ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՈՐՑՐԵՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացիները երեկ վաղ առավոտյան հավաքվել էին նախագահական առանձնատան մոտ՝ իրենց խնդիրների մասին Սերժ Սարգսյանին տեղեկացնելու: Այդ մարդիկ արդեն 10 տարի է, ինչ պայքարում են իրենց գնած բնակարաններին տեր կանգնելու համար, սակայն ապարդյուն: «Տոնուս» ընկերությունը ոչ նրանց վճարած գումարն է վերադարձնում, ոչ էլ բնակարան է տալիս. դրանք գրավադրված են «Արցախբանկում»: Ու փոխանակ իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր կատարվեն, երեկ անմիջապես «դեպքի վայր» հասավ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ մարդկանց այդ հատվածից հեռացնելու անթաքույց մղումով: «Այսինքն՝ մե՞նք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել: Պարզ ասեմ՝ ով ստեղ մնաց, իրանցը չեմ լուծելու»,-ահա այսպես սպառնալով Հովսեփյանը խմբված մարդկանց ուղղորդեց դեպի նախագահի նստավայր՝ իր աշխատասենյակ: Սակայն ընդունեց ընդամենը 6 հոգու, որոնք բոլորն էլ դժգոհ դուրս եկան: «Նա մեզ ասեց՝ 1 ամիս սպասեք, բայց մենք չենք ուզում սպասել: Էլ ինչքա՞ն սպասենք: Այսօր արդեն մամուլի ասուլիս ենք անելու: Պետք է պայքարենք»,-«Ժողովուրդ»-ին ասաց Հովսեփյանի աշխատասենյակից դժգոհ դուրս եկած քաղաքացին:

 

 

 
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում այս տարվա հունվարին տեղի է ունեցել 124մլրդ դրամի առեւտրաշրջանառություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4.6 տոկոսով: ԱՎԾ-ն նաեւ պարզաբանել է, որ այս տվյալները ներկայացված են ընթացիկ գներով: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2013թ. ընթացքում տեղի է ունեցել 5.8 տոկոս գնաճ, նշանակում է՝ իրականում ՀՀ ապրանքաշրջանառությունը նվազել է: Ավելին՝ նույն տրամաբանությամբ խնդրին մոտենալու դեպքում պարզվում է, որ բավականին նվազել է մանրածախ առեւտրի շրջանառությունը: Ըստ ԱՎԾ հրապարակման՝ 2013թ. հունվարի համեմատ այս տարվա առաջին ամսում մանրածախ առեւտրի շրջանառության ծավալները նույնն են. 0.3 տոկոսով է ավելացել: Իսկ գնաճի գործոնը հաշվի առնելով ստացվում է, որ իրականում այն 5.5 տոկոսով նվազել է: Այս ցուցանիշը տեղի է ունեցել ՀՀ բնակչության թվի եւ գնողականության նվազման հետեւանքով:

 

 

 

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում քանի կուսակցություն է գրանցվել եւ նույն ընթացքում քանիսը` լուծարվել: Մեզ փոխանցված պաշտոնական պատասխանում նշվում է, որ «2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն: 2009 թվականին գրանցվել է 1 կուսակցություն, 2011-ին՝ 4 կուսակցություն, 2012-ին՝ 3 կուսակցություն, 2013-ին՝ 3 կուսակցություն: 2009 թվականից մինչեւ 2014 թվականը լուծարվել է 8 կուսակցություն»: Այսպիսով` կարելի է արձանագրել, որ կուսակցական բիզնեսը քաղաքականության մեջ այլեւս եկամտաբեր չէ: Նախկինում սնկի պես աճող մարդ-կուսակցությունների պահանջարկը նվազել է: Փոխարենը մեր օրերում ձեւավորվել է քաղաքական նոր բիզնես մշակույթ. տեղից վեր կացողը ինտերնետային կայք է բացում: Այդպես ե՛ւ իրեն է մատուցում՝ իբրեւ հայտնի գործիչ, ե՛ւ գումար վաստակում տարբեր ճանապարհներով՝ հընթացս պղտորելով ազատ խոսքի մասին պատկերացումները:

 

 

 
Ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնական հայտարարագրում նաեւ խորհդային ռուբլիների մասին է նշել: Ինչո՞ւ եք հաշվարկել նաեւ գոյություն չունեցող փողերը: «Ժողովուրդ»-ի այս հարցին նախարարը պատասխանեց. «Այն, ինչ կուտակել եմ, իմ արդար քրտինքով եմ կուտակել: Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից տարեցներին որոշակի փոխհատուցում է տրվում սովետական ռուբլու դիմաց: Վաղը- մյուս օրն էլ կասեին, որ ունեիր, ինչո՞ւ չէիր հայտարարագրել»: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ ինքը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ: «Ապրում եմ համեստ կյանքով, հիմա էլ խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետեւ իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով ոչ շատ հարմարավետ մի բնակարան է»:

 

 

 

 

ԹԱՆԿ ԳՆՈՎ

Եվ այսպես` մարտի 16-ին հայտարարված Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեին մնացել է ընդամենը երեք օր: Եվ եթե մինչ այս դեռ աղոտ հույսեր կային, որ գերտերություններին, այդուհանդերձ, կհաջողվի փոխհամաձայնության եզրեր գտնել, ապա հիմա արդեն իսկ պարզ է, որ Ռուսաստանը գնալու է մինչեւ վերջ, եւ Ուկրաինան կորցնելու է Ղրիմը:
Երեկ արդեն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե «չնայած Ղրիմում անցկացվող հանրաքվեն մեծ կեղծիք է, Ուկրաինան Ղրիմի համար չի պատերազմի թվով իրեն մեծապես գերազանցող Ռուսաստանի հետ, քանի որ դա երկրի արեւելյան սահմանները անպաշտպան կդարձնի»: Տուրչինովի այս հայտարարությունը, թերեւս, կարելի է գնահատել որպես Ղրիմը կորցնելու մտքի հետ հաշտվելու դրսեւորում: Թեեւ` չի բացառվում, որ երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելուց հետո նա վերադառնա այլ տրամադրությամբ եւ Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումն այդ հարցի շուրջ փոխվի:
Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է. Ղրիմի անջատումը Ուկրաինայից Ռուսաստանի վրա էժան չի նստելու: Երեկ ԵՄ երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որով նախատեսվում է մուտքի արգելք եւ հաշիվների սառեցում այն անձանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության խախտման համար: Իսկ ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ոչ միայն կոնկրետ անձանց եւ ընկերությունների հաշվեհամարների, այլեւ ռուսական բանկերի գործունեության սահմանափակման մասով` նպատակ ունենալով Ռուսաստանի տնտեսությունը մեկուսացնել դոլարային համակարգից:
Երեկ ընդունած համատեղ հայտարարությամբ Ռուսաստանին սպասվելիք հակաքայլերի մասին զգուշացրել են նաեւ Մեծ յոթնյակի երկրները` նշելով, որ «եթե Ռուսաստանը շարունակի Ղրիմի անջատմանն ուղղված իր գործողությունները, ապա իրենք կդիմեն ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ քայլերի»:
Այս ամենը, սակայն, առանձնապես չի մտահոգում ՌԴ իշխանություններին: Պետդուման արագացված կարգով օրենսդրական փոփոխություն է իրականացնում` ՌԴ կազմում Ղրիմն ընդգրկելու գործընթացի դյուրացման համար, իսկ ռուս քաղաքական գործիչներն էլ Արեւմուտքին կոչ են անում լավ մտածել պատժամիջոցներ կիրառելուց առաջ: Ասել է թե` Ռուսաստանը պատրաստ է կրել սպասվելիք բոլոր հարվածները:
Մինչդեռ հաջորդ շաբաթ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրող Ուկրաինային չի փոխհատուցի ո՛չ ԵՄ տրամադրած ֆինանսական աջակցությունը, ո՛չ էլ եվրոպական բարեկեցության հեռանկարը: Փաստը մնում է փաստ` այդ երկիրը կորցրեց իր տարածքի մի զգալի մասը, ճիշտ այնպես, ինչպես Վրաստանը` Հարավային Օսիան եւ Աբխազիան: Արդյոք Մայդանում պայքարող ժողովուրդը պատրաստ էր նման գնով հաղթանակի` դժվար է ասել:

 

 




Լրահոս