ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին դեռեւս կանդրադառնան, բայց հունիս ամսվա վերջում:
-ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոն ու Եվրախորհրդի մշտական հանձնաժողովը զեկույցներ են հրապարակել Հայաստանի մասին: Դրանցում նշվում է, որ մեր երկրում չկա խոսքի, մամուլի ազատություն, եւ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել: Ինչպե՞ս կբացատրեք այս ամենը:
-Նման զեկույց ամեն տարի լինում է, իսկ ինչ վերաբերում է մարդու իրավունքներին ու այնտեղ տեղ գտած քննադատություններին, ապա դրանց մեծ մասը տեղ են գտել նաեւ ՄԻՊ-ի տարեկան զեկույցներում: Եւ այդտեղ մեզ համար անակնկալները քիչ էին: Մի շարք հարցերում մենք ավելի բովանդակալից ու մանրամասն էինք ներկայացրել խնդիրները: Բայց նշված էին նաեւ խնդիրներ, որոնց մասին իրենք էին բարձրաձայնել, իսկ մենք դրանց մասին հաղորդագրություն չէինք ստացել, այդ իսկ պատճառով չէինք էլ բարձրաձայնել:
-Այսինքն՝ մինչեւ այդ զեկույցը Դուք արդեն նախանշե՞լ էիք մարդու իրավունքների հետ կապված առաջնային խնդիրները, այդ դեպքում ի՞նչ քայլեր են արվել դրանք շտկելու համար:
-Ես կարող եմ ասել, թե որ խնդիրներն են, որոնք մենք եւս բարձրաձայնել ենք մեր զեկույցում: Օրինակ՝ կալանավայրերում տիրող վիճակը, որի մասին մենք եւս նշել ենք: Իսկ ինչ վերաբերում է բազմակարծությանը հեռուստաեթերում, ապա այդ մասին մենք էլ ենք բարձրաձայնել: Իրենք, բացի դրանից, նշել են նաեւ տպագիր մամուլի քաղաքացիական հայցերի խնդիրը, բայց ես կարծում եմ, որ դա ներառում են մինչեւ 2011-ի վերջը, որովհետեւ ես կարող եմ ասել, որ վիճակն այսօր էականորեն փոխվել է այդ մասով: Կամ նշվում է ոստիկանություն բերման ենթարկելու մասին, որը եւս մենք բազմիցս բարձրաձայնել ենք ու խնդիրներին լուծում ենք առաջարկել:
-Պարո՛ն Անդրեասյան, ԱԺ ընտրությունների ժամանակ բազմաթիվ ահազանգեր եղան լրագրողներին ծեծելու եւ տարբեր կեղծիքների վերաբերյալ, սակայն մինչեւ այսօր ՄԻՊ-ը համառորեն լռում է, ինչո՞ւ:
-Ընտրությունների հետ կապված՝ ես համաձայն չեմ, որ մենք որեւէ բան չենք հայտնել, մենք հայտնել ենք այն 310 ահազանգերի վերաբերյալ, որոնք եղել են, այդ թվում լրագրողի նկատմամբ ծեծի, որով արդեն վարույթ հարուցված է: Մենք հասարակությանը հայտնել ենք 49 վարույթների մասին, ընտրությունների օրվանից եւ նախընտրական շրջանից մենք ունենք դեպքեր, որոնք ընթացքի մեջ են, եւ հասարակությանը խոստացել ենք նաեւ արտահերթ զեկույց ընտրական իրավունքների եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: Իսկ թե դա մենք ինչու անմիջապես չենք անում, ասեմ՝ դա ուղղակի տեխնիկապես անհնար է, եւ երկրորդն էլ՝ կարեւոր են հետընտրական գործընթացները, այսինքն՝ թե ինչպես են այլ պատկան մարմինները քննում եւ իրենց լիազորություններն իրականացնում, դրանից հետո մենք մեկ ամբողջական զեկույց ենք ներկայացնում: Այս ամենի ուսումնասիրության արդյունքում մենք մինչեւ հունիսի վերջ կներկայացնենք արդեն մեր արտահերթ զեկույցը:
-Բայց չե՞ք կարծում, որ այդ ժամանակ այն արդեն անիմաստ կլինի, եւ ոչ ոք Ձեր ներկայացրած զեկույցին ուշադրություն չի դարձնի:
-Մեր զեկույցը նույնիսկ ճիշտ ժամանակին կլինի, ուղղակի այսպես ընդհանրական գնահատականներով երկրին ու մարդկանց չես կարող օգնել, որքան համակարգային խնդիրները մանրամասն ներկայացնելով` կոնկրետ օրինակներով ու կոնկրետ լուծումներով: Միայն այդպիսի խորը գնահատականները կարող են հաջորդ ընտրություններում իրենց ազդեցությունն ունենալ: Կարող եմ ասել, որ այս անգամ շատ քիչ էին շրջանառվում բռնության մասին խոսակցությունները, բողոքներն ու ահազանգերը, եւ ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ոստիկանության, դատախազության արված գնահատականները ստանալ, նոր տալ ընդհանրական կարծիք, ասենք` հենց բռնությունների թեմայով:
-Իսկ հնարավո՞ր է՝ Ձեր ներկայացրած զեկույցը բեկում մտցնի Հայաստանում:
-Մարդու իրավունքների պաշտպանը չունի այդ հնարավորությունը, այն մարմինը, որը կարող է այդպիսի էական փոփոխություն մտցնել, դա Սահմանադրական դատարանն է: Եթե անգամ ՄԻՊ-ն ընտրությունների հաջորդ օրը հայտարարեր, որ այն բացարձակ կեղծվել է, պետք չէ ընդունել, նույնիսկ նման հայտարարությունից հետո բեկում չէր լինի, քանի որ մենք նման լիազորություն չունենք:
ՄԻՊ-Ը ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ ԷԼԻ ԼՈՒՌ ԿՄՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ