«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՊԻՏԻ ԴԻՄԱՆԱՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանն այն քիչ արվեստագետներից է, ով չի կարողանում անտարբեր մնալ երկրում տիրող անարդարության հանդեպ եւ պարբերաբար մասնակցում է տարբեր ակցիաների, հանրահավաքների։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դա պայմանավորված է ոչ միայն իր քաղաքացիական դիրքորոշմամբ, այլ նաեւ մասնագիտական գործունեությամբ։

-Ես չեմ կարողանում անտարբեր մնալ, որովհետեւ նաեւ մասնագիտությունս՝ ռեժիսուրան է դա պահանջում։ Եթե մանրակրկիտ չիմանամ, թե ինչ է կատարվում երկրի քաղաքական, գիտական, մշակութային, հոգեբանական, սոցիալական եւ բոլոր մյուս ինստիտուցիոնալ կառույցներում, ես ի՞նչ ստեղծագործող եմ, ո՞ւմ համար եմ սցենար գրելու կամ ֆիլմ նկարահանելու։ Ես ստեղծագործում եմ նաեւ ու, առաջին հերթին, այդ մարդկանց համար, նրանց օգնությամբ։
-Եվ որպես ռեժիսոր նաեւ կերպարնե՞ր եք ընտրում։
-Ցանկացած աշխատանք հիմնվում է հենց կերպարների, հերոսների, թեմատիկ շարվածքի վրա, որը դառնում է գործ, թե չէ հենց այնպես հերոսը հերոս չի, կերպարը՝ կերպար։ Եվ եթե ես անտարբեր եմ իրականության նկատմամբ, դա ինձ պետք չէ, ապա ինչո՞ւ եմ հանդիսատեսի ականջները, աչքերը հոգնեցնում։
-Կուսակցությունները, կարծես թե, միայն իրենց նեղ խմբակային խնդիրներն են լուծում, արդյունքում վերջերս ավելի ակտիվացել են քաղաքացիական շարժումները։ Դա լա՞վ է, թե՞ վատ։
-Ես երբեւէ չեմ եղել եւ չեմ պատրաստվում լինել կուսակցական, բայց նաեւ հասկանում եմ, որ այսօրվա պետականակառույց համակարգերը, որոնք սփռված են աշխարհով մեկ, դեռեւս չեն հրաժարվել քաղաքական կառույցներից, որոնք մեծագույն դեր են կատարում պետության մեջ։ Բայց դա ժողովրդավարական երկրներում է, որտեղ պատվիրատուն ժողովուրդն է, կատարողը՝ հասարակական, քաղաքական կառույցները։ Ինչ վերաբերում է՝ քաղաքացիակա՞ն, թե՞ քաղաքական, ապա կարծում եմ՝ սա երկսայր սուր է. եթե ժողովուրդը չի միավորվում, երբեք չեն միավորվի քաղաքական կուսակցությունները, եթե կուսակցությունները չեն միավորվում, հասարակության մեջ միավորման միտումներ չեն առաջանա։ Հետեւաբար, ոսկե միջինի հասկացությունը մեզ հուշում է, որ չմիավորվելու վերաբերյալ այն մեղադրանքները, որոնք կուսակցությունները կարող են շպրտել ժողովրդի երեսին, ժողովուրդն էլ կարող է նետել քաղաքական միավորումների երեսին։ Միավորման ցանկացած միտում ինձ համար ուրախալի է։ Գուցե յուրաքանչյուր կուսակցություն ինչ-որ հատուկ ուղղվածություն ունի, ինչը մյուսներին խորթ է, բայց միթե չկան ընդհանուր խնդիրներ, որոնց վերաբերյալ կա միասնական կարծիք, եւ որոնց շուրջ պետք է միավորվել։ Մեկն, ասենք, գյումրեցի է, մյուսը՝ ապարանցի, երրորդը՝ երեւանցի, չորրորդը՝ ղարաբաղցի։ Մի կողմից վատ է նման տարբերակում դնելը, մյուս կողմից էլ լավ է, որ մենք տարբեր ենք, բայց միթե չկան երկու-երեք ուղղություններ, որտեղ կարող ենք ոչ թե գզել միմյանց, այլ միասին գնալ։
-Ձեզ չի անհանգստացնո՞ւմ այն, որ հիմա մեզ մոտ իշխում է ոչինչ չանելու, մի կերպ յոլա գնալու մտածելակերպը։
-Ես չեմ սիրում, երբ ասում են՝ պիտի դիմանանք, յոլա գնանք. դրանք ամենավնասակար, ամենախանգարիչ արտահայտություններն են։ Երկրի համար օգտակար է այն մարդը, ով ասում է՝ պետք է անենք, պետք է ավելի լավը դառնանք։
-Նաեւ պայքարենք։
-Եթե պայքարելու պատճառ կա, ինչո՞ւ չպայքարենք։ Չես պայքարում, ուրեմն դու ոչ մեկն ես, ուրեմն քեզ հասնում է այն, ինչ որ քո գլխին բերում են, ուրեմն դու իր ես, որին կարելի է վերցնել, դնել մեկ այլ տեղ։ Ներողություն, այդպիսի քաղաքացի ինձ, օրինակ, պետք չէ, բայց պետք է այսօրվա երկիրը գծագրող, երկիրն այս վիճակին հասցրած իշխանությանը։ Եթե, լինելով մի համակարգի մեջ, որը վնասակար է, ինքդ հրաժարվում ես քո իրավունքների, տեսակի հաստատման, գիտելիքն ավելացնելու եւ այլ իրավունքներից, ուրեմն էլ ոչինչ մի պահանջիր, նստիր տանդ, եւ, ինչ էլ գլխիդ բերեն, ասա՝ շնորհակալ եմ։
-Մինչեւ կտան հերթական 5 հազարը։
-Կարող են դա էլ արդեն չտալ, ու էլի պետք է շնորհակալ լինես, որովհետեւ քեզ հասնում է։

 

 

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ը ՉՈՒՆԻ ՆՇԱՁՈՂ

Եվ այսպես, արդեն պարզ է, որ «Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը կներկայանա «Not alone» («Դու մենակ չես») երգով, որի հեղինակը հենց ինքն է: Երգի խոսքերը գրել է Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Կոմպոզիտոր, երգիչ Հայկոյին, ով 2007 թվականին այդ մրցույթում ներկայացրել է Հայաստանը եւ զբաղեցրել 8-րդ հորիզոնականը, Արամ MP3-ի երգը շատ է դուր եկել։
-Այն շատ գեղեցիկ ստեղծագործություն է, պարունակում է ե՛ւ սեր, ե՛ւ գեղեցիկ երաժշտական մոտիվներ, ե՛ւ այնպիսի ոճ, որը շատ մոդայիկ է, ու, կարծում եմ, եվրոպացի հանդիսատեսին շատ հոգեհարազատ է։ Շատ լավն է նաեւ տեսահոլովակը, որը նկարել է իմ վաղեմի ընկերը՝ Գրիգոր Գասպարյանը։ Արամն էլ շատ տաղանդավոր երգիչ է, հրաշալի ձայնային հնարավորություններով, ու կարծում եմ՝ հաղթելու շանսերը շատ մեծ են։ Չնայած ես՝ որպես այդ մրցույթին մասնակցած մարդ, հասկանում եմ, որ «Եվրատեսիլ»-ը չունի նշաձող, շատ անկանխատեսելի մրցույթ է, եւ կարծում եմ՝ Արամը միայն պետք է տրամադրվի շատ լավ ելույթի, եւ այդքանը մեզ բավարար է։ Իսկ եթե հաղթենք, իհարկե, ես շատ ուրախ կլինեմ։
-Ձեր ելույթից անցել են տարիներ, այդ ընթացքում «Եվրատեսիլ»-ում ինչ-որ առաջընթաց, փոփոխություններ նկատե՞լ եք։
-«Եվրատեսիլ»-ը՝ որպես ամենաճոխ երաժշտական մրցույթը Եվրոպայում, բնականաբար, զարգանում է, նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում… Երաժշտական առումով մենք էլ, սկսած առաջին, ինչպես նաեւ իմ ելույթից, առաջընթաց ենք ապրել եւ գնալով ավելի լավ երգիչներ, ավելի գեղեցիկ, որակյալ, այսօրվա շնչով գրված ստեղծագործություններ ենք ներկայացնում ։
-Դուք, օրինակ, Արամի համար ինչպիսի՞ երգ կգրեիք. այդ ոճի՞, թե՞ ավելի արագ ռիթմի մեջ։
-Ինչպես նշեցի, այդ երգն ինձ շատ հոգեհարազատ է, ու նաեւ ես կարող էի այդպիսի մի բան գրել, այսինքն՝ հենց այդպիսին էլ կտեսնեի երգը։ Ճանաչելով Արամին՝ բոլորին թվում էր, թե նա արագ ռիթմը պետք է նախընտրեր, բայց երբ երգը սկսվեց, շարունակվեց, հասավ իր կուլմինացիոն պահերին, հասկացա, որ շատ գեղեցիկ եւ լավ ստեղծագործություն է։ Կայքերից էլ զգացվում է, որ մարդիկ էլ շատ հավանել են թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը։
-Արամը նաեւ որպես դերասան է ներկայացնում երգը։
-Նա սիրված մարդ է, դերասան ու ցանկանում է նաեւ որպես երգիչ կարիերան շարունակել, եւ շատ փայլուն քայլ էր, որ գնում է «Եվրատեսիլ». հետագայում նրան կտեսնենք արդեն մեծ բեմերում։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱԶՆԱՎՈՒՐԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
Շաբաթ օրը Երուսաղեմի «Նոկիա» համերգասրահում տեղի է ունեցել հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մենահարմեգը: Նա ժամանել է Երուսաղեմ իր թոռան հետ միասին: Լացի պատի մոտ տեղի է ունեցել նրա թոռան` ում մայրը ազգությամբ հրեա է, բար-միցվայի (կրոնական ծես հրեականության մեջ, որը խորհրդանշում է հավատացյալի կրոնական հասունությունը) արարողությունը: Ուրբաթ երեկոյան Ազնավուրը ներկա է եղել Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տանը կազմակերպված պատվավոր ընթրիքին, իսկ շաբաթ օրը համերգով հանդես է եկել Թել Ավիվում: «Մենք՝ հայերս եւ հրեաներս, այնքան ողբերգություններ ենք տարել, որ եթե մեր ազգերն այսքան շատ չսիրեին կյանքը, ապա վաղուց վերացել էին երկրի երեսից: Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք մեռնելու համար, սակայն մինչ այդ պահը պետք է ապրել լիարժեք: Ինձ առաջ է մղում կյանքի հանդեպ սերը»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ իր ընտանիքում կան ե՛ւ կաթոլիկներ, ե՛ւ բողոքականներ, ե՛ւ հրեաներ, ե՛ւ մուսուլմաններ: Հավելենք, որ Ազնավուրի վերջին համերգն այս նույն համերգասրահում տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 23-ին:

 
ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ Է
Երգչուհի Սոֆի Մխեյանը գրեթե մեկ տարվա երաժշտական դադարից հետո որոշել է կրկին աշխատել: Նա յութուբյան իր պաշտոնական էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր նոր՝ «Երազում» տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Հիշեցնենք, որ Ամանորից առաջ տեղի ունեցած մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ Սոֆին նշել էր, որ այս տարի իր աշխատանքներով պայթեցնելու է հայկական շոու բիզնեսը:

 
ՀԱՆՈՒՆ  ՖՐԻՍԿԵԻ
Ինչպես արդեն հայտնել ենք, ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ: Նրա երկրպագուները որոշել են հավաքել այն ամենը, ինչով ապրում եւ շնչում էր իրենց սիրելի երգչուհին մինչեւ հիվանդությունը: Նրանք երգչուհու մասին իսկական փաստագրական ֆիլմ են նկարահանելու՝ հավաքելով բացառիկ կադրեր: Կազմակերպիչները պատմել են, որ առաջիկայում պատրաստվելու է Ժաննա Ֆրիսկեի մասին մասշտաբային նախագիծ՝ մեկուկես ժամ տեւողությամբ ֆիլմ նրա կյանքի եւ ձեռքբերումների մասին: Ֆիլմի թողարկման ժամկետը դեռ հստակ հայտնի չէ:

 




Լրահոս