ԱԼՅՈՒՐԻ ԳԻՆԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային շուկայում ցորենի գինը թանկանում է, ինչն իր ազդեցությունն է սկսում ունենալ տեղական շուկայի վրա: Հայաստանում ալյուրի շուկայում զգալի թանկացում դեռ չկան, բայց մակարոնեղենը սկսել է թանկանալ:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանի հետ: «Կատարված մոնիթորինգի տվյալների համաձայն՝ բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ն գերիշխողների մոտ մայիսի 16-ին եղել է 220 դրամ, իսկ երեկ արձանագրվել է 222,5 դրամ: 50 կգ պարկի մեջ 100 դրամի թանկացում է արձանագրվում, այսինքն՝ 11.010-դրամանոց այլուրի մեկ պարկը դարձել է 11.110 դրամ»,-տեղեկացրեց նա:
Իսկ էքստրա տեսակի ալյուրի 1 կգ-ն 306-ից դարձել է 309 դրամ: ՏՄՊՊՀ-ի կողմից արձանագրվել է 2,25 եւ 3 դրամի տատանում, որը հանձնաժողովի համար վարույթ սկսելու հիմք չի կարող լինել, քանի որ տարադրամի փոխարժեքի փոփոխություն կա երկրում, որը ներկրվող ապրանքների վրա որոշակիորեն կանդրադառնա: Գ. Սահակյանի խոսքերով՝ հանձնաժողովն ալյուրի շուկան պահում է վերահսկողության տակ, որպեսզի անբարեխիղճ տնտեսվարողները չարաշահումներ իրենց թույլ չտան:
ՏՄՊՊՀ-ի տվյալներով՝ գերիշխող մակարոնեղենի շուկայում առայժմ տարբերություն չկա. «Միգուցե հին խմբաքանակն են վաճառում, կամ դեռ չեն ներկրել»:
«Ենթադրելի է, որ այդ թանկացումը հացամթերքի գների վրա չի ազդի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ազդելու դեպքում հանձնաժողովի նախագահի հրահանգով խումբ կստեղծվի եւ կուղարկվի ստուգումների:
 «Գնագոյացման ամբողջ մեխանիզմը մենք պահանջում ենք: Միգուցե կան օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներ: Եթե միջազգային գնաճը համահունչ է տեղական գնաճին, այս դեպքում ընթացք չի տրվում: Իսկ հակառակ՝ անհիմն գնաճի դեպքում տուգանք է կիրառվում տվյալ տնտեսվարողի հանդեպ»,-պարզաբանեց Գ. Սահակյանը:
Իսկ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ ալյուրի գնի թանկացման պատճառը միայն շուկայի գերկենտրոնացումն է: «Եթե մի մարդ մի ձեռնարկություն է թելադրում, ուրեմն բնական են այդ թանկացումները: Իրենք չակերտավոր հիմնավորումներ ունեն, ասում են՝ բորսաներում գնի թանկացում է: Բայց դա արդարացում չէ, որովհետեւ բորսայում ե՛ւ բարձրանում է, ե՛ւ իջնում, իսկ մեզ մոտ միայն բարձրանում է: Մի խոսքով, հիմնական պատճառը անպատժելիությունն ու անվերահսկելիությունն է»,-հիմնավորեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ ըստ օրենքի՝ շուկայում 30 տոկոսից ավել տեղ գրավելը հանցագործություն չէ, բայց 30-ից սկսած՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի ֆինանսական հոսքերի վրա: «Իրենց վերահսկելու համար երկու մարմին կա ստեղծված՝ ՏՄՊՊՀ-ն եւ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Եթե նրանք հետեւողական լինեին, ապա մենք նման պատկեր չէինք ունենա»,-վստահեցրեց Պողոսյանը:
Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Սպառողների միությունը, որպեսզի պայքարի ալյուրի գնի բարձրացման դեմ, նախագահը պատասխանեց. «Մեզ մնում է միայն ինքնահրկիզումը փորձել»:
 «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ալյուր ներկրող «Արմաշ» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է թանկացել ալյուրը. «Դուք նայե՛ք դոլար-դրամ հարաբերությունը, որովհետեւ հումքը տեղական չէ: Ձեռնարկությունները ճշտում են կուրսը, բոլոր դրամային գները համեմատում են դոլարի կուրսի հետ, ու դրվում է նոր գին: Դա չի նշանակում թանկացում: Սա դրամի կուրսի անկում է»,-մեկնաբանեց Գ. Նիկողոսյանը: Նա չկարողացավ կանխատեսել՝ հետագայում գնաճ կլինի, թե ոչ. «Աստված չի կարող ասել, թե վաղն ինչ կլինի, քանի որ ամբողջ աշխարհում ճգնաժամ է, եւ օրական բաներ են փոխվում»:
Իսկ «Մանչո գրուպ»-ի տնօրեն Վանիկ Մոսոյանը բոլորովին այլ կարծիքի է. «Ալյուրը չի թանկացել: Ընդամենը դոլարի կուրսն է բարձրացել: Ալյուրի գինը ցորենի թանկացման հետ բացարձակապես ոչ մի կապ չունի»: Նրա կարծիքով՝ մակարոնեղենի գնի վրա կազդի ալյուրի գնաճը, բայց չնչին. «Մանրածախի դեպքում վաճառողներն ու հատկապես մենք ուզում ենք առայժմ դիմանալ գների աճին ու պահել նույն մակարդակի վրա»: Բայց պարոն Մոսոյանը մտավախություն ունի, որ դեռ գնաճ կլինի. «Հույս ունենք, որ երբ բերքահավաք սկսվի, կարող է ցորենի գների անկում լինել: Չնայած Ռուսաստանում երաշտ է, բայց ամեն դեպքում առաջիկա երկու ամսում նոր կերեւա»:
Նշենք, որ, օրինակ, «Դիվելլա» տեսակի մակարոնը տարբեր սուպերմարկետներում տարբեր գներ ունի. որոշ տեղերում 10 դրամով թանկ են վաճառում: Այսինքն՝ գործարար Մոսոյանի հավաստիացումներն առ ոչինչ են:
Իսկ ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ ամեն համապետական ընտրությունից հետո Հայաստանում ալյուրի, շաքարի եւ կարագի գինն անմիջապես բարձրանում է: Դիտմամբ, թե պատահմամբ մայիսի 6-ի ընտրություններից հետո ալյուրի գնի բարձրացումը փոքր-ինչ «հետաձգվեց»: Ըստ շշուկների՝ բոլոր գործարարներին հրահանգված է եղել չբարձրացնել ալյուրի գինը, որպեսզի հացը չթանկանա: Սակայն գործարարները գերադասում են գերշահույթ ստանալ, քան լսել իշխանության հորդորները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս