Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ուկրաինան խնդրանքով դիմել է միջազգային ֆինանսական շատ կառույցների, այդ թվում՝ միջազգային արտարժույթի հիմնադրամին՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար աջակցություն ցուցաբերելու։ «Եվ հիմնադրամը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը իրավիճակին ծանոթանալու նպատակով ուղարկել են իրենց տնտեսագետներին, փորձագետներին, որոնք կօգնեն Ուկրաինային իրականացնել տնտեսական բարեփոխումներ եւ հաղթահարել տնտեսական ճգնաժամը»,-նշեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
-Պարոն դեսպան, երբ 2008թ. ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց իր տարածքների մի մասը` Հարավային Օսիան եւ Աբխազիան, Արեւմուտքն, ըստ էության, ոչինչ չարեց, մի կողմ քաշվեց։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ուկրաինայի դեպքում էլ, ի վերջո, արդյունքը նույնը լինի:
-Ես չեմ մեկնաբանի Վրաստանի իրադարձությունները. դա իմ կոմպետենցիան չէ, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ես եւս մեկ անգամ հաստատում եմ, որ Ուկրաինան դիմել է ողջ միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք միջնորդ դառնան Ուկրաինայում ստեղծված իրադրության կարգավորման հարցում։
-Շատ պաշտոնատար անձինք ասում էին, որ Ուկրաինայում նման իրավիճակ չի ստեղծվի։ Ընդհանրապես իրերի, դեպքերի նման զարգացում ենթադրվո՞ւմ էր։
-Ուկրաինայում ստեղծված տնտեսական իրավիճակը, Եվրամիության հետ պայմանագրի չստորագրումը եւ կոռուպցիան, որը ներառել էր իշխանություններին` վերեւից ներքեւ, այդ ամենը բերեց բողոքի շարժումների, ու մարդիկ դուրս եկան Մայդան։ Մարդիկ, ովքեր դժգոհ էին իշխանությունների տնտեսական, սոցիալական քաղաքականությունից, իրականացվող բարեփոխումներից եւ, առաջին հերթին, Եվրամիության հետ պայմանագիրը չստորագրելուց։ Այսինքն՝ բողոքը կրում էր ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական ու սոցիալական բնույթ։
-Խոսեցիք կոռուպցիայի մասին, ուկրաինացիները միայն հիմա՞ իմացան, որ իշխանությունները կոռումպացված են։ Ի վերջո, չէ որ եթե չլինեին Ռուսաստանի ճնշումները, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը նույն Յանուկովիչն էր ստորագրելու, որի կոռումպացվածության ապացույցներն այս օրերին հեղեղել են ողջ համացանցը:
-Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում են իրավապահ մարմինները, բայց եթե իրենք էին կոռումպացված, ինչպե՞ս կարող էին պայքարել կոռուպցիայի դեմ։ Այնպես որ՝ կոռուպցիան եղել է, այն անհրաժեշտ է արմատախիլ անել, եւ դրա համար եղել են եւ կան իրավապահներ, որոնց պայքարը եղել է անարդյունավետ։ Կան տվյալներ, որ բյուջետային եւ այլ միջոցները դուրս են բերվել արտերկիր, օֆշորային գոտիներ։
-Ուկրաինայի ռուսալեզու մասը՝ մասնավորապես Ղրիմը, իրեն Ռուսաստանի հետ է պատկերացնում, բայց Մայդանի մեթոդներով չասաց իր խոսքը։
-Ինչպես ասացի, Մայդանի բողոքն ուներ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ուրիշ շարժառիթներ։ Եվ երկրորդը՝ այսօր Ղրիմում անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ բնակչության կեսից ավելին եվրաինտեգրման կողմնակից է։ Բացի այդ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ինչպես 2010 թվականի նախագահական, այնպես էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, հստակ արտահայտվում էին եվրաինտեգրման օգտին։ Իսկ Ուկրաինայի եվրաինտեգրացումն ամրապնդված է երկրի հիմնական արտաքին քաղաքական ուղղությունների վերաբերյալ օրենքով, որը քվեարկվել է բնակչության բոլոր շերտերը ներկայացնող պատգամավորների կողմից։
-Ձեր գնահատմամբ՝ տնտեսական, ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու հարցում Եվրոպան Ուկրաինային կօգնի՞:
-Ուկրաինան դիմել է միջազգային ֆինանսական շատ կառույցների, այդ թվում՝ միջազգային արտարժույթի հիմնադրամին՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար աջակցության խնդրանքով։ Եվ հիմնադրամը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն իրավիճակին ծանոթանալու նպատակով ուղարկել են իրենց տնտեսագետներին, փորձագետներին, որոնք կօգնեն Ուկրաինային իրականացնել տնտեսական բարեփոխումներ եւ հաղթահարել տնտեսական ճգնաժամը։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ
ԲՀԿ-ն, սովորաբար, անտարբեր չէ իր կուսակից պատգամավորների գործունեության նկատմամբ: Սակայն երբ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը՝ Տոնուսը, ավելի քան 160 քաղաքացու փողոց նետեց, կուսակցությունը, տարօրինակ կերպով, լռում է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:
-Պարոն Ուրիխանյան, Ձեր կուսակցությունը պատասխանատվություն կրո՞ւմ է ԲՀԿ-ական պատգամավորի գործունեության համար:
-Պատասխանատվությունը, գտնում եմ, տեղին չէ, բնականաբար, պատգամավորի քաղաքական գործունեությունը չի կարող չլինել կուսակցության քննարկման առարկա: Բնական է:
-Երբ Ձեր կուսակցության պատգամավորներից որեւէ մեկն ինչ-որ տհաճ պատմության մեջ է ընկնում Դուք անմիջապես հայտարարություն եք տարածում: Օրինակ՝ Գյումրիի դեպքերը Մարտուն Գրիգորյանի հետ կապված, հայտարարեցիք, որ նա կապ չունի այդ ամենի հետ: Կամ քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանին նույնպես պաշտպանեցիք:
-Ես տվել եմ լրագրողներին հետաքրքրող հարցերին պատասխաններ, մեկնաբանություններ:
-Շատ լավ, պարոն Ուրիխանյան, իսկ ի՞նչ կասեք Ձեր նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի պահվածքի մասին. լինելով պատգամավոր՝ իր լծակներն օգտագործեց, շինթույլտվություններ ստացավ, մեծ չափի գումարներ վերցրեց բանկերից, բայց հիմա ավելի քան 160 քաղաքացու փողոց է շպրտել:
-Աշոտ Տոնոյանը ԲՀԿ պատգամավոր չէ այլեւս: Ինչ վերաբերում է իր տնտեսական գործունեությանը, ապա այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հարյուր հազարավոր մարդիկ եւ յուրաքանչյուրի գործունեությունը կարգավորում է ՀՀ սահմանադրական դաշտը:
-Հիմա խաբված քաղաքացիների համար ԲՀԿ-ն պատասխանատվություն չի՞ կրում:
-Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն, օրենքով սահմանված կարգով: Որեւէ մեկի տնտեսական գործունեության վերաբերյալ կուսակցությունը, բնականաբար, չի կարող ոչ պատասխանատվություն կրել, ոչ էլ՝ այդ պատասխանատվության խոսակցությունները կարող են տեղին լինել: Թե որ տարիներին է արել, ինչ է արել, ինչով է զբաղվել, ինչ հետեւանքներ է առաջացրել, դրա համար գոյություն ունեն օրենքներ սեւով սպիտակի վրա գրված: Որեւէ մեկը օրենքից դուրս չպետք է լինի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
«Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր ձեռքի տակ ունի ՀՀ արվամոլ պաշտոնյաների անունների ցուցակը, որը տարիներ առաջ իրեն է հանձնել «Հայ արիներ»-ի ղեկավար Արմեն Ավետիսյանը:
Armlur.am-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք հրապարակել ցուցակը, Իսագուլյանը պատասխանեց, որ դա էթիկապես ճիշտ քայլ չի լինի իր կողմից: «Դա ուրիշի փաստաթուղթ է: Արմենն ինձ էր փոխանցել, որ ես էլ փոխանցեմ նախագահին: Ես մտածում եմ, որ իմ կողմից պարկեշտ չի լինի նման բան անելը, որովհետեւ դա, ըստ էության, փաստաթուղթ է, որը Արմեն Ավետիսյանինն է: Բայց, չնայած այն հանգամանքին, որ դա իմ ձեռքում է, եւ ես գիտեմ դրա բովանդակությունը, դա ինձ իրավունք չի վերապահում օգտագործել այն»,- ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ դա նաեւ չարաշահում է մարդկանց վստահությունը: Նրա խոսքերով՝ փաստաթուղթն իրեն է հանձնվել պարզապես նախագահին (այն ժամանակ` Ռոբերտ Քոչարյանին) փոխանցելու համար:
Իսագուլյանը հայտնեց նաեւ, որ այդ թեմայով զրուցել է նախագահի հետ, եւ ինքն էլ նշել է, որ անձամբ նպատակահարմար չի գտնում հրապարակել, քանի որ, ըստ Իսագուլյանի, դա հաստատված փաստ չէ, իսկ ցանկն ունենալը կարող է մարդկանց մոտ տրամադրվածություն առաջացնել իր նկատմամբ: «Ցանկը շատ տարողունակ է: Նախագահն էլ գտավ, որ, թերեւս, ճիշտը չհրապարակելն է»,-ասաց Իսագուլյանը:
Իսագուլյանից հետաքրքրվեցինք նաեւ իր մեկ այլ առաջարկության մասին: Ի՞նչ ընթացք ու ավարտ ունեցավ ՀՀ երեք նախագահներին մեկ սեղանի շուրջ հավաքելու մասին Իսագուլյանի առաջարկը: Armlur.am-ի այս հարցին «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահն ասաց, որ հանրապետությունում հիմա ամեն մեկը որոշակի հոգսերով է տարված, բայց ինքն իր հույսը չի կորցնում, որ հանդիպում կարող է կազմակերպել:
«Հիմա արձագանք չկա, ինքներս էլ սառեցրել ենք հարցի քննարկումը: Արձագանքներ ժամանակին եղել են: Հիմա ավելի կարեւոր գործեր են քննարկվում. իհարկե, դա նույնպես կարեւոր է եւ կարող էր վճռորոշ լինել»,-եզրափակեց Իսագուլյանը: Թե որն է առավել կարեւոր գործը, Իսագուլյանն այդպես էլ չմանրամասնեց: