«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, անդրադառնալով Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, մասնավորապես նշել էր. «Մոսկվայում Փարաջանովի երեկոն անում են վրացիները, Կաննի երեկոն՝ ուկրաինացիները, իսկ հայերը, դժբախտաբար, էշի ականջում քնած են»։ Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե ծիրան»-ը նվիրված է լինելու Ս. Փարաջանովի 90-ամյակին։
Մեր հարցին՝ արդյոք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված կինոնկարի ընտրության ու ֆինանսավորման հարցը ձգձգելը «էշի ականջում քնել չէ», պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Անցյալ տարվա ամռանը՝ «Ոսկե ծիրան»-ի ժամանակ, հայտարարվեց սցենարների մրցույթ, առաջարկվեցին լիամետրաժ ֆիլմերի սցենարներ, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի համապատասխան պետական հանձնաժողովը։ Եվ դա կարվի մայիսի վերջերին»։ Շատերի կարծիքով՝ դա արդեն ուշացած կլինի. նման նախագծերի իրականացման համար առնվազն 2-3 տարի է անհրաժեշտ: Հարություն Խաչատրյանը, սակայն, այդ կարծիքին չէ. «Եթե նույնիսկ մայիսին որոշում կայացնեն, կհասցնենք 1915 թվականին ունենալ ֆիլմ Ցեղասպանության մասին։ Կարելի է լիամետրաժ ֆիլմ նկարել 8-10 ամսում, բայց, իհարկե, շատ դժվար կլինի։ Կան, օրինակ, 20-25 միլիոն դոլար արժեցող նախագծեր, եւ բնական հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է ֆինանսավորեն այս սուղ պայմաններում։ Գուցե կան նաեւ ավելի էժան սցենարներ, որոնցից տեղյակ չեմ։ Ես գիտեմ նաեւ, որ դրսում են նկարում՝ նույնիսկ ոչ հայերը»։ Ռեժիսորը համոզված է, որ մեր արդարացի պահանջը տեղ հասցնելու հարցով մտահոգ մարդիկ վաղուց են զբաղվում այդ գործով։ Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան»-ին, ապա արդեն չորս տարի իրենք փորձում են գումար հայթայթել եւ համատեղ ֆիլմեր նկարահանել Ցեղասպանության մասին։ Նույնիսկ ֆինանսավորել են թուրք ռեժիսորին, որպեսզի նա իր պապի հայ լինելը բացահայտող վավերագրական ֆիլմ նկարի. «Պապին տարել-թաղել են չոլերի մեջ, որպեսզի չիմանան՝ հայ է, եւ թոռը նորից բերում, վերաթաղում է պապին իրենց գյուղում։ 7-8 ֆիլմ էլ նկարահանվել է Ցեղասպանության հետեւանքների մասին։ Հիմա էլ «Փյունիկ» հիմնադրամի հետ հայտարարել ենք Հայոց ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տեւողությամբ խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ, հանձնախումբը կընտրի դրանցից 10-ը, կնկարահանվեն ֆիլմեր: 1-2 ամսից արդեն կսկսենք այդ ֆիլմերի արտադրությունը, որոնք պետք է ցուցադրվեն ե՛ւ 1915թ. մեր փառատոնի ժամանակ, ե՛ւ արտասահմանյան մեր գործընկերների փառատոներում, ինչպես նաեւ կդրվեն «Յութուբ»-ում։ 1915թ. մեր փառատոնն ամբողջությամբ նվիրված է լինելու Ցեղասպանությանը, եւ ամբողջ աշխարհից ենք ֆիլմեր հավաքելու։ Ու լավ կլինի, որ անպայման հայկական ֆիլմ էլ լինի դրանց թվում»։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ՔՈՉԱՐԻ ԱՐԵՎԵԼՈՒՀԻՆԵՐԸ»
Այսօր Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի արեւելուհիները» խորագրով ցուցահանդեսը: Նշենք, որ 2013թ. հոկտեմբերի 22-ին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում` Պոմպիդու կենտրոնում բացվել է «Մոդեռնի բազմազանությունը» ցուցահանդեսը, որում ներառված է եղել նաեւ Երվանդ Քոչարի «Արեւելուհիները» գեղանկարը:
Փարիզյան ցուցադրությունում ընդգրկված են եղել 47 երկրների 1000 արվեստագետներ. այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Պիկասսոն, Լեժեն, Միրոն, Կանդինսկին, Պիկաբիան, Մասոնը, Տատլինը, Մալեւիչը եւ ժամանակի այլ հսկաներ: «Քոչարի արեւելուհիները» ցուցահանդեսում ներկայացվում են ստեղծագործությունների բարձրարժեք վերատպությունները: Ցուցադրությունն ուղեկցվելու է մեկնաբանող տեքստերով եւ տեսաֆիլմով: Այն բաց կլինի մինչեւ ապրիլի 15-ը:
ԴԱՐՁՅԱԼ ՎԻՐԱՀԱՏՎԵԼՈՒ Է
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պլանավորում է եւս մեկ վիրահատություն: Նա հաստատել է, որ պլանավորել է ձվարանների հեռացման վիրահատություն՝ քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ջոլին հեռացրել էր կրծքագեղձերը՝ կրծքի քաղցկեղի առաջացման մեծ ռիսկի պատճառով: Սակայն դերասանուհու գենետիկական անալիզը ցույց է տվել նաեւ ձվարանների քաղցկեղի առաջացման հակում: Դերասանուհին պատմել է, որ շատ է շփվում նման խնդիրներ ունեցող մարդկանց հետ եւ մեծ աջակցություն է ստանում նրանցից՝ հաջորդ փուլը հաղթահարելու համար:
ԿՐԿԻՆ ԿՓՈՐՁԵՆ
«Disney» ընկերությունը եւս մեկ ֆիլմ կնկարահանի Ռեյ Բրեդբերիի «Աղետ է մոտենում» վեպի հիման վրա: Ֆիլմի սցենարի նախնական տարբերակը հանձնարարել են գրել Սեթ Գրեմ-Սմիթին, որի խոսքով` այդ վեպն իր մանկության ամենասիրելի գիրքն է եղել: Նշենք, որ վեպն առաջին անգամ հրատարակվել է 1962թ.: Ավելացնենք, որ 1983թ. «Disney» ընկերությունն արդեն էկրանավորել է գիրքը: Ֆիլմի սցենարի վրա աշխատել է ինքը՝ Բրեդբերին: Ֆիլմը, սակայն, կինովարձույթում հաջողություն չի գրանցել: