Ղրիմում կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքում մասնակիցների 96.8 տոկոսը հավանություն է տվել Ռուսաստանին միանալու առաջարկին: Երեկ էլ Ղրիմի խորհրդարանը դիմում է ներկայացրել ՌԴ-ին միանալու մասին: Սակայն սրանով Ղրիմի խնդիրը ոչ թե վերջնական լուծում է ստանում, այլ` ընդհակառակը, ավելի է սրվել լարվածությունը:
Այս հանրաքվեն ճանաչելու մասին առայժմ հայտարարել է միայն Ռուսաստանը: Ընդ որում, այս պահին անգամ ՌԴ գործընկեր երկրները չեն պաշտպանում Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում: Իսկ ահա Արեւմուտքը` ԱՄՆ-ը եւ ԵՄ անդամ երկրները հայտարարել են, որ չեն ճանաչում այդ հանրաքվեն, քանի որ այն հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը: Ավելին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ կոշտ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Օբաման ասել է, որ միջազգային համայնքը երբեք չի ճանաչի Ղրիմի հանրաքվեն եւ հավելել, որ ի պատասխան Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարման` Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ՌԴ նկատմամբ կսահմանեն լրացուցիչ պատժամիջոցներ: Նույնը Օբաման ասել է նաեւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ իրենք ՌԴ-ին կշարունակեն հասկացնել, որ հետագա սադրանքներով այդ երկիրը ոչնչի չի հասնի, բացի սեփական մեկուսացումից: Այս ամենից բացի, երեկ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում քննարկել են ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Մեծ ութնյակի անդամ երկրներն ի նշան բողոքի, հրաժարվում են մասնակցել Սոչիում ամռանն անցկացվելիք գագաթաժողովին: ՌԴ-ի արձագանքը կլինի այսօր. Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ուղերձով դիմել Դաշնային խորհրդին: Այսօր սպասվում է նաեւ ՌԴ պետդումայի հայտարարությունը` Ղրիմի իրադարձությունների վերաբերյալ:
Ազդակներ ու ակնարկներ
Ակնհայտ է, որ այս զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա, մանավանդ, երբ Հայաստանը սրընթաց սլանում է դեպի Մաքսային միություն: Խոսքը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական հետեւանքների մասին է: Միայն թե, ՀՀ իշխանությունները խուսափում են այս թեմայով խոսելուց: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բավարարվել է զգուշավոր եւ կրավորական մեկ-երկու արտահայտությամբ. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ եւ բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է նա: Իսկ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա, Նալբանդյանն ասել է. «Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափում ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու եւ արարելու իրավունքի ապահովման գերակայությանը: Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»:
Հատկանշական է, որ դեպի Մաքսային միություն ընթացող ռազմավարական գործընկեր ՀՀ-ն եւս չի կիսել ՌԴ դիրքորոշումն ու չի հայտարարել Ղրիմի հանրաքվեն ճանաչելու մասին:
Փոխարենը, Ղրիմի հանրաքվեն ճանաչելու մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳ նախարարությունը` կատարվածը որակելով որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում: «Վերջին տարիների փորձը եւ, մասնավորապես, Կատալոնիայում եւ Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ եւ ժողովրդավարական եղանակն է»,- ասված է հայտարարության մեջ: Հասկանալի է` ԼՂՀ-ն այստեղ գործել է սեփական շահերից ելնելով` կարեւորելով ազգերի ինքնորոշման իրավունքը, որը նաեւ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար է առաջնային սկզբունք:
Աշխարհաքաղաքական շախմատ
Չնայած Արեւմուտքն այսօր բավականին կտրուկ կերպով հրաժարվում է ճանաչել Ղրիմի հանրաքվեն, սակայն մյուս կողմից՝ պատահական չէ, որ նրանք այդպես էլ որեւէ քայլ չարեցին այն կանխելու համար: Համենայն դեպս, ցանկության դեպքում Արեւմուտքը կարող էր գնալ որոշակի սրացումների: Իսկ սա պատահական չէ. տեսակետ կա, որ ուկրաինական ճգնաժամից հետո Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ կա պայմանավորվածություն` Ուկրաինան Արեւմուտքին, Ղրիմը` ՌԴ-ին: Ընդ որում, ստանալով Ղրիմը, ՌԴ-ն այնքան էլ մեծ բան չի շահում` ընդամենը 27 հազար ք/կմ: Փոխարենը ՌԴ-ն կորցնում է Ուկրաինան ու Ուկրաինայի վրա ազդելու քաղաքական լուրջ լծակներից մեկը: Շատերը կհիշեն, թե 2004թ. «նարնջագույն հեղափոխության» ժամանակ, երբ պայքարը գնում էր արեւմտամետ Յուշչենկոյի ու ռուսամետ Յանուկովիչի միջեւ, ՌԴ-ն փորձեց ոտքի հանել Ղրիմի ռուս բնակչությանը, սպառնալ Ղրիմի անջատումով: Հիմա, վերջապես իրականացնելով իր սպառնալիքը, ՌԴ-ն նաեւ Ուկրաինային ազատեց այդ բեռից: Ի դեպ, նույնկերպ ՌԴ-ն, իրենով անելով Աբխազիան եւ Օսիան, 2008թ. էլ զրկվեց Վրաստանի նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու լծակից` նույն Վրաստանին ազատելով այդ բեռից:
Նկատենք, որ ի դեմս ԼՂ խնդրի, նման մի բեռ էլ ունեն Հայաստանն ու Ադրբեջանը. ԼՂ խնդիրը հրաշալի լծակ է` միջազգային հանրության ձեռքին քաղաքական շանտաժի համար, շանտաժ, որ նրանք կարող են կիրառել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի նկատմամբ:
Հատկապես վերջին իրադարձությունները եկան ապացուցելու, որ որքան արագ կողմերը կարգավորեն իրենց խնդիրը, այնքան` լավ երկուսի համար էլ: Այլապես, ուրիշները կփորձեն լուծել հարցերը, իսկ նման լուծումը հազիվ թե գոհացնի հակամարտող կողմերին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԻ ԱՍՈՒՄ
Երեկ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկություններ կան, որ այդ դիմումը պայմանավորված է վերջերս համալսարանում վերստուգիչ հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններով: Իսկ արդեն երեկ գիտխորհրդի արտահերթ նիստում նշվել է, որ Ա. Ավետիսյանը դիմում է գրել ԿԳ նախարարին` խնդրելով ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից:
«Եթե իմ աշխատանքը չի ընդունվում, եւ որեւէ անհամաձայնություն կա, այս լարված մթնոլորտում աշխատելն ինձ համար ընդունելի չէ: Երբ նախարարությունը որոշումը կայացնի, այդ պահից կլքեմ ռեկտորի պաշտոնը»,-հայտարարել է ռեկտորը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մի քանի հարց է ուղղել Ա. Ավետիսյանին:
-Պարոն Ավետիսյան, ինչո՞ւ եք ազատման դիմում գրել:
-Ներողություն, բայց այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես պարտականություններս դադարեցրել եմ իմ դիմումի համաձայն:
-Տեղեկություններ կան, որ համալսարանում ստուգումներ են կատարվել ու լուրջ թերություններ են բացահայտվել: Հնարավո՞ր է` դա է Ձեզ ստիպել դիմում գրել:
-Ես այդ կարծիքին չեմ, իսկ ով քննարկում է, նրանց հետ էլ քննարկեք:
-Բայց անգամ ՀՔԾ-ում քրգործ է քննվում այդ մասով:
-Ցտեսություն:
ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱ՞Ն
Armlur.am-ի տեղեկություններով` Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո ՀՀ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են: Ավելին, Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում: Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, եւ զրույցը վեր էր ածվել վիճաբանության, անգամ` հայհոյանքների: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, սակայն, armlur.am-ին ասել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Պրն. Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում առաջնորդներ են եւ միմյանց հետ ունեն այնպիսի հարաբերություններ, ինչպես ունեն քաղաքական ուժերի ղեկավարները»:
ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը շարունակում են կառավարությանն անվստահություն հայտնելու մասով իրենց կոնսուլտացիաները: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրանց առաջիկա հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին, եւ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ ու «Ժառանգություն» խմբակցությունները կշարունակեն աշխատել կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերի շուրջ: Պատգամավորները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել են, որ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում, այնուամենայնիվ, իրենք կբարձրացնեն այս հարցը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏ ԿԿԱՆՉԵՆ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ճակատագիրն արդեն որոշված է: Այն, հավանաբար, հետ կկանչվի: Armlur.am-ի տեղեկություններով՝ նախագծի հեղինակ պատգամավորներից մի քանիսն արդեն ԱԺ իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ համաձայն չեն նախագծի հետ եւ ստորագրելիս չեն պատկերացրել, թե ինչի տակ են ստորագրում: Հիշեցնենք, որ համացանցի կեղծ օգտատերերի դեմ պայքարին միտված օրինագիծը հարուցել է լրագրողական դաշտի դժգոհությունը, քանի որ օրենքի նախագծում մի շարք սողանցքեր կան. հասկանալի չէ, թե, ի վերջո, ով է համարվում կեղծ օգտատեր, ինչ ուղիներով պետք է նրան հայտնաբերել ու պատժել, եւ ամենակարեւորը, որն է համարվում լրատվամիջոց:
ՇՄԱՅՍՆ ՈՒ ԷԹԻԿԱՆ
ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը երեկ գումարել է այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում վարույթ է ընդունել երկու դիմում. ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ լրագրողների դիմումը եւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը: Armlur.am-ը փորձել է պարզել, թե ինչպես է այդ փաստին վերաբերվում Առաքել Մովսիսյանը, սակայն պատգամավորը հեռախոսով հայտնել է, որ գտնվում է Գերմանիայում` բուժման, եւ տեղյակ չէ, որ նիստ է գումարվել: Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում դահլիճում գազային համաձայնագրի դեմ պաստառներով կանգնած չորս լրագրողներին դիմելով՝ Մովսիսյանը բացականչել էր. «Էս կապիկներին էլ հանեք ստից»:
ՈՎ Է «ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵԼ»
Գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանը երեկ հայտարարել է, թե Վոլոդյա Ավետիսյանի գլխին «սարքել են» ու դա արել է ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը. «Երբ Վոլոդյան սոցիալական խնդիրների լուծման համար նստացույց կազմակերպեց, Խաչիկ Ավետիսյանը՝ հակառակվելով Վոլոդյային, խմբեր բացեց օպերայի շենքի մոտ»: Այսօր Վոլոդյան փակված է, իսկ Խաչիկ Ավետիսյանն էլ անհետ կորած է: Եթե էդքան ազգասեր տղա է, սրտացավ երկրապահի կամ կռվող տղերքի համար, թող գար մեր կողքին կանգներ, ո՞ւր է կորել պարոն Խաչիկը»: