ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԱՎ ՑԱՎԵՐՈՎ ԵՎ ՄԻԿՐՈԻՆՖԱՐԿՏՆԵՐՈՎ

Ոչ իշխանական ուժերը սկսել են լայն համախմբման ուղղությամբ ակտիվ քայլերը: Ընդ որում, հատկապես վերջին ամիսներին համախմբման գործընթացը նոր որակներ է ստանում:

ԲՀԿ համագումարից ու ՀԱԿ հանրահավաքից հետո անմիջական մասնակցություն է սկսել ցուցաբերել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով տեւական ժամանակ փորձում էր գոնե առերեւույթ, անձամբ հեռու մնալ քաղաքական պրոցեսներից: Այնինչ, նախորդ շաբաթ նա հանդիպեց ՀՅԴ ներկայացուցիչներին, երեկ էլ Ծառուկյանը հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությանը՝ Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին ու Ավետիս Ավագյանին:
Նկատենք, որ եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն տարիներ շարունակ համատեղ ճանապարհ են անցել, մաս կազմելով իշխանական կոալիցիային, ապա ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը միանգամայն այլ է. քաղաքական այս երկու կուսակցություններն ընդամենը մի քանի տարի առաջ բարիկադների տարբեր կողմերում էին ու պայքարում էին միմյանց դեմ, այնինչ հիմա՝ նրանք համագործակցում են: Ճիշտ է, խնդիրների լուծմանը հասնելու ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջարկած ճանապարհները տարբեր են. այդ փաստը երեւաց նաեւ երեկ: Բայց, երկու կողմն էլ պնդում է՝ անկախ նման տարաձայնություններից, համագործակցությունը շարունակվում է, եւ կան շատ հարցեր, որոնց շուրջ իրենց տեսակետները համընկնում են:
Երեկվա հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, թե կարեւորում է քաղաքական ուժերի համագործակցությունը. «Մի քանի մարդիկ էլ, որ ցավով էին տանում այդ հանդիպումը, այս երկրում՝ մի քանի հոգի, որոնք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, դատարկ մարդիկ, այդ քայլերը կատարում են իրենց գոյությունը պահելու համար: Մենք դա հաշվի չենք առնում, քանի որ այս հանդիպմանը սպասում է ժողովուրդը»,- ասել է նա: Ծառուկյանը նաեւ անդրադարձել է քաղաքական լայն կոնսոլիդացիային. «Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցություն միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել, եւ ես ասել եմ ու էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ՝ իմանալով ժողովրդի ձգտումները, խնդիրները, ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակ փոխել»:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, թե իր կարծիքով, այդ հանդիպման պատճառով «Հայաստանում շատ մարդիկ միկրոինֆարկտներ կունենան»: Նա նշել է, թե ինչպես ԲՀԿ վերջին համագումարում Ծառուկյանի ելույթն էր իր մեջ լուրջ ազդակներ պարունակում, այնպես էլ մարտի 1-ի հանրահավաքը, եւ դրա արձագանքները վկայեցին այն մասին, որ հասարակությունը պատրաստ է լուրջ փոփոխությունների: «Կոնգրեսի դիրքորոշումը հետեւյալն է. երկիրը լրջագույն ճգնաժամի առաջ է, որի հիմնական մեղավորը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, պետք է ձեւավորել լեգիտիմ իշխանություն, եւ որ դրա համար պետք է նախապատրաստել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»,-ասել է նա՝ հավելելով, որ ե՛ւ չորս ուժերի միջեւ համագործակցությունը, ե՛ւ ՀԱԿ-ԲՀԿ երկկողմ համագործակցությունը կարող է ապահովվել անցնցում իշխանափոխություն՝ առանց վնասելու պետությունը:
Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե. «Մենք կաշկանդված ենք ժամկետների առումով: Խնդիրներն այնքան ահավոր են, որ արժի արագացված տեմպերով լուծել դրանք: Փառք Աստծո, մենք ունենք մտածողության առումով ներդաշնակություն, եւ սա հիմք է, որ կարողանանք առաջընթաց ապահովել»,-ասել է Մանուկյանը:
Նկատենք, որ չնայած փոխադարձ «ջան-ջիգյարին», ավելի ուշ, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել. «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ այդ վիճակից դուրս գալու հնարավոր ուղիները: Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջեւ մոտեցումների եւ հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ: …ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձեւավորվել է այսօրվա իրականությունը»,- ասել է նա, բայց մյուս կողմից՝ հավելել. «ԲՀԿ-ն փաստում է, որ պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, եւ հրամայական է դարձել բոլոր քաղաքական եւ հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը»: Նկատենք, որ Ի.Տոնոյանն այս հայտարարությունն արել է` ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի պնդումների, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Ավելին՝ հանդիպումից հետո լրագորողների հետ ճեպազրույցում Լ.Զուրաբյանն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պետության խնդիրներին վերաբերող հարցեր՝ մասնավորապես այն, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում, եւ այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի` ղեկավարությունից հեռացում ու դեմոկրատական լեգիտիմ իշխանության ընտրություն:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Միքայել Մանուկյանին հարցրեց՝ այս հանդիպումները հույս ներշնչում են, որ քաղաքական ուժերը կմիավորվեն ու կլուծեն իրենց առաջ դրված խնդիրը, այն է՝ անցնցում իշխանափոխություն. «Իհարկե: Վստահ եմ՝ կլինի այդպես»,-ասաց նա: Թե ինչն է նման վստահություն ներշնչել, Մանուկյանը պատասխանեց. «Վերջապես չորս ուժերի միջեւ համագործակցություն է սկսվել: Նման բան նախկինում դեռ չի եղել: Սա առաջին անգամն է եւ դա չի կարող իր արդյունքները չտալ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԱԿԱՍՈՒՄ Է

Օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց «Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Սակայն մինչ այժմ Վերահսկիչ պալատի անդամներն ու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը որեւէ կերպ չեն արձագանքել այդ նախագծին:
Երեկ ՎՊ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայության ղեկավար Լենա Մկրտչյանը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց հարցի հետ կապված ՎՊ պաշտոնական տեսակետը: «Կառավարության կատարած փոփոխությունները՝ կապված Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, հակասում են ՀՀ ՎՊ պալատի մասին գործող օրենքի հոդված 24-ին եւ հոդված 25-ին: Այդ իսկ պատճառով Վերահսկիչ պալատը դեմ է կառավարության կատարած փոփոխություններին»,-հայտարարեց նա:
Նշենք, որ այդ նախագծի համաձայն՝ օրենքում նախատեսված է ավելացնել հետեւյալ դրույթները. «Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ»:

 
ՆՈՒՅՆ ԴԱՇՏՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերջերս հաճախ է լինում ՀՅԴ խմբակցության սենյակում: Երեկ էլ Սահակյանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ գնաց Դաշնակցության սենյակ:
Ավելի ուշ Սահակյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց.
-Ինչո՞ւ եք այդքան հաճախ այցելում դաշնակցականներին:
-Պիտի սովորեք, որ քաղաքական դաշտը մի հատ է ու էդ քաղաքական դաշտում բոլորը բոլոր տեղերում լինում են:
-«Վերբովկա՞» եք ուզում անել:
-Ամեն ինչ էլ քննարկում ենք, բայց վերբովկայի ի՞նչ խնդիր կա։
-Կարո՞ղ է իշխանությունը հանձնելու հարցն էլ եք քննարկում:
-է՜է՜է՜:

 

ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է

ԱԺ նախորդ քառօրյայի հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ական Կարեն Ավագյանին բավականին կտրուկ տոնով նախազգուշացրել էր՝ «չափդ ճանաչիր, այլապես` ստիպված ենք լինելու պատասխանել նույն բառապաշարով, ինչ՝ Արմեն Ռուստամյանը Հրայր Թովմասյանին»: Եվ ահա, «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս հայտարարությունից հետո Կ. Ավագյանը գնացել է Գրիգորյանի մոտ, փորձել խոսել այդ մասին, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը միանգամից «փակել է» թեման՝ ասելով, որ ինչ պետք էր, ինքն արդեն իսկ ասել է ու ավելացնելու ոչինչ չունի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Կ. Ավագյանը հերքեց այդ լուրը. «Նման բան չի եղել»: Նկատենք, որ Մ. Գրիգորյանի նախազգուշացումը կարծես թե «տեղ էր հասել». երեկ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական Կ.Ավագյանը խոսել է ոչ թե ներքաղաքական թեմայով, այլ՝ վերջերս գերեվարված Մամիկոն Խոջոյանի դեպքի մասին:

 

 

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԴԵՊԻ ՆԱՏՕ

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը հրամայական է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական եւ հետեւողական խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կվերանվաճի տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականության ասպարեզում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու վտանգված իրավունքը: Այդ մասին ասված է կուսակցության՝ երեկ տարածած հայտարարությունում: ՀՀՇ-ն նաեւ դատապարտում է անշրջելի հետեւանքներով հղի միջազգային գործընթացներում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը: Կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների եւ քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական ալյանս» նախաձեռնությամբ:

 
ՌԵԺԻՍՈՐԸ ՔՈՉԱՐՅԱ՞ՆՆ Է

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով` ԲՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ` փողի քսակ: Այդ մասին նա ասել է Aravot.am-ին` անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը. «Հայաստանում այդ ուժ հասկացողությունը փողի քսակի հաստությամբ է որոշվում, իրենք տարիներ շարունակ, ես կասեի տասնամյակներ, ցավ են պատճառել ամբողջ ժողովրդին: Իրենց աջակցությամբ երկուսը՝ Քոչարյան Ռոբերտը եւ Սերժ Սարգսյանը փոխել են եւ փորձում են փոխել մեր ժողովրդի արժեհամակարգը: Հիմա թե իրենք ինչ են փորձում անել, ես չեմ էլ ուզում քննարկել՝ հանդիպում են, ինչ են անում: Դա թատրոն է, որը որեւէ արդյունք չի տա, որովհետեւ թատրոնի ռեժիսորը, սցենարիստները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են»:

 
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ հակահարված է տվել իր հասցեին անվանարկող հայտարարություններ անող գործիչներին ու կայքերին. «Ես հասկանում եմ տագնապը Ռոբերտ Քոչարյանի, որովհետեւ երկրում կայունություն հաստատելու պայմաններում, ի վերջո, ձեռնամուխ կլինեն պարզել՝ այդ ինչպես է, որ հանցավոր սեփականաշնորհման ենթարկվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի վաճառքի գինը մեկ տարվա շահույթին համարժեք էր, թե ինչպես է, որ մեկ տարվա ընթացքում երկու սեփականատեր փոխեց ՀԷՑ բաժնետիրական ընկերությունը. արդյունքում՝ պետությունը հիսուն միլիոնի վնաս կրեց: …Իմ համար զարմանալի է այն, որ այս ամբողջը խմբավորվում է մի քաղաքական գործչի շուրջ, ով օրվա առաջին կեսին Ռոբերտ Քոչարյանի հետ է, երկրորդ կեսին խաղեր է տալիս ՀԱԿ-ի հետ, իսկ երրորդ կեսը բաժակը ձեռը հոտնկայս խմում է Սերժ Սարգսյանի կենացը: Սթափվեք, եւ որ ամենակարեւորն է՝ ձեր այդ կայքերում վերջացրեք անվանարկել մարդկանց: Դուք շատ խոցելի եք, հաջորդ ելույթս կլինի ավելի դաժան, եթե դուք շարունակեք ձեր բախտախնդրությունը»,-զգուշացրել է Գեղամյանը: Այդպիսով՝ շուրջ երկու տարի անց, ի վերջո, Արտաշես Մամիկոնիչը ձեռնամուխ եղավ այն գործառույթին, ինչի համար որ ՀՀԿ-ից մանդատ էր ստացել: Նշենք, սակայն, որ նա դա արեց միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց Ս. Սարգսյանի կողմից Գեղամյանին տրված հայտնի՝ «դհոլ» որակումը:




Լրահոս