ՈՎ ՈՒՄ ՊԵՏՔ Է ԶԵԿՈՒՑԻ ԵՎ ԻՆՉՊԵՍ
Երեկ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը, որը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց «Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին նախագիծ»: Թերեւս իզուր չէր, երբ Աղվան Հովսեփյանը, թողնելով գլխավոր դատախազի պաշտոնը, փաղաքշանքով համբուրեց դատախազության դուռը: Բանն այն է, որ երբ քննչական կոմիտեն ստեղծվի, իր համբուրած դուռը Հովսեփյանը կրկին պետք է բացի, բայց՝ մի փոքր այլ կարգավիճակով: Ըստ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի՝ ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: «….. Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով 1) հարուցում է քրեական հետապնդում. 2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ»: Սա նշանակում է, որ Աղվան Հովսեփյանը թղթապանակով պետք է մտնի իր նախկին աշխատասենյակ ու հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալ Գեւորգ Կոստանյանին: Մի տեսակ անպատկերացնելի է:
Որոտանի հէկ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ. այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում: Ներկայումս Որոտանի հէկ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կՎտժ սակագնով: Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության եւ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջեւ ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կՎտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15, 5 դրամ, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ: Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման: Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն հէկ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում ՊԵԿ նախագահի կողմից ընդամենը 7 որոշում է կայացվել ՀԴՄ կիրառողների գործունեության դադարեցման վերաբերյալ: Ընդհանուր հաշվով հարկային տեսուչների զոհ են դարձել 26 տնտեսվարողներ, որոնցից (ուշադրություն դարձրեք) 19-ը անհատ ձեռնարկատերեր են: Ասել է թե՝ այս որոշման արդյունքում հոգեվարք ապրող փոքր բիզնեսը, տվյալ դեպքում մանր կրպակները, 5 օրով փակվել են: Ուշագրավն այս իրավճակում, սակայն, այն է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանվել է նաեւ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Նոր զովք» սուպերմարկետը: Բայց «Ժողովուրդ»-ը պաշտոնապես պարզեց, որ այս որոշման հաջորդ իսկ օրը Խաչատրյանի սուպերմարկետն աշխատեցնողները վճարել են 600 հազար դրամ տուգանքը եւ Հանրապետության 71 հասցեում գտնվող սուպերմարկետը կրկին աշխատել է:
Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը՝ Երեւանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա կլինեն ՀԱԿ կուսակցությունից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից կմասնակցեն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Գ. Ծառուկյանի առանձին հանդիպումը. «Ուրեմն որեւէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա, իհարկե, կլինի, որեւէ խուսափելու բան այդտեղ չկա»:
ՄԻ ՎՆԱՍԻՐ
Մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու` Ղրիմի գերագույն խորհրդի որոշումից հետո Հայաստանում բազմաթիվ վերլուծաբաններ սկսեցին գնահատել այդ գործընթացի հնարավոր ազդեցությունը Ղարաբաղի հարցի կարգավորման վրա` նկատի առնելով այն հանգամանքը, որ 1988թ. փետրվարի 20- ին ԼՂԻՄ Գերագույն խորհուրդը գրեթե նույն ընթացակարգով սկսեց Ադրբեջանից անկախացման գործընթացը: Ու թեեւ «ռեալ-պոլիտիկի» տեսանկյունից միանգամայն անշնորհակալ գործ է առկա հակամարտությունների դեպքում զուգահեռների անցկացումն ու նախադեպերը որպես փաստարկ ներկայացնելը, այդուհանդերձ` ակնհայտ է մեկ բան. Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները, այսպես թե այնպես, որոշակի ազդեցություն ունենալու են Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վրա: Հենց թեկուզ այնքանով` որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք գերտերությունները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Ղրիմի հարցով ներկայումս գտնվում են գերլարված հարաբերությունների մեջ: Հետեւաբար` այս փուլում Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել գերզգույշ Ուկրաինայի վերաբերյալ իրենց գնահատականներում, ինչը եւ, հանուն արդարության, պետք է նշել՝ նրանց առայժմ հաջողվում է անել:
Փոխարենը անհասկանալի վարքագիծ են որդեգրել որոշ ընդդիմադիր գործիչներ եւ գրանտային գործունեություն ծավալող փորձագիտական շրջանակներ, որոնք օրումեջ տարբեր ֆորմատներով կոկորդ են պատռում` բոլորի աչքը մտցնելով այն, որ Հայաստանի իշխանությունները գրառում չեն կատարել Ուկրաինայի դեսպանատան սգո մատյանում, կամ էլ` հանդես չեն եկել Ռուսաստանին դատապարտող հայտարարությամբ:
Առհասարակ` թե՛ ռուս -վրացական 2008թ. պատերազմի օրերին, եւ թե՛ հիմա ՀՀ իշխանությունների կողմից չեզոքության պահպանումը միակ խելամիտ դիրքորոշումն է, որը նրանց, վստահաբար ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա` հեշտորեն չի հաջողվել: Բնականաբար` այս օրերին Հայաստանի վրա տարբեր խողովակներով ճնշումներ են գործադրվում թե՛ մեկ, թե մյուս կողմից, իսկ վերը նշված գրանտակերներն իրենց աղեկտուր հայտարարություններով է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ զուգահեռներ անցկացնելու անթույլատրելիության մասին մի խումբ «արեւմտամետների»՝ երեկվա հայտարարությանը, ապա նրանց այդ մտահոգությունը միանգամայն տեղին է. իրոք, չի կարելի Ղարաբաղի անկախացման գործընթացը համեմատել Ղրիմում ծավալվող զարգացումների հետ, բայց եւ նույնչափ տեղին չէ Ղրիմի գերագույն խորհրդի ընդունած որոշումն ապօրինի, իսկ առաջիկա հանրաքվեն խեղկատակություն որակելը: Սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուր հայտարարություն անելուց պետք է առաջնորդվել` «մի վնասիր» սկզբունքով:
Հ. Գ. Այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: