ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում
Երեկ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հավաքվել էին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Մասնակիցների թվում կային ուսանողներ, այնտեղ էր նաեւ համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արմեն Դարբինյանի գլխավորությամբ: Ի դեպ, նա ադեկվատ համարեց նախաձեռնության անդամների քայլը` ի տարբերություն այլ բուհերի ռեկտորների, մասնավորապես ԵՊՃՀ ռեկտորի: Նախաձեռնության անդամներից մեկը նշեց, որ բուհական նմանատիպ հանդիպումները շարունակվելու են:
ՀԱՐՑ. Եթե աշխատողը 4-5 տարի աշխատել է եւ արձակուրդ չի գնացել, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարելի է վարվել, որպեսզի աշխատանքային օրենսգրքի հոդված 167-ի 3-րդ մասի խախտում չլինի:
Լիլիթ Գրիգորյան (43 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գործող Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը»: Սա նշանակում է, որ այսուհետ աշխատողի ամենամյա արձակուրդը տեղափոխելուց պետք է այդ ժամանակահատվածի սահմանափակումը հաշվի առնեք: Այսինքն` աշխատողի` տարիներ շարունակ տեղափոխված արձակուրդը պետք է հնարավորինս արագ տրամադրեք եւ մարեք այդ պարտքերը:
«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ օրենքով սահմանված է, որ գործատուները հնարավորինս շուտ մարեն կուտակված արձակուրդային պարտքերը, միեւնույն է՝ նման հարցերը գրեթե միշտ արդիական են եւ անլուծելի:
ՀԱՐՑ. Տղաս ժամկետային զինծառայող է: Լսել եմ, որ մենք կարող ենք բնակարանի գույքահարկ չվճարել: Խնդրում եմ ասեք, այս դեպքում բնակարանի համար վճարվող գույքահարկի համար որեւէ արտոնություն սահմանված է, թե ոչ:
Լիդա Պետրոսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ըստ որի՝ գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք՝
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող՝ հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի ու շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ նույն մասի 1-ին կետում նշված՝ գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին:
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ ժամկետային զինծառայության մեջ գտնվող անձը գույքահարկ չվճարելու իրավունք ունի: Կարծում ենք, որ այս պարզաբանումը շատերին կօգնի գույքահարկից ժամանակավոր ազատվելու հարցում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ում կողմից է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրվում անհատույց օգտագործման: Եվ խնդրում եմ ասեք` ի՞նչ կարգով է պետական գույքը վարձակալության տրվում:
Սահակ Միլիտոնյան (47 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որով կարող են սահմանվել նաեւ անհատույց օգտագործման տրամադրման այլ պայմաններ: Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` օգտագործողի հետ կնքելով նաեւ սպասարկման պայմանագիր:
Ինչ վերաբերում է վարձակալության կարգին, ապա տեղեկացնում ենք, որ պետական գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի եղանակով կամ աճուրդով` ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինությանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125-Ն որոշմամբ հաստատված կարգով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե մեզ դիմած քաղաքացին ունի տարածք, որը ցանկանում է վարձակալության տալ, ապա նա ունի երկու տարբերակ. կամ պետք է հանձնի վարձակալության, կամ էլ աճուրդի հանի: