ՄԻԱՆՁՆՅԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ի ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել երկու ուղերձներով: Առաջինը, որով նա շնորհավորում էր ընտրողներին, հրապարակվեց մայիսի 8-ին,  այնտեղ մասնավորապես ասված էր. «Ինձ համար չկա ավելի թանկ բան, քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն  պահելու եմ: Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա  քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց եւ քննարկելուց հետո: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ եւ ժողովրդի կողմից ընդունելի»: Դրանից  ընդամենը 16 օր անց պարոն Ծառուկյանը հանդես եկավ երկրորդ հրապարակային հայտարարությամբ, որով տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում  մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Նա կրկին խոսեց «ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու» մասին եւ ելնելով այն փաստից, որ. «ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն», հաջողություն ցանկացավ նոր ձեւավորվելիք կառավարությանը: Նախ` ինքնին հիմնավորումը փոքր-ինչ անհասկանալի է, քանզի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո արդեն իսկ պարզ էր, որ ԲՀԿ-ն այդ «սահմանադրական հնարավորությունը» չունի, մինչդեռ դա ամենեւին չէր խանգարում, որպեսզի ԲՀԿ առաջնորդը հանդիպեր եւ Ս. Սարգսյանի հետ մի քանի փուլով բանակցեր կոալիցիա ձեւավորելու շուրջ: Սակայն վերադառնալով վստահության հարցին, փորձենք հասկանալ, թե որքանով  էր Ծառուկյանը անկեղծ, երբ խոստանում էր իր «բոլոր որոշումները կայացնել թիմակիցների հետ քննարկելուց հետո»:
Երեկ առավոտյան ԲՀԿ-ական 4 նախարարներն էլ սովորականի նման գնացել են աշխատանքի եւ սեփական աշխատասենյակներում անակնկալի եկել` տարբեր լրագրողների զանգերից տեղեկանալով կատարվածի մասին: Նրանցից  ոչ ոք տեղյակ  չէր, թե ինչ է լինելու ԲՀԿ նախարարական պորտֆելների հարցը: ԲՀԿ  ղեկավար կազմի  անդամներից շատերը նույնպես լրագրողներին անթաքույց կերպով ասում էին, որ իրենք տեղյակ չեն Ծառուկյանի որոշումից: Մեր տեղեկություններով, երեկ ողջ օրը ԲՀԿ-ում բառի բուն իմաստով «սուգ»  էր,  բոլորը շոկի մեջ էին` իրենց առաջնորդի կայացրած «բաց, թափանցիկ» միանձնյա որոշումից, որից հետո, ի դեպ, Ծառուկյանը հանգիստ խղճով թռել է Բելառուս` այդպես էլ անորոշության մեջ թողնելով իր անտեսված թիմին: Ոմանք արդեն շտապում են կանխատեսել, որ այդ քայլից հետո ԲՀԿ-ին սպասում է ՕԵԿ 2006թ. ճակատագիրը, երբ վերջինս իշխանությունից անցում կատարելով ընդդիմություն` կորցրեց իր թիմակիցների զգալի մասին: Նշենք, որ այդ ժամանակ ՕԵԿ-ից «թռնողներից» ոմանք հանգրվանել են ԲՀԿ-ում, եւ ներկայում առանձնակի սթրեսի մեջ են: Ի դեպ, ԲՀԿ հնաբնակներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ իրենց մինչեւ վերջին պահը պահեցին անտեղյակության մեջ, իսկ ահա` «երեկ մեկ, էսօր երկուս» ԲՀԿ-ական դարձած Վարդան Օսկանյանը, փաստորեն, ի սկզբանե տեղեկացված էր սպասվող սցենարից:




Լրահոս