2008թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին: Վերջինս խնդրել է մեկնաբանել ՀՀ դիրքորոշումը Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ աճող լարվածության շուրջ` մասնավորապես Աբխազիայի «սեպարատիստ» շրջանի հետ կապված: «Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթղթում ամերիկացի դիվանագետը ներկայացրել է Վրաստանի իրադրության, ինչպես նաեւ այդ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունները:
Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անել ամեն ինչ ընթացող բանավեճից հեռու լինելու համար եւ հույս ունի, որ իրավիճակը շուտով հանդարտվելու է: Նրա մեկնաբանությամբ՝ բավականին վտանգավոր եւ անհանգստացնող իրավիճակ է ստեղծվել նաեւ հենց Հայաստանի համար: Ապա ընդհատելով թեման, Նալբանդյանն ասել է, որ «անկեղծ խոսելու դեպքում, իր կարծիքով, ստեղծված ճգնաժամն առաջին հերթին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մեղավորության պատճառով է»: Վերջինիս Նալբանդյանը մեղադրել է թշնամանքի կրակը վառ պահելու մեջ, ինչը ծառայում է որպես վրացական ազգայնականության զգացումների վրա խաղալու միջոց՝ վրացական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Նալբանդյանի համոզմամբ՝ Վրաստանի նախագահն անձնապես խիստ անհանգստացած չէր հարուցված ճգնաժամով: ՀՀ արտգործնախարարն արտահայտել է իր «անկեղծ վստահությունն առ այն, որ Մոսկվայի իմաստուն գլուխներն իրենց ուշադրությունն են սեւեռել տիրող իրավիճակի վրա, եւ տեղեկացված են, որ Ռուսաստանի շահերը թույլ չեն տա ներքաշվել Վրաստանի հետ մեծ հակամարտության մեջ, կկանխեն իրադարձությունների անկանխատեսելի ընթացքը եւ թույլ չեն տա, որ Աբխազիայում իրադրությունը դուրս գա վերահսկողությունից»:
Հարկ ենք համարում արձանագրել, որ Նալբանդյանը ցուցաբերել է երկրի բարձրագույն դիվանգետին ոչ հարիր պահվածք: Բավական է նկատել, որ նա երրորդ երկրի դիվանագետի հետ քննարկել է հարեւան ու բարեկամ երկրի նախագահին, փաստացիորեն անհիմն կերպով նրան մեղադրել Հայաստանի պետական շահերի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունեցող հակամարտության հրահրման մեջ: Ի վերջո, Վրաստանը մեզ համար ոչ միայն հարեւան երկիր է, այլեւ արտաքին աշխարհի հետ կապող, կարելի է ասել, միակ ուղին: Անշուշտ, Վրաստանի հետ էլ են եղել ու դեռ կան խնդիրներ, բայց Նալբանդյանի ի՞նչ գործն է մտնել վրաց-աբխազական (ռուսական) հարաբերությունների ոլորտը եւ լարվածության համար մեղադրել միայն մի կողմին, իսկ ռուսական իշխանություններին որակել «իմաստուններ»: Ավելի տրամաբանական կլիներ, եթե Նալբանդյանը հանդես գար լարվածությունը մեղմելու միջնորդությամբ: Ի դեպ, հիշենք, որ 2008թ. վրաց-ռուսական պատերազմի օրերին ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հանգիստն էր վայելում Պեկինում եւ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց հակամարտության մեղմման ուղղությամբ, այն դեպքում, երբ այն տնտեսական մեծածավալ դժվարություններ էր ստեղծել Հայաստանի համար:
Փաստաթղթում ամերիկացի դիվանագետը հանդես է գալիս ընդարձակ մեկնաբանությամբ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Մինչ Նալբանդյանը հաղորդում էր հստակ մեսիջներ քննարկվող թեմաներով՝ մենք բախվեցինք նրա հետեւողական մանրախնդրությանը գրեթե ամեն հարցում: Նա նրբորեն կամ էլ կոպտորեն հեռացնում էր մեղավորությունը Հայաստանի վրայից եւ նետում այն մեկ այլ տեղ: Սա թվում է խստագույնս անտեղի՝ ինչպես, օրինակ, Թուրքիայի պարագայում, որտեղ թվում էր՝ պատճառ պիտի չլիներ, բացի դրական տպավորությունից, քանզի Անկարայից ստացվեցին շնորհավորական ջերմ նամակներ ու հրապարակային հուսալի հայտարարություններ: Բավականին զարմացնող էին նաեւ նրա մեկնաբանությունները Մարտի 1-2-ի հետընտրական բռնությունների վերաբերյալ, կարծես այդ ամենն անակնկալ եղանակային պայմանների արդյունք էր՝ դուրս մարդկային վերահսկողության սահմաններից: Իրականում, Մարտի 1-2-ի բռնությունների մեղքն ամբողջովին ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա եւ նրանց մանրամասն ծրագրված որոշման վրա՝ զորք մտցնելու եւ Ազատության հրապարակը ցուցարարներից մաքրելու նպատակով: Մինչ Նալբանդյանը գրավիչ էր ու անզուսպ դրական նպատակների հարցում, իսկ նրա անգլերենը՝ գերազանց, առաջին տպավորությունը նոր նախարարից այն է, որ նա ավելի շատ արագ, քան անկեղծ խոսող է»:
Փենինգտոնի ամփոփիչ մեկնաբանությունից պարզվում է, որ միջազգային հանրության համար լիովին հասկանալի ու պատշաճաբար հստակ է, թե ինչ է տեղի ունեցել 2008թ. մարտի 1-2-ին: Հատկանշական է, որ նույն այդ օտարերկրյա դիվանագետները քաջատեղյակ են իրադարձություններից հավանաբար առավել, քան հայաստանցիներից շատերը: Նրանք լավ տեղեկացված են, սակայն դա օգտագործում են բացառապես սեփական շահերի համար: Փաստը ներկայում Ուկրաինայում ծավալվող ճգնաժամն է, երբ ԱՄՆ պետքարտուղարն այցելեց այդ երկիր ու ծաղիկներ դրեց զոհվածների հիշատակին, իսկ մեզ մոտ նույն այդ պաշտոնը զբաղեցնող մեկ այլ ամերիկացի ջերմորեն ողջունեց սպանությունների բացահայտումը ծածկադմփոցի վերածած իշխանությանը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐՈՒՄ 17 ՏՈՒՆ ԿՈՂՊԱԾ է
ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքում տարիներ առաջ ապրել է 62 ընտանիք, որից 17-ը ներկայումս այլեւս գյուղում չէ: Արտագնա աշխատանքի մեկնողներ գյուղից մշտապես եղել են, սակայն վերջին երեք տարիներին նրանց թիվը շեշտակիորեն ավելացել է:
-ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման արդյունքում վիզայի հետ կապված հարցեր, դժվարություններ չե՞ն ունենում Ձեր գյուղացիները:
-Նորմալ է, դեպորտ չունենք: Չնայած վերջին երեք տարիներին ավելացել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:
-Հիմնականում երիտասարդնե՞րն են մեկնում:
-Մինչեւ 30-35 տարեկան տղամարդիկ: Խեղճերը չեն էլ կարողանում ամուսնանալ: Ամուսնանան ի՞նչ անեն, իրենց գլուխը չեն կարողանում պահել այս գյուղում, ուր մնաց` հարսներին:
-Դժվա՞ր է ապրել Ձեր գյուղում:
-Տո, բա՞ ինչ է: Կտրված գյուղ է, անասնապահությամբ են միայն զբաղվում:
-Գոնե եկամտաբե՞ր է:
-Այսօր եկամտի մասին խոսելն ավելորդ է: Դուք ինձանից լավ գիտեք: Անասունն արժեք չունի, միսը՝ նույնպես: Մարդիկ երկու կով են պահում, որ յոլա գնան, իրենց գոյությունը պաշտպանեն, էսպես ասեմ՝ չեն ապրում, ապրել հասկացությունն ուրիշ է, իսկ գոյությունը պահելը՝ ուրիշ:
-Մսի մեկ կիլոգրամն ինչքանո՞վ են վաճառում:
-Մսավաճառները ցուլիկի մսի 1կգ-ը 1700 դրամով են մեզանից գնում, իսկ կովինը՝ 1200 դրամով հազիվ են տանում: Բայց այդ նույն միսը, որը 1700-ով են ձեռքբերում, հենց նույն մսավաճառները շուկայում 3 հազար դրամով են վաճառում:
-Իսկ ինչո՞ւ հենց իրենք` գյուղացիները չեն վաճառում իրենց ցուլիկի միսը:
-Թե մեր գյուղացին միսը տարավ այդ շուկա` կմոլորվի, որովհետեւ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ հնարավոր չէ միս վաճառել: Ո՞վ է տեղ տվողը, հարմարություն ստեղծողը, հազար խնդիրներ կան, էլի:
-Իսկ հողագործությամբ չե՞ք զբաղվում:
-Չէ, չենք զբաղվում, քանի որ գյուղը բարձրադիր լեռներում է գտնվում: Համապատասխան տեխնիկա չունենք, խնդիր է:
-Եթե տեխնիկա լինի, կլուծվի՞ այդ խնդիրը:
-Չեմ ասի համատարած, բայց գոնե տասը մարդ կօգտվի դրանից: Թե չէ ալյուրն էլ, ամեն ինչն էլ գնում են:
-Ինչի՞ց են շատ դժգոհում փոքրսարիարցիները:
-Հայաստանում ինչի՞ց կդժգոհեն: Երկրի վիճակից, քանի որ բոլորն էլ աշխատող են, բայց աշխատանք չունեն, կամ որտե՞ղ աշխատեն, ի՞նչ անեն մարդիկ: Գնաճից են շատ դժգոհում: Մի մարդ, որ եկամուտ չունենա, երկու-երեք կովով ոնց պետք է ապրի:
-Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներից դժգոհո՞ւմ են:
-Էդ մի փորձանքից լավ են փրկվել: Գազաֆիկացված չէ, իսկ էլեկտրաէներգիայի վարձերի հետ մի կերպ հարմարվում ենք:
-Այս պահին գյուղը քանի՞ բնակիչ ունի:
-62 ընտանիք, որից 17-ն այստեղ չէ: 17 տուն դատարկ է, դռներն էլ կողպած: Գնում են հիմնականում Երեւան եւ Ռուսաստանի Դաշնություն: Իսկ գյուղի 90 տոկոսն էլ վարկառու է:
-Երկու-երեք անասունով ինչպե՞ս են մարում այդ վարկերը:
-Մեկը մեկով: Տարիներով տալիս են: Մի ուրիշ կազմակերպությունից վերցնում են` էն մյուսինն են վճարում: Այդպես:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՑԱՄԱՔԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՔՐԳՈՐԾԸ
Ինչպես հայտնի է, «ընդերքի օգտագործման կանոնները խախտելու փաստի հիման վրա» հարուցված է քրեական գործ՝ Քր.օր. 291 հոդվածի հատկանիշներով: Եվ այս գործի քննությունը բավականին հետաքրքիր զարգացումներ է խոստանում: Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ հարցաքննության ենթարկված Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանն իրեն ուղղված շատ հարցերի չի կարողացել հստակ պատասխան տալ: Բանն այն է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը Արարատի մարզում ջրօգտագործման բազմաթիվ թույլտվություններ է տվել՝ հաճախ դրանց համար չունենալով մասնագետների դրական եզրակացությունը: Նախարար Արամ Հարությունյանի հրամանով վիճահարույց հիմքերով ջրօգտագործման թույլտվություններ են ստացել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը եւ հարյուրավոր այլ քաղաքացիներ: Արդյունքում՝ այսօր Արարատի եւ Արմավիրի մարզերում աղբյուրները ցամաքել են, քանի որ ջրօգտագործողներն իրենց ձկնաբուծարաններում անխնա վատնել են մեր երկրի ջրային ռեսուրսները՝ ցամաքեցնելով ընդերքի ջրի պաշարները: Թե ով կպատժվի այս իրավիճակի համար, դեռ վաղ է կանխատեսել, բայց որ Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը պարտավոր էր Ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման ապահովում իրականացնել, ջրային ռեսուրսների որակական եւ քանակական մոնիտորինգի պահանջարկ ձեւավորել, դա փաստ է: Բայց նա այս գործառույթները թերի է իրականացրել, ինչը armlur.am-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը բացահայտել է: Մնում է սպասել քննության ավարտին՝ հասկանալու՝ իրավական փաստաթղթերում ի՞նչ է գրված. գործակալության պետը ինքնագլո՞ւխ է գործել, թե՞ նախարար Արամ Հարությունյանի հրահանգով: Դրանից հետո նոր պարզ կդառնա. ենթականե՞րը կպատժվեն ընդերքը դատարկելու համար, թե՞ ինքը՝ Հարությունյանը, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «խոշոր ձուկը»: