ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱԽ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը վերջերս սովորություն է դարձրել՝ այս կամ այն խնդրի վերաբերյալ իր կարծիքը հայտնել որեւէ պետական գերատեսչությունում անցկացրած խորհրդակցությունների ժամանակ: Այս առումով երեկ ՀՀ առողջապահության նախարարության հերթն էր:

Միայն թե, Ս. Սարգսյանն անդրադարձել է ոչ թե Հայաստանում ստեղծված իրավիճակին, ոչ թե տնտեսական մարտահրավերներին, այլ գնահատել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու վերաբերյալ Շվեյցարիայի կառավարության որոշումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դ. Փերինչեքին Շվեյցարիայի դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ այն «միջազգային սուտ» որակելու համար 2008թ. դատապարտել էր տուգանքի ու 90-օրյա պայմանական ազատազրկման, սակայն Եվրոպական դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին արդարացրել էր նրան` համարելով դատավճիռը խոսքի ազատության իրավունքի սահմանափակում: Դրանից հետո Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել ԵԴ որոշումը:
Եվ ահա, Ս.Սարգսյանը երեկ ոգեւորիչ է համարել Շվեյցարիայի կառավարության որոշումը, գնահատել այն «շատ լավ»: «Մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը»,-հայտարարել է նա: Հետո նա գոհունակության խոսքեր է շռայլել Շվեյցարիայի հասցեին` այդ երկիրն անվանելով «միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասսայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երեւույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը»: Ս.Սարգսյանն ասել է, որ իրենք ակնկալում էին` Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի այդ հարցում եւ ակնկալիքներն իրականացել են: «Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը Եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությանը,-ասել է նա ու հավելել,-Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն, որովհետեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դեռեւս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետեւ քննի ըստ էության: Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար եւ չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»:
Փաստորեն, Սերժ Սարգսյանի ուրախությանը չափ ու սահման չկա: Նա այնքան է հրճվել կատարվածով, որ նույնիսկ կոչ է արել` բոլորս պետք է դրական վերաբերմունք հայտնենք այդ որոշման վերաբերյալ: Իհարկե, Շվեյցարիայի կառավարության որոշումն ինքնին դրական երեւույթ է. նրանք հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, նման որոշում են կայացրել եւ նորմալ է, երբ ՀՀ իշխանություններն արձագանքում են դրան: Բայց նկատենք` Շվեյցարիան այդ որոշումը կայացրել է բացառապես իր շահերից ելնելով ու տեղի ունեցածի մեջ ամենեւին չկա Հայաստանի, ՀՀ իշխանությունների դերակատարումը: Ավելին, ժամանակին հայկական դիվանագիտությունը, Սերժ Սարգսյանը «խուլ ու համր» ձեւացան, երբ ՄԻԵԴ-ը բավարարեց Փերինչեքի հայցը` անհիմն համարելով նրա նկատմամբ պատճամիջոցները, այնինչ այսօր Ս.Սարգսյանը ոգեւորվել է կատարվածով:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. վերջին օրերին Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Ղրիմում ստեղծված իրավիճակը, Ուկրաինական ճգնաժամը, այդ ճգնաժամի հետեւանքով ՌԴ-ի դեմ Արեւմուտքի կողմից նախատեսվող պատժամիջոցները, ռուսական ռուբլու վայրիվերումներն իրենց բացասական հետեւանքը կունենան ՀՀ-ի ու տնտեսության վրա:
Այս ամենին գումարվեցին նաեւ Որոտանի հէկ-ի ապօրինի վաճառքն ու դրա շուրջ ակտիվ քննարկումները: Միայն թե, Սերժ Սարգսյանն այս ամենի մասին գերադասում է լռել: Չնայած, մյուս կողմից, դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է ասել Ս.Սարգսյանն այս ամենի մասին: Հո կրկին չի՞ խոստովանելու, որ քաղաքական դաշտում ինքը մնացել է միայնակ, եւ որ հասարակության 80 տոկոսը դեմ է իրեն:
Հ.Գ. Նկատենք, որ այս անգամ Ս. Սարգսյանը Դ. Դումանյանին «Դերո»-ով չի դիմել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«ԼԵՆՏԸ» ՉԿՏՐԵՑ
Երեկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում լրագրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիայի եւ Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարանի բացման արարողությունն էր, որին ներկա էր նաեւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղը)՝ բարերարի կարգավիճակով:
Ստուդիայի սարքավորումները հատկացրել էր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որի հիմնադիրը հենց Բարսեղ Բեգլարյանն է: Վերջինս համալսարան եկավ երկու մեքենաների ուղեկցությամբ (հավանաբար նրա թիկնապահներն էին, որոնց գոյությունը վաղուց Սերժ Սարգսյանը կարծես թե արգելել էր):
Ինչեւէ, համալսարանի շենքի մոտ ղարաբաղյան կլանի ինտելեկտուալ առաջնորդ Բեգլարյանին դիմավորեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Ռեկտորը Բ. Բեգլարյանին «զբաղեցնում» էր համալսարանի պատերին փակցված նկարներով, մինչ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ժամաներ: Բեգլարյանն էլ ստիպված ռեկտորի հետ ուշադիր նայում էր պատերին ու նրա հետեւից քայլում: Իսկ արդեն Հասմիկ Պողոսյանի ժամանումից հետո բոլորը գնացին ստուդիայի բացման «կարմիր լենտը» կտրելու:
Սակայն Բ. Բեգլարյանը ոչ մի կերպ չէր համաձայնվում: «Ես ի՞նչ գործ ունեմ, հենա Վահրամին կանչեք, թող գա կտրի»,-համեստորեն ասաց Բեգլարյանը: Ու այդ պահին ժպտալով «ծանրաձողին» մոտեցավ ՀԺԱՄ կուսակցության ղեկավար Վահրամ Մկրտչյանն ու կտրեց ժապավենը: «Ահա, ես կարամ լավ ծափ տամ»,-իր կարողությունների մասին բարձրաձայնեց Բեգլարյանն ու սկսեց շփվել ներկաների հետ: Անգամ «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանից հետաքրքրվեց, թե «Ինչի համար ես թերթդ տենց խեղճացրել, շաբաթվա մեջ մի անգամ ես տպվում»: Հ. Ավետիքայնն էլ շատ ցածր ձայնով ինչ- որ բան պատասխանեց ու հեռացավ:
«Ժողովուրդ»-ը փորձեց Բ. Բեգլարյանից ստանալ մի քանի հարցի պատասխան:
-Ինչո՞ւ է կարեւորվում նման լսարանների առկայությունը, որ հովանավորել եք:
-Դա մասնագետներին հարցրեք, բայց ես կարծում եմ, որ նման բաներն անհրաժեշտ են:
-Դուք ե՞րբ եք «վերադառնալու քաղաքականություն»:
-Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, ես զբաղված եմ տնտեսական, հասարակական գործունեությամբ: Ես ե՞րբ եմ եղել քաղաքականության մեջ, որ հիմա էլ վերադառնամ:
-Դուք մշտապես միջամտում եք ՀՀ-ում կատարվող քաղաքական իրադարձություններին. պաշտոնյաներ եք նշանակում- ազատում մեկ զանգով:
-Ամերիկայի ու մեկ էլ Գերմանիայի քաղաքականությամբ զբաղվում եմ, բայց ոչ Հայաստանի,-վրդովված հայտարարեց Բ. Բեգլարյանն ու արագ հեռացավ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԳՐԱՆՑԵՑԻՆ
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցել է Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը: Հիշեցնենք, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Համագումարում նորընտիր կենտրոնական վարչության ատենապետ է ընտրվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

 

ՀՀԿ-Ն ԿԸՀ-ԻՑ ԱՌԱՋ Է
Հունիսի 8-ին մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ Armlur.am-ի հարցմանն ի պատասխան ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանն ասել է, որ դեռեւս չկան հստակ սահմանված ժամկետներ: «Այս պահի դրությամբ տեղեկատվությունը դեռ ամբողջական չէ: Մենք նշանակում ենք քվեարկության օրերը, իսկ մարզպետարանները որոշում են ընդունում, թե որ համայնքներում են կայանալու ընտրություններ»: Չնայած նրան, որ ԿԸՀ-ն դեռ վաղ է համարում խոսել թեկնածուների առաջադրումների մասին, սակայն ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ նիստի ժամանակ քննարկվել է հունիսի 8-ին մի շարք համայնքներում՝ մասնավորապես Գորիսում եւ Ջերմուկում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուների առաջադրման հարցը: Ստացվում է, որ ՀՀԿ-ն առաջ է ԿԸՀ-ից:

 

ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ
Երեկ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկա են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել են գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

 

ԿՈՃԱԿԸ ՉԻ ԱՇԽԱՏԵԼ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում Մարտի 1-ի հանձնաժողովի ձեւավորման ժամանակ դահլիճում չի եղել: Ընդդիմադիրները նրան համոզել են ներկա չգտնվել քվեարկությանը՝ այդկերպ անուղղակիորեն կողմ արտահայտվելով հանձնաժողովի ձեւավորմանը: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը, սակայն, Armlur.am-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը եւ համարել հերյուրանք: «Կոճակը ժամանակին չաշխատեց, տեխնիկական խնդիր առաջացավ, բայց ես դեմ եմ եղել Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը, ավելին՝ ես ներկա եմ եղել դահլիճում: Ինչ հերյուրանքներ են տարածում: Եթե իմ կոճակն աշխատեր, ես դեմ էի քվեարկելու»,-վստահեցրել է Մարգարյանը:

 




Լրահոս