ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը երեկ քննադատել է Ղրիմի հարցի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:

Անդրադառնալով նախօրեին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը», Ջոն Հեֆֆերնն ասել է. «Ցավալի է, որ Հայաստանն այդպիսի հայտարարություն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ»:
Ակնհայտ է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են, եւ սա ունի իր պատճառները: Այս խնդրին յուրաքանչյուրը մոտենում է իր շահերից ելնելով. Սերժ Սարգսյանը, որ ԵՄ-ի հետ ասոցացման ճանապարհի կեսից միանգամից շեղվեց դեպի Մաքսային միություն, այսօր ուզի, թե չուզի` պաշտպանելու է ՌԴ դիրքորոշումը, մանավանդ որ մյուս կողմից կա նաեւ ԼՂ խնդիր, որի լուծման հիմքում հայկական կողմը պնդում է ինքնորոշման սկզբունքը: Իսկ ԱՄՆ-ը, բնականաբար, Ղրիմի եւ ընդհանրապես, Ուկրաինական ճգնաժամի հարցում ունի իր սեփական շահերը, սեփական դիրքորոշումը: Ու հիմա, երբ ՀՀ-ի ու ԱՄՆ-ի մոտեցումները տարբերվում են միմյանցից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը բավականին կտրուկ է արտահայտվում ՀՀ իշխանությունների հասցեին` իր ափսոսանքը հայտնելով ՀՀ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ:

 

Հրաշալի ափսոսանք
Սակայն նկատենք, որ այսօր ամերիկացի պաշտոնյան քննադատում է այն Սերժ Սարգսյանին, ում հասցեին ընդամենը որոշ ժամանակ առաջ գովասանքի խոսքեր էին շռայլում: Շատերը կհիշեն, թե ինչպես 2012թ. ամռանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան կատարած այցի ժամանակ Ս.Սարգսյանին նույնիսկ «հրաշալի նախագահ» էր անվանել: Նույն դեսպան Հեֆֆերն էլ ընդամենը մեկ ամիս առաջ գովասանքի խոսքեր էր շռայլում ՀՀ իշխանությունների հասցեին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ փետրվարի 14-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ Հեֆֆերնը հայտարարել էր. «Այս բարեփոխումներն անհրաժեշտ են եւ մենք աշխատել ենք ՀՀ կառավարության հետ կենսաթոշակային նոր համակարգ ձեւավորելու ուղղությամբ… Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձեւավորելու համար»:
Ընդ որում, հատկանշականն այն է, որ ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանություններին իր աջակցությունն էր հայտնել մի հարցի վերաբերյալ, որի դեմ Հայաստանում հասարակական լուրջ ընդվզում կա. օրեցօր ավելանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքողների խմբերը: Ասել է թե՝ ՀՀ բնակչությունը դեմ է այս օրենքի կիրառմանը: Այդ փաստն իր խոսքում նկատել էր նաեւ դեսպան Հեֆֆերնը, երբ ասում էր. «Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ…Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս կառավարության, հայաստանյան հաստատությունների եւ քաղաքացիների միջեւ»: Նույնիսկ Սերժ Սարգսյանն էր խոստովանել, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, բայց իրենք, միեւնույն է, ներդնելու են այդ համակարգը:
Փաստորեն, պետք է արձանագրել, որ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը շարժվում էր «ամերիկացիների սրտով», նույն ԱՄՆ դեսպանը պարզապես անտեսում էր Հայաստանի բնակչության առնվազն 80 տոկոսի կարծիքն ու գովերգում էր ՀՀ իշխանություններին: Իսկ այսօր, երբ նույն «հրաշալի նախագահը» հանկարծ ԱՄՆ դիրքորոշումից տարբերվող տեսակետ ունի, ԱՄՆ իշխանությունները բացել են աչքերը ու տեսնում են նրանց բոլոր թերությունները, ավելին` արտահայտվում այդ մասին: Թեեւ ժամանակին «վիքիլիկսյան» բացահայտումները ցույց տվեցին, որ նույն Արեւմուտքը հրաշալի տեսնում է` ինչ է կատարվում երկրում, բայց հանուն քաղաքական նկատառումների, պարզապես անտեսում է դա:
Հ.Գ. 1. Վերջին օրերին Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշմանն աջակցություն են հայտնել միայն Մաքսային միության անդամ երկրների ղեկավարները. Պուտինն այս օրերին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հետ` մարտի 16-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ` մարտի 18-ին: Եվ վերջապես հայկական կողմի նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույց էլ Պուտինն ունեցել է մարտի 19-ին: Պուտինին այս օրերին զանգահարել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով էլ ԵՄ անունից էր սպառնալիքներ հնչեցրել:
Հ.Գ. 2. Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ՌԴ նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին: «Ստեղծված իրավիճակում մենք, ինչպես եւ խոստացել էինք, ձեռնամուխ ենք լինում նոր պատժամիջոցների կիրառմանը: …Մենք ընդլայնում ենք ռուսական կառավարության բարձրաստիճան այն պաշտոնյաների շրջանակը, որոնց նկատմամբ այսուհետ պատժամիջոցներ են կիրառվելու: …Այսօր ես եւս մեկ հրամանագիր եմ ստորագրել, որն իրավունք է տալիս ինձ պատժամիջոցներ կիրառել ոչ միայն անհատների, այլեւ Ռուսաստանի տնտեսության առանցքային ճյուղերի նկատմամբ: Հարկ է նկատել, որ այդ քայլը բացասական հետեւանքներ կարող է ունենալ նաեւ համաշխարհային ողջ տնեսության վրա»,-ասել է Օբաման: Այլ կերպ ասած, կրկին վերականգնվում է սառը պատերազմը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյայի ժամանակ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են հանդես գալ եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. այս անգամ նրանք ցանկանում են, որ ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրի «ժողովրդին թալանելու տարբեր մեխանիզմները»` կարմիր գծեր, արագաչափեր, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում եւ այլն: «Ժողովուրդ»-ն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ թեեւ այս նախաձեռնությունը ներկայացվելու է «հրաշալի քառյակի» կողմից, սակայն հիմնական զեկուցողը լինելու է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նշենք, որ այս նախագիծը քառյակը պատրաստվում է քննարկման դնել արտահերթ կարգով:

 
ԲԱ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Ինչպես հայտնի է` շուրջ երեք տարի առաջ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած քննադատության պատճառով հրապարակավ գրավոր տեքստով հրաժարվեց այն ժամանակ դեռեւս անկախ պատգամավոր, ներկայումս ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանի քավորությունից: Հիմա Վարդան Բոստանջյանը ԲՀԿ-ի հետ առաջվա նման ջերմ չէ: Armlur.am-ը փորձել է Բոստանջյանից պարզել` արդյոք վերականգնվել են նրա եւ Դալլաքյանի հարաբերությունները: Բոստանջյանը պատասխանել է, որ հիմա էլ է մոտ Դալլաքյանի հետ եւ իրենց հարաբերությունները ջերմ են. «Լրիվ վերականգնվել է»,-հավաստիացրել է քավորությունից հրաժարված նախկին պատգամավորը:

 
ՀԱՆՈՒՆ «ԲԱՆԴԱՅԻ ՊԱՐԱԳԼԽԻ»

Գառնեցիները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել հայտնի «բանդայի» գործով ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի համար: Ամբաստանյալի հայրը` «Գառնիի լավաշ»-ի սեփականատեր Սուրեն Հակոբյանը armlur.am-ին ասել է, թե իրենք այլ ելք չունեն: «Սպանում են, բա ի՞նչ անենք: Մարդիկ տեսել են` ինչ վիճակում ա Արտյուշան: Ասում են` 100 կիլոանոց մարդը միանգամից էդքան նիհարե՞ց: Փակելու են Գառնի-Գեղարդ ճանապարհը: Եթե իրանք մեղավոր չեն, իրանք չեն թույնել էդ մարդուն, հարյուրտոկոսանոց առողջ մարդը միանգամից էդ օրը կընկնի՞: Ի՞նչն ա պատճառը, ուզում են սպանեն իմ էրեխուն: Էս գյուղում ժողովուրդն ուզում է իմ դարդը հետս կիսի: Մեղավոր ա, թե չէ, դատարանը կորոշի: Ինչո՞ւ հիվանդ մարդուն չեն տանում բուժման: Էլի դատե՛ք, բայց ուղարկե՛ք բուժման»,- պահանջում է Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՆ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացել է Լյուքս Ստեփանյանի գործով դատական հերթական նիստը: Տուժողներից Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, դատարանին տեղեկացրել է, որ որդին վիրահատությունից հետո դուրս է գրվել հոսպիտալից, բուժումը շարունակում է տանը՝ անկողնային ռեժիմով, չի կարողանում ինքնուրույն շարժվել, եւ նրան հնարավոր չէ ներկայացնել դատարան: Նա նաեւ տեղեկացրել է, որ ամբաստանյալից որեւէ պահանջ չունեն: Այս վերջին հայտարարությունը շատ բացասական է ընդունվել Լյուքսի հարազատների կողմից:

 
ԷԼԻ «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ՀԻՆ ԵՐԳԸ

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Սարգսյանը մեկ անգամ եւս վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի:

 
ՄԵԾ ՍԽԱԼ

«Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշման հարցում Սերժ Սարգսյանի կողմնորոշումն ավելի է, քան հանցավորը, այն սխալ է»,-նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա՝ Ղրիմի նկատմամբ վերաբերմունքով Հայաստանը «որոշեց իր դերն աշխարհում՝ որպես Ռուսաստանի հավելված» եւ խոստովանեց, որ երկրի անվտանգության հարցերը լուծվելու են Ռուսաստանի հետ: «Լուրջ մտավախություններ կան, որ Ռուսաստանը կարող է փոխել Ղարաբաղի վերաբերյալ իր ավանդական քաղաքականությունը: Համոզված եմ, որ Ռուսաստանի ներկայիս նեոկայսերական քաղաքականության շրջանակներում փորձ է արվելու ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել որպես լծակ՝ Ադրբեջանին իր ազդեցության գոտի վերադարձնելու»,-ընդգծել է Շահնազարյանը:

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է

2014 թվականի մարտի 20-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից թարմ պտուղ-բանջարաղենի արտահանումը քառապատկվել է։ Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից նախորդ տարվա 3312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց արտահանվել է 11 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն: Այն հիմնականում առաքվել է Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Ուկրաինա:




Լրահոս