ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ կառավարության շենքի առջեւ հավաքված սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիների բողոքի ժամանակ բերման է ենթարկվել ՀՀԿ տատիկը: Վերջինս քաղաքացիների հետ վիճաբանության ժամանակ փայտով հարվածել է իր տարիքի կանանցից մեկին, որի արդյունքում էլ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Ցավալի է, որ ՀՀԿ-ի մի քանի «կոպեկների» շնորհիվ ապրող այս կինն արդեն սկսել է հանրության համար լուրջ վտանգ ներկայացնել:

 

 
ՀԱՐՑ. Ագաթանգեղոս փողոցում մեքենան կայանելու համար մի շարք վարչական ակտեր եմ ստացել: Թոշակս կազմում է 64.000 դրամ, եւ այդ վարչական ակտերի հետեւանքով այն բռնագանձել են: Նման իրավիճակում հայտնվել եմ ոչ միայն ես, այլեւ շատ տաքսու վարորդներ, որոնք իրենց մեքենան կայանել են այդ փողոցում: Կցանկանայի տեղեկանալ՝ ինչո՞ւ Ագաթանգեղոս փողոցում չի կարելի մեքենան կայանել, իսկ, օրինակ, Սախարովի հրապարակում թույլատրվում է:

Վահան Ղուկասյան (85 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկից ընթացքով Մ. Խորենացի փողոցի ուղղությամբ, նշված խաչմերուկից մինչեւ «Սպարտակ» ՄԸ մուտք եւ հասարակական տրանսպորտի կանգառից հետո կազմակերպված են կարմիր գծիկներով գծանշված եւ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վճարովի ավտոկայանատեղիներ: Նշված ուղղությամբ մնացած բոլոր հատվածներում կանգառն արգելված է համապատասխան ճանապարհային նշանի միջոցով:
Մ.Խորենացի փողոցից ընթացքով Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկի ուղղությամբ հասարակական տրանսպորտի կանգառից հետո կազմակերպված է կամիր գծիկներով գծանշված եւ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վճարովի ավտոկայանատեղի: Նշված խաչմերուկին մոտ հատվածում կանգառն արգելված է համապատասխան ճանապարհային նշանի միջոցով: Մ. Խորենացի փողոցից մինչեւ «Տրուդ-ռեզերվ» ՄԸ տանող մուտք կանգառն արգելված չէ:
Կայանելն արգելված է նաեւ հասարակական տրանսպորտի կանգառների հատվածներում:
Այսպիսով՝ Ագաթանգեղոս փողոցում ոչ բոլոր վայրերում են արգելված կանգառն ու կայանումը. կան վճարովի եւ անվճար կայանատեղիներ:
Ինչ վերաբերում է Սախարովի հրապարակին, ապա այնտեղ կայանատեղի կազմակերպված է Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշման համաձայն, առկա են համապատասխան գծանշումները եւ ճանապարհային նշանները:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված պարզաբանումն ամբողջական է, եւ մեզ դիմած քաղաքացու հարցի պատասխանը հստակ ներկայացված, այդուհանդերձ, այս ոլորտում անհասկանալի մոտեցումների պակաս չկա: Օրինակ` վարորդներից շատերը 1 ժամից պակաս կայանելիս ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, էլ չասած, որ չգիտես ինչու` չեն նախատեսվում անվճար հատուկ կայանատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

 

 

ՀԱՐՑ. Թոշակառու եմ: Բնակվում եմ 4-րդ Մասիվում՝ 2002-ին սեփականաշնորհած բնակարանում: Ամեն ամիս 780 դրամ վճարում եմ՝ իբրեւ շենքի պահպանման վարձ: Բնակիչների մի մասն ասում է, թե դա շենքի պահպանման վարձն է, մյուս մասը՝ բնակության վարձը: Կցանկանայի տեղեկանալ՝ ինչի՞ համար եմ կատարում այդ վճարումը, եւ, ընդհանրապես, օրենքով պե՞տք է վճարեմ, թե ոչ, եթե շենքը 1969թ. վթարային շենք է:

Նիկոլայ Բարսեղյան (65 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի ապատասխան` աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնեմասի չափով կատարել վճարումներ շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար: Վճարված գումարն ուղղվում է պարտադիր նորմերն իրականացնելու համար, որը սահմանել է ՀՀ Կառավարությունը 2007թ. հոկտեմբերի 4-ի հ. 1161-ն որոշմամբ:

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից բնակչին պարտավորեցնում են կատարել վճարումները, մյուս կողմից նրանք շարունակում են ապրել վթարային շենքում: Հետաքրքիր է՝ ո՞ւր են գնում վճարված գումարները, եւ ինչպիսի պահպանման աշխատանքներ են իրականացվում, եթե բնակիչները շարունակում են նման պայմաններում գոյատեւել:




Լրահոս