է եղել: Մարդիկ վախեցած դուրս են եկել փողոց, քանի որ թույլ ցնցումները դարձյալ մասնակի փլուզումների պատճառ են դարձել: Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային բաժնից, սակայն, հայտնում են, որ խուճապի մատնվել պետք չէ, ցնցումները թույլ են եւ ոչ այնքան վտանգավոր:  «Քաղաքում կան վթարային շենքեր, բայց, բարեբախտաբար, դրանք մեծ տոկոս չեն կազմում: Նույնը չի կարելի ասել Երեւանի մասին, որտեղի վթարայինները, ասենք, 9 բալի դեպքում, կարող է չդիմանան»,-ասում է ՍՊԱԾ ՀԲ տնօրեն Սերգեյ Նազարեթյանը:  
Հետերկրաշարժյան տարիներին Գյումրիում կառուցվել են այնպիսի շենքեր, որոնք նախատեսվել են 9 բալի համար: Սեյսմիկ ոլորտի մասնագետները մշտապես բարձրաձայնել են մայրաքաղաքի խնդիրը: Այստեղ խոշոր ներդրումներ են հարկավոր լուրջ ուսումնասիրություն իրականացնելու եւ վթարայինները ամրացնելու համար: Ի տարբերություն Գյումրու՝ Երեւանում 3-րդ, 4-րդ կարգի վթարային բազմաբնակարաններն անհամեմատ ավելի շատ են: Մասնագետները բարձրաձայնում են, որ անտարբերությունը եւ ֆինանսական խնդիրներով պայմանավորված անգործությունը հղի են լրջագույն վտանգներով:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս