ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ՉԵՆ «ԽԱՌՆՎՈՒՄ»

«Ժողովուրդ»-ը շաբաթ օրը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը միասին որոշել են լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Ըստ մեր տեղեկությունների՝ Հ. Թովմասյանը հայտարարել է, որ ինքը ցանկանում է օպտիմալացնել խորհրդարանի աշխատակազմը, բայց այդ օպտիմալացման «ներքո» բաժիններ է լուծարում, որտեղ ընդամենը երկու աշխատակից է եղել: Սակայն Հ. Թովմասյանի այդ որոշման մասին որեւէ մեկը տեղյակ չի եղել, անգամ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ու խորհրդարանի ղեկավարը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱԺ-ն ԱՊՀ բաժին չունի: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն ընտրել է ինտեգրման եվրասիական վեկտորը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ ԱՊՀ բաժնի լուծարման մասին տեղյակ չէ խորհրդարանի ղեկավարությունը. ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեր հարցին, թե ինչու է լուծարվել այդ բաժինը, որեւէ կերպ չէր կարողացել բացատրել.«Ո՞ր բաժինը, Ազգային ժողովում ի՞նչ ԱՊՀ բաժին… Չեմ կարծում, որ ինչ-որ բաժին է փակվում, եթե բաժին փակվեր, անպայման իմ մակագրությունը կլիներ»,- անցած ուրբաթ պատասխանել էր Գալուստ Սահակյանը: Սակայն պարզվում է՝ Գ. Սահակյանն այդ որոշման «տակ» ստորագրել է դեռեւս հուլիսին, պարզապես, ինչպես եւ ենթադրել էինք, շատ չի խորացել, թե ինչի տակ է ստորագրում:
Երեկ «Ժողովուրդ»-ը նախ փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից պարզել, թե ինչու են որոշել, որ հայրենի խորհրդարանին ԱՊՀ բաժին պետք չէ: Սակայն Հ. Թովմասյանը հայտարարեց, որ ինքը հարցերին պատասխանում է միայն գրավոր. «Գրավոր գրե՛ք, ուղարկե՛ք»: Ի դեպ, նկատենք, որ ինչ Հ. Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, վերջինս որեւէ կերպ լրագրողների հետ չի շփվում, նրան ուղղված բոլոր հարցերը մնում են անպատասխան, քանի որ յուրաքանչյուր հարցից հետո Հ. Թովմասյանը «քթի տակ» ինչ-որ բան է ասում ու «շտապում»:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներին, ապա վերջիններս տեղյակ չէին, թե իրականում ինչո՞ւ է Հ. Թովմասյանը նման որոշում կայացրել, իսկ ոմանք էլ հայտարարում էին, թե դա իրենց չի վերաբերում եւ դա իրենց խնդիրը չէ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
-Տիկի՛ն Աճեմյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Ըստ Ձեզ՝ այդ բաժինը խորհրդարանին այլեւս պետք չէ՞ր: Ինչո՞ւ է Հ. Թովմասյանը որոշել «ազատվել» ԱՊՀ բաժնից:
-Ես կարդացի, որ այդ բաժինը վաղուց փակված է եղել, եթե ճիշտն ասեմ, ապա այդ Ձեր ասած տեղեկությունը ստացել եմ մամուլից, այնտեղից եմ տեղեկացել, ես չեմ կարող որեւէ բան ասել: Ուրիշ այլ տեղեկություն չունեմ:
-Բայց, ըստ Ձեզ, խորհրդարանին պետք չէ՞ր այլեւս նման բաժին, այն դեպքում, երբ արդեն ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
-Գիտեք ինչ, եթե անկեղծ ասենք, ապա ես պատասխանատու եմ հանձնաժողովների մասով, այսինքն՝ այնտեղ ընթացող գործընթացների վերաբերյալ կարող եմ իմ տեսակետը հայտնել: Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել դրա մասով, բայց թե ինչքանով է մեզ պետք… Մենք ունենք միջազգային բաժին, որը բոլոր ոլորտներով, ուղղություններով աշխատանք է իրականացնում, եւ ես չգիտեմ… Եթե աշխատակազմն այդպես է ճիշտ գտել, ես որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել: Ես աշխատակազմի մասով բան չեմ կարող ասել, բայց հստակ կարող եմ ասել, որ մենք ունենք միջազգային բաժին, որը նաեւ հենց այդ հարցերով է զբաղվում: Կարծում եմ՝ դա է խնդիրը:
-ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, վերջերս անգամ ԱԺ-ում հատուկ ռուսերեն գրքերի գրադարան բացվեց, չե՞ք կարծում, որ այս քայլից ռուսները կարող են նեղանալ…
-Եթե դրանից Դուք մեծ պատմություն չսարքեք, ես կարծում եմ, որ մեր ռուս գործընկերները դրա մասին չեն էլ անհանգստա: Կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ բաներ գտնել այդ ամենի մեջ:

ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, ինչո՞ւ եք Ազգային ժողովի ԱՊՀ բաժինը լուծարել:
-Ես տեղյակ չեմ, այդ հարցով դիմեք Ազգային ժողովի աշխատակազմին:
-ԱԺ աշխատակազմը համարել է, որ այդ բաժինն այս պահին պետք չէ, քանի որ փորձում են այդ կերպ օպտիմալացնել խորհրդարանի աշխատակազմը: Արդյո՞ք, երբ ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, պետք էր նման որոշում կայացնել:
-Խնդրում եմ՝ ինձ այնպիսի հարց ուղղեք, որը վերաբերում է իմ լիազորություններին:
-Բայց դա այն հարցն է, որը վերաբերում է բոլորին, Աժ յուրաքանչյուր պատգամավորի…
-Ես արդեն ասացի՝ դա իմ լիազորություններին չի վերաբերում:
Հ. Գ. Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ, լսելով «Ժողովուրդ»-ի հարցը, հայտարարեց, թե ինքը շտապում է հանդիպման ու չի կարող մեր հարցերին պատասխանել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ՀԱՋՈՐԴ ՔԱՌՕՐՅԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԱԼՈՒ

Երեկ կայացել է ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խմբի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: ՀԱԿ-ը ի սկզբանե հրաժարվել էր այդ խմբի աշխատանքներին մասնակցելուց:

-Պարո՛ն Մարգարյան, երեկ երեք խմբակցությունների ներկայացուցիչներով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն եք քննարկել: Արդյո՞ք այդ հարցն այսօր հրատապ է:
-Այսօր բոլորս ենք խոսում ընտրական բարեփոխումներից: Կարծում եմ՝ այնքանով է հրատապ, որ ընտրական օրենսգիրքը հնարավոր չէ մեկ օրում, մեկ շաբաթում կամ մեկ ամսում բարեփոխել եւ մշակել այնպիսի տարբերակ, որն ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար: Դրա համար անհրաժեշտ է աշխատանքային խումբ ձեւավորել եւ այդ փաստաթղթում ներառել բոլոր այն դրույթները, որոնք կնպաստեն արդար, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելուն ու անցկացնելուն: Երեք քաղաքական ուժերով գումարեցինք անդրանիկ նիստ եւ որոշեցինք, որ ռոտացիոն կարգով ենք աշխատելու, ինչպես նաեւ՝ ֆիքսեցինք մեր հիմնական անելիքները: Սկզբունքային է համարվում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը, որին կողմ են բոլոր կուսակցությունները, եւ այդ խնդիրը, մեծ հաշվով, կարգավորվում է հենց ընտրական օրենսգրքով: Այսօրվա նիստում հստակեցվել են նաեւ մի շարք հիմնական սկզբունքներ` ստորագրված ընտրացուցակներն ընտրություններից հետո հրապարակելու, քվեաթերթիկները տարբեր կերպ ծալելու կամ տարբեր գույնի գրիչներով քվեարկելու վերաբերյալ:
-ՀԱԿ-ը ինչո՞ւ հրաժարվեց միանալ Ձեր առաջարկած աշխատանքային խմբին:
-ՀԱԿ-ականները պատճառաբանել են, որ իրենք շրջանառության մեջ են դրել ԸՕ-ի փոփոխությունների սեփական նախագիծը: Իսկ ՀՅԴ-ի մասով էլ ասեմ, որ իրենք առաջիկայում կմասնակցեն խմբի աշխատանքներին: ՀՅԴ-ում կարծում են, որ հարցը պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների համատեքստում:
-Աշխատանքային խմբի հաջորդ նիստը ե՞րբ է նախատեսված:
-Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա երկու շաբաթից՝ հաջորդ քառօրյային, ԲՀԿ խմբակցությունում: Խմբակցությունների ներկայացուցիչների հետ կմասնակցեն նաեւ խմբակցությունների փորձագետները` ներկայացված առաջարկներին իրավական ամրագրումներ տալու համար: Այդ ընթացքում մեր աշխատանքներում կներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացված առաջարկները, որոնք եւս կքննարկվեն: Հարկ է նշել նաեւ, որ ձեւավորված վերջնական փաթեթն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողովին եւ խնդրով զբաղվող այլ միջազգային կառույցներին` համապատասխան փորձագիտական եզրակացություններ ստանալու համար:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԵՂԱԾԻ ՄԵՋ ԵՆ ՏԵՂԱՎՈՐՎԵԼՈՒ
Երեկ ԱԺ-ում քննարկվեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակների նախարարությանը միացնել տարածքային կառավարման նախարարությունը, ինչպես նաեւ՝ ստեղծել նոր նախարարություն` «Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն» անվամբ: «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից փորձեց պարզել, թե երկու նախարարությունների միավորումը եւ մեկ նոր նախարարության ստեղծումն ինչպե՞ս կազդի ՀՀ պետական բյուջեի վրա. գումարի խնայողություն եւ ծախսերի ավելացում տեղի կունենա՞: Սակայն ԱՆ նախարարը չցանկացավ մեր հարցին կոնկրետ պատասխան տալ եւ կարճ կապելով՝ ասաց. «Եղած ռեսուրսների սահմաններում մենք տեղավորվելու ենք»:

 

ՕՐԵՆՔ ՓՄՁ-ՆԵՐԻ ԴԵՄ
Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, երեկ հայտարարեց. «Այս ընթացքում ես հանդիպել եմ փոքր եւ միջին ձեռներեցության ներկայացուցիչների հետ, որոնց այս օրենքն անորոշության առջեւ է կանգնեցրել: Օրինակ` ոսկու շուկայում ու ադամանդագործների մոտ ընդունված է նիսյայով աշխատելը: Այս դեպքում օրենքն ուղղակի չի գործի»: Մանուկյանի կարծիքով, երբ սկսեն գործել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերջին փոփոխությունները, ըստ որոնց՝ տնտեսվարողները պարտավոր են փաստաթղթերով հիմնավորել իրենց շրջանառությունը, բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկություններ փակվելու են: «Հենց այս օրենքը կիրառենք, այդ մարդիկ ոչ թե ստվերից դուրս են գալու, այլ ավելի շատ են խորանալու դրա մեջ: Եվ տեղի է ունենալու հետեւյալը. մարդիկ երկրից գնալու են, կամ էլ ստվերն ավելի են մեծացնելու: Քաղաքական գործչի գործն այն է, որ տարբեր օրինակներ իրար կողքի դնի: Ամեն գազի թանկացման ժամանակ միջինացված 5 տոկոս գազի սպառող ենք կորցրել: Ջհանդամ, թե այդ փոքր ձեռնարկատերը կգնա, գումար կկորցնենք: Ով չգիտի, որ ինչքան թանկացնում ենք, «լեվի» գծերն էնքան շատանում են»,- ասաց Մանուկյանը:

 

ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ՝ 92 ՄԼՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան այս տարեսկզբին «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է 92 մլն 518 հազար 100 դրամ՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է՝ ՀՀ տարբեր շրջաններում շրջակա միջավայրի երկրաքիմիական հետազոտություններ անցկացնելը: Նախատեսվում է շարունակել քիմիական տարրերի, տեխնածին երկրաքիմիական հոսքերի, շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում քիմիական տարրերի, երկրաքիմիական ասոցացիացաների, դրանց որակական եւ քանակական փոփոխությունների առանձնահատկությունների հետազոտումը:

 




Լրահոս