ՕՐԵՆՔ՝ ՏԱՐՈՆԻ ՓԽՐՈՒՆ ՈՒՍԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում շարունակվեց քննարկվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով, ըստ էության, նախատեսվում է բարձրացնել մայրաքաղաք Երեւանի հասարակական տրանսպորտի սակագինը: Այս օրինագծով նախատեսված է հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության, իսկ իրականում բարձրացման որոշման իրավասությունը տալ Երեւանի ավագանու 65 անդամներին: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հասկանալով, որ չի կարողանալու միանձնյա որոշել տրանսպորտային սակագների հարցը, որոշել է դիմել ՀՀ կառավարության աջակցությանը, երկրորդ անգամ հրապարակավ չխայտառակվելու համար: Ինչպես երեկ ԱԺ-ում նկատեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «ՀՀ կառավարությունը հասկացել է, որ այդպիսի հզոր հասարակական ճնշումները շատ են գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար: Եվ նա որոշել է այդ ճնշումները ցրել ավագանու անդամների միջեւ»: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանն իր ընտրությունից 2 ամիս առաջ հրապարակավ խոստացել է չբարձրացնել տրանսպորտի սակագինը, սակայն, կարծես թե, անկարող է տեր կանգնել իր խոստմանը:

 

 

 

Դեռեւս 2013թ. տեղեկություններ էին տարածվել, թե «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն, եւ չէր բացառվում, որ նա ինչ-որ մասով կկորցնի սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթելյանից ժամանակին «վերցրած» «Ջերմուկ գրուպը»: Նշվում էր, որ ընկերությունը նաեւ հարկային եւ այլ պարտավորությունների հետ կապված խնդիրներ ուներ: Եվ ահա վերջերս ընկերության սեփականատիրոջ շուրջ բարձրացված աղմուկը որոշ չափով «միս ու արյուն» ստացավ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2014թ. փետրվարի 16-ին «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Անաստաս Արսենյանը 10 փոխադրման ամփոփագրով Բավրայի մաքսակետով Հայաստան Է ներմուծել գյուղատնտեսական ապրանքներ, որոնք այդպես էլ չի հայտարարագրել: Արդյունքում պատգամավոր Արսենյանի եղբայրը տուգանվել է 50.000 դրամով:

 

 

 
Երեկ տեղեկացրել էինք, որ «Տոնուս» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանից տուժած քաղաքացիներն արդեն 10 տարի է` փորձում են կա՛մ իրենց տված գումարները վերադարձնել, կա՛մ էլ բնակարաններ ստանալ: Սակայն դեռ որեւէ արդյունքի չեն հասնում: «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել՝ արդյոք ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է իր պատգամավորների գործունեության համար: «Պատգամավորի քաղաքական գործունեությունը չի կարող չլինել կուսակցության քննարկման առարկա»: Իսկ ինչո՞ւ Ա. Տոնոյանի գործունեության համար պատասխանատվութուն չեք կրում. մարդիկ փողոցում են հայտնվել նրա խաբեությունների պատճառով: Այս հարցին ի պատասխան` ԲՀԿ խոսնակն ասաց. «Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Որեւէ մեկի տնտեսական գործունեության վերաբերյալ կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել»:

 

 

 

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր երկար ժամանակ է, ինչ պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը, հայտնվել են անելանելի վիճակում: Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս գնացել են «Արմավիա»-ի գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինժեներներից մեկը զայրացած պատմեց. «Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին: Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»: Սա տեսնելուց հետո հուսահատ քաղաքացիները գնացել են ՀՀ կառավարություն եւ հանդիպում պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն այդպես էլ նրանց ոչ ոք չի մոտեցել: Նույնիսկ կառավարության նամակների եւ բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ինժեներից տեղեկացանք նաեւ, որ ընկերությունը միայն մի օդաչուին՝ Ավագ անունով, 18 մլն դրամ գումար է պարտք:

 

 
ՊԵՏՔ Է ՁԳՁԳԵԼ

Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններն այսօր փորձաքար են դարձել ոչ միայն կոնկրետ դերակատար երկրների, այլեւ Ռուսաստանի հետ այս կամ այն կերպ կապված պետությունների համար: Եվ այդ առումով բավականին ուշագրավ է Ռուսաստանի հետ մերձավորագույն հարաբերություններ ունեցող երկրների` Մաքսային միության անդամներ Ղազախստանի եւ Բելառուսի դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված Ռուսաստանի քաղաքականության շուրջ:
Եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչ օրս խուսափել է բաց տեքստով կողմերից որեւէ մեկին սատարող կամ քննադատող հայտարարություններ անելուց, ապա Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը միանգամայն ուղիղ ձեւով հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սատարելու մասին: Ընդ որում` Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցից հետո այդ դիրքորոշումը նա ամրագրել է նաեւ Անգելա Մերկելի հետ զրույցում: Բանն այն է, որ Ղազախստանում լուրջ «մտահոգություններ» ունեն առ այն, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է նույն մեխանիզմը կիրառել նաեւ Ղազախստանի նկատմամբ` պառակտողական քաղաքականությունն իրագործելով երկրի հսկայական ռուսալեզու եւ ՌԴ անձնագրեր ունեցող բնակչության միջոցով: Ղազախ վերլուծաբաններից շատերը նման հեռանկարը միանգամայն հավանական են համարում Եվրասիական միությանն անդամակցությունից Նազարբաեւի հրաժարվելու դեպքում:
Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահին, թեեւ նա իր հրապարակային չեզոքությունը փորձում է հիմնավորել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ ունեցած հավասարապես սերտ տնտեսական հարաբերություններով, այդուհանդերձ` դիտորդների աչքից չի վրիպում այն փաստը, որ Բելառուսի իշխանական լրատվամիջոցներում նկատելի է Ռուսաստանի հասցեին տողատակերով հնչեցվող քննադատությունը:
Այսպիսով` կարելի է արձանագրել, որ Մաքսային միության երեք անդամների միջեւ արդեն իսկ առկա է առայժմ չբարձրաձայնվող ներքին հակասություն, որը հետագայում կարող է պատճառ հանդիսանալ հարաբերությունների է՛լ ավելի սառեցման, անգամ` խզման: Եվ ահա այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները, փոխանակ հնարավոր բոլոր միջոցներով երկարաձգեն Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, Սերժ եւ Տիգրան Սարգսյանների գործուն ջանքերով անում են ճիշտ հակառակը:
Պարզ է, որ դա արվում է շատ կոնկրետ ճնշումների ներքո, սակայն նույնքան ակնհայտ է եւ այն, որ ցանկության դեպքում հնարավոր է գտնել ելքեր, ընդ որում` միանգամայն համոզիչ, Մաքսային միությանն անդամակցության գործընթացը երկարաձգելու համար: Եթե, իհարկե, խոսքը Սերժ Սարգսյանի վրա գործադրված անձնական բնույթի ճնշումների մասին չէ:

 

 




Լրահոս