ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Երեկ «Կոնտինենտեքս» ՊՓԲԸ-ի նախկին աշխատակիցները ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին` պահանջելով իրենց մեկ տարվա աշխատավարձը: Նշենք, որ «Կոնտինենտեքս» ՓԲԸ-ն կարի ֆաբրիկա է, որի 100 տոկոս բաժնետոմսերը գտնվում են ՀՀ ոստիկանության տրամադրության տակ: Կարի ֆաբրիկայի աշխատակիցները վրդոված են, քանի որ ընկերության գույքն ու հաշիվները գտնվում են կալանքի տակ, ինչի պատճառով նրանք չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության «Կոնտինենտեքս» ՊՓԲԸ-ն այս տարվա փետրվարին վնասով աշխատելու համար փակվեց, քանի որ ձեռնարկության հետագա շահագործումն անհնար էր դարձել արտադրանքի գնային անմրցունակության պատճառով: Բացի այս՝ պատճառներից մեկն էլ աշխատավարձային ծախսերն էին. ի տարբերություն մասնավոր ձեռնարկությունների՝ այս ձեռնարկությունն ուներ մշտական աշխատակիցներ, թեեւ հաստիքային մեկ միավորում միանգամից մի քանի մարդու էին ձեւակերպում: Եւ այս որոշման արդյունքում շուրջ 150 քաղաքացի դարձավ գործազուրկ: Մինչդեռ ֆաբրիկան գործել է 67 թվականից եւ արտադրել է միայն ոստիկանական համազգեստ: Իսկ այսօր արդեն ոստիկանական համազգեստ է արտադրում Քանաքեռի կարի ֆաբրիկան:
Երեկ կառավարության շենքի մոտ բազմաթիվ դերձակուհիներ պահանջում էին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունի իրենց, սակայն վերջինս այդպես էլ նրանց չընդունեց: Այնուհետեւ դերձակուհիները նամակ գրեցին վարչապետին՝ խնդրելով ընդունել իրենց:
Սակայն ընկերության նախկին աշխատակիցներն ամենից շատ զայրացած են ֆաբրիկայի տնօրեն Սամվել Բեկչյանի վրա: Ըստ դերձակուհիների՝ նա խոստացել է վճարել աշխատավարձերը գործարանի լուծարվելուց հետո, սակայն «խաբել է ու երկրից մեկնել»: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Բեկչյանն այսօր գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Մինչդեռ ֆաբրիկայի շուրջ 150 աշխատակից մեկ տարի աշխատել է եւ չի վճարվել: Նշենք, որ ֆաբրիկայի շենքը վաճառվել է մինչեւ ընկերության լուծարումը՝ դեռեւս երեք տարի առաջ: Այն գնել է նույն ընկերությունը, որը կառուցել է անձնագրային եւ վիզաների վարչության նոր վարչական, Գյումրու եւ Շենգավիթ համայնքների ոստիկանության վարչական շենքերը: Այս գործարքներն իրականացվել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք:
Ընկերության նախկին դերձակուհի Սանամ Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդոված նկատեց. «Պետական հիմնարկը փակեցին, որպեսզի մասնավորն աշխատեցնեն: Իսկ թե այստեղ ինչ միտում կա, ես չգիտեմ: Քանաքեռի կարի ֆաբրիկան է հիմա ոստիկանական համազգեստ արտադրում: Իսկ մեզ հանել են ու փողոց գցել: Ես ինքս վարկային պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կատարել: Հիմա ես ի՞նչ պետք է անեմ»:
Աշխատակիցների պատմելով՝ ընկերությունն իրենց մեկ տարվա աշխատավարձ է պարտք, այդ թվում նաեւ՝ վերջնահաշվարկը: Նրանք բազմիցս դիմել են պատկան կառույցներին, սակայն ապարդյուն: Այս խնդրին լուծում չի տրվում:
«Մեզ խաբել են, աշխատանքային գրքույկները ետ են վերադարձրել ու ինչ-որ թղթեր են տվել, որոնք ստորագրել ենք: Այդ շենքի սեփականատերն ինչ-որ չինովնիկ է, բայց հայտնի չէ, թե ով է: Խոստացան, որ լուծարվելուց հետո գոնե կվճարեն աշխատավարձերը: Սակայն այս խոստումից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ աշխատավարձ դեռ չենք ստացել»,- զայրացած նկատեց մեկ այլ դերձակուհի:
Բողոքի ակցիայի մասնակիցներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս երեք տարի առաջ վաճառված շենքում այժմ գործունեություն է ծավալում կառավարության՝ այս գործով լուծարման հանձնաժողովը: Եւ քանի դեռ կարի ֆաբրիկայի գույքն ու հաշիվները կալանքի տակ են, աշխատակիցները չեն կարողանում աշխատավարձ ստանալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշխատակիցները համոզված նշեցին, որ «Կոնտինենտեքս» ՓԲԸ-ի գույքի վրայից կալանքը թեկուզ ժամանակավորապես հանելը հնարավորություն կտա վաճառել գույքի մի մասը եւ մարել իրենց հանդեպ ունեցած մոտ 25 միլիոն դրամի պարտքը:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործարանի առաջին հարկի մի հատվածը զբաղեցնում է ՀՀԿ-ի՝ Արաբկիրի տարածքային կառույցը: Կուսակցությունն առանձին մուտք է բացել եւ գործունեություն է ծավալում:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՐԸ ՉԿԱ
Թեեւ գերթանկարժեք բիոզուգարանների շուրջ աղմուկը մարել է, բայց դրանք դեռեւս տեղադրված են ու շարունակում են չաշխատել: Հիշեցնենք, որ սա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա տնտեսական թիմի մտքի փայլատակումներից էր, երբ նրանք մտադրվել էին իբր խթանել զբոսաշրջության զարգացումն ու ՀՀ պետբյուջեի հաշվին 124 մլն դրամ ծախսելով` Հայաստան բերեցին երկու բիոզուգարան, որոնք այդպես էլ չաշխատեցին: Արդյունքում՝ այս գործարքի պատասխանատուներից եւ ոչ ոք իր արժանի պատիժը չկրեց, իսկ ՀՀ վերահսկիչ պալատն ընդամենն իր տարեկան հաշվետվության մեջ արձանագրեց գործարքը որպես անարդյունավետ ծախս:
Երեկ «Ժողովուրդ»-ը Տաթեւի համայնքապետ Մուրադ Սիմոնյանից հետաքրքրվեց «Տաթեւեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանի ճակատագրով:
-Պարո՛ն Սիմոնյան, «Տաթեւեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանը դեռ չի՞ աշխատում:
-Էդ բիոզուգարանը երբ պետք է այստեղից հանեն, տանեն (ծիծաղում է-Ս.Հ.): Ճոպանուղու տարածքում հասարակական նոր զուգարանի կառուցման շինարարությունը սկսվել է. պատերն են շարում: Ամեն ինչը հաստատված է օրենքով: Այնպես որ, այն մեկը, նույնիսկ չգիտեմ, թե ում է պատկանում, կխնդրեի՝ գային, տանեին: Թող մեր տարածքից հանեն, տանեն, որ այլեւս այդ թեման չշոշափվի:
-Չե՞ն գալիս, չե՞ն հետաքրքրվում:
-Չէ, չեն հետաքրքրվում: Ո՞վ պետք է հետաքրքրվի: Կրկնում եմ՝ նույնիսկ տեղյակ չեմ, թե դա ում սեփականությունն է՝ ազգային մրցունակության հիմնադրամի՞, թե էկոնոմիկայի նախարարության: Կոնկրետ համայնքին էլ հատկացված չէ, որ գոնե ես իմանամ, թե ինչ անեմ դրա հետ, ինչպես տնօրինեմ կամ Ձեզ ինչ պատասխանեմ:
-Որ հատկացված լիներ, ի՞նչ կանեիք:
-Մասնագետներ կհրավիրեի, գոնե թող մեխանիկական ձեւով աշխատեր, հետո մարդ կնշանակեի, որ աշխատեր: Ես հետաքրքրվել եմ, որ կարելի է այն փոփոխել այնպես, որ ավտովատ չաշխատի: Առանձնապես մերոնք սովոր էլ չեն ավտոմատ զուգարանների: Ախր, դա մեկ օր աշխատել է, հետո ասեցին, որ երկու հոգի միաժամանակ մտել են, ու ինչ-որ բան խախտվել է, եւ դրա համար չի աշխատում:
-Պարո՛ն Սիմոնյան, Դուք այս խնդրով չե՞ք դիմել մարզպետարան:
-Ո՛չ համայնքապետարանը, ո՛չ էլ մարզպետարանը որեւէ կապ չունեն այս զուգարանի հետ: Դա գտնվում է ճոպանուղու տարածքում:
-Իսկ ճոպանուղու տնօրինությունը հետաքրքրվա՞ծ է բիոզուգարանի ճակատագրով:
-Ես իրենց դիմել եմ, իրենք էլ ինձ են հարցեր տալիս բիոզուգարանի մասով, ես էլ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Իրենք էլ են բազմիցս դիմել պատկան կառույցների, որ գան, հանեն, տանեն: Բայց որ չեն տանում, ի՞նչ անենք:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՄԱՐԶԵՐ
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԲԱՂԵՐ
Ինչպես հայտնի է` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լավ բերք ստանալու համար դաշտերը տերունական աղոթքով օրհնելու կողմնակից է: Սակայն ինչպես ցույց է տալիս Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում ձիթապտղի օրհնված այգիների` վերջին 2 տարում տված ցածր բերքը, աղոթքը բավարար չէ, անգամ եթե այգու տերն ինքն է աղոթողը: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի փոխանցմամբ՝ վատ բերքի պատճառը գարնանային ցրտահարությունը եւ այդ դաշտերի ոչ լիարժեք ոռոգումն են:
2006թ. «Ուղտասար» ՍՊԸ-ն 25 տարով վարձակալության մի քանի պայմանագիր է կնքել Բագրատաշենի համայնքապետարանի հետ, որով ստանձնել է խորհրդային տարիներից մնացած 53 հա ձիթապտղի այգիների մշակությունը: Այդ ընկերությունը սերտորեն առնչվում է Հայ առաքելական եկեղեցու հետ, ընկերության տնօրենը Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա (Աշոտ) Բեջանյանն է: Մեր տեղեկություններով՝ 2 տարի առաջ այդ ընկերությունը հարկային չկատարված պարտավորություններ ուներ Բագրատաշենի համայնքապետարանի առաջ: Գյուղապետարանը պատրաստվում էր այդ կապակցությամբ դիմել դատարան: Սակայն գործը «դիվանբաշուն» չհասավ. ընկերությունը մարեց հարկային պարտավորությունը:
Գյուղապետ Ա. Մակյանն ասաց, որ ներկայումս գյուղացիները գնում են ձիթապտղի այգիների բերքը՝ կիլոգրամը 700-1000 դրամով: Նա նաեւ նշեց, որ 2-3 տարի առաջ Բագրատաշենի բնակիչները համայնքի վարձակալական հողերում հիմնել են 1.5 հա ձիթապտղի այգի:
ԽԵՂԴԱՄԱՀ ԱՆԵԼՈՒ 3 ԴԵՊՔ
Սա այս տարվա ընթացքում Տավուշի մարզում ամուսնու կողմից կնոջը խեղդամահ անելու 3 դեպքն է: Երկու դեպքերը կատարվել են Բերդի տարածաշրջանում, խանդի հողի վրա, այդ գործերով դատավճիռներ են կայացվել: Իջեւան քաղաքի բնակիչ Ռադիկ Գաբրիելյանի դատավարության առաջին նիստը կայացավ նոյեմբեր 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 19-ին: 1951թ. ծնված Ռադիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հունիսի 27-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ամուսնական կյանքի ընթացքում կնոջ՝ Ջուլիետա Եղիշյանի հետ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով, որպես առիթ օգտագործելով տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը: Վերջինս Իջեւանի դպրոցներից մեկում ֆրանսերեն է դասավանդել, եղել է վատառողջ: Ռադիկ Գաբրիելյանը նախկինում եղել է Տավուշի մարզպետարանի աշխատակից, նաեւ լրագրող է աշխատել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Ռ. Գաբրիելյանն անառողջ է, նա ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ