ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋԵՐՄԱՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱԿՎԵԼ

Հայաստան ներկրվող լոլիկի, վարունգի, ինչպես նաեւ գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել: «Ջերմատնային ասոցիացիա»-ի տնօրեն Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարեւանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունը դադարեցվել է: Ջերմատնային տնտեսությամբ զբաղվողները ստիպված ելքեր են փնտրում վառելիքի այլընտրանքային աղբյուր գտնելու համար:

«Ժողովուրդ»-ը «Ջերմատնային ասոցիացիա»-ի տնօրեն Պողոս Գեւորգյանից տեղեկացավ, որ ասոցիացիայի անդամներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից ջերմատունը ջեռուցելու նոր սարք է բերել, որն ավելի քիչ է գազ այրում եւ արագ է օդը տաքացնում:
«Պետք է չէ՞ այս անելանելի վիճակից դուրս գալ: Այս նոր սարքը, ճիշտ է, աշխատում է գազով, բայց ավելի խնայող է ու ավելի քիչ է գազ այրում, բայց միաժամանակ լավ է տաքացնում: Տեսնենք, սա ի՞նչ կփոխի, գոնե հիմա ինչ ունենք, դա պահպանենք: Մի սարքն արժե 4 հազար դոլար: Առաջիկայում այն կներկայացնենք մյուս տնտեսվարողներին, որպեսզի նրանք էլ արագ ձեռքբերեն»,-ներկայացրեց Գեւորգյանը:
Նրանից տեղեկացանք նաեւ, որ մեկ շաբաթ առաջ Երեւանին հարակից մի ջերմատան գազամատակարարումն անջատվել է, քանի որ տնտեսվարողը չի կարողացել մուծել սպառած գազի գումարի մի մասը: «5 մլն դրամը մուծել էր, մնացել էր մեկ մլն դրամի պարտք: Սակայն չընդառաջեցին ու անջատեցին: Իսկ այսպես անջատած վիճակում ջերմատներում լոլիկները չեն կարմրի, ծաղիկները նորմալ չեն փոշոտվի, սնկային հիվանդություններ առաջ կգան»,-բացատրեց մեր զրուցակիցը:
Փորձեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հետաքրքրվել, թե ջերմատնային տնտեսություններին աջակցելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում: Պարզվեց, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը պաշտոնական նամակով դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչեւ մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը (այս մասին «Ժողովուրդ»-ն օրեր առաջ տեղեկացրել էր): Սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մերժել է նախարարին՝ պատասխանելով, որ իրենք ջերմատնային ոլորտի բաժանորդների վճարումները չկատարելու պատճառով հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ: Այս նամակից հետո նախարարն այլեւս ոչինչ չի ձեռնարկել: Հիմա նախարարությունը որեւէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ:
Բացի գազի սակագնի բարձր լինելուց, ֆերմերները դժգոհում են նաեւ օր օրի ավելացող ներկրված լոլիկից եւ վարունգից: Գագիկ Բաբուխանյանը երկար տարիներ է, ինչ զբաղվում է լոլիկի մշակությամբ: Սակայն այս վերջին չորս տարիներին նա սկսել է վնասով աշխատել, քանի որ ներկրված լոլիկի եւ վարունգի պատճառով չի կարողանում վաճառել իր արտադրանքը:
«Իսկական գյուղացին ա՞ճ է տվել: Ոչ: Իմ ընտանիքի անդամներին նույնիսկ չեմ կարողանում պահել: Էս գազն էլ մի կողմից: Բարձր գին եւ ցածր կալորիականություն: Ի՞նչ անես: Իսկ մենք բազմաթիվ ծախսեր ենք անում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն էլ օգնելու փոխարեն ավելի վատ դրության մեջ է գցում իր բաժանորդին: Ավելին՝ մեզ ուղղորդում է, որպեսզի գնանք ու վարկեր վերցնենք: Մենք էլ վերցնում ենք: Ուրիշ ինչ անենք»,-հուսահատված ասաց ֆերմերը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ից մինչ մարտի 20-ը Վրաստանից, Թուրքիայից, Իրանից եւ Իսպանիայից Հայաստան է ներկրվել մոտ 59 տոննա լոլիկ: Իսկ 534.5 տոննա վարունգը ներկրվել է Թուրքիայից եւ Իրանից:
Այս հարցի շուրջ զրուցեցինք գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ։ Նա ասաց, որ դրսից ներմուծելու խնդրում ԳՆ-ն որեւէ արգելք չի կարող ստեղծել: «2013-2014թթ. ձմռան ընթացքում գրանցված խիստ սառնամանիքների եւ տեւական մառախլապատ եղանակի պատճառով ջերմատներում ավելացել են ջեռուցման համար կատարվող ծախսերը, ջերմաստիճանային ռեժիմի տատանումների հետեւանքով խաթարվել են բույսերի բնականոն աճն ու զարգացումը: Այս պատճառով նվազել է բերքատվությունը եւ ներկայումս ստացվող բերքի փոքր ծավալները չեն բավարարում ներքին սպառման պահանջները: Ինչի համար էլ նշված պահանջարկը բավարարվում է նաեւ դրսից կատարվող ներկրումների հաշվին: Նաեւ՝ ՀՀ-ն ԱՀԿ-ի անդամ է եւ չի կարող արհեստական խոչընդոտներ ստեղծել կամ արգելել դրսից ներկրումները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 
ՄԵՐՈՆՔ ԲԱՔՈՒ ՉԵՆ ԳՆԱ

Երեւանում ավարտված Եվրոպայի շախմատի անհատական 15-րդ առաջնությունում մինչեւ 23-րդ տեղ զբաղեցնող շախմատիստները շախմատի աշխարհի անհատական առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստացան: Մեր երկրից նման իրավունք ձեռքբերեցին երեք հայ գրոսմայստերներ՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը։ Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, հայ գրոսմայստերները չեն մեկնի աշխարհի առաջնության, քանի որ այն կայանալու է Բաքվում։
Հիշեցնենք, որ մեր զրուցակիցը մինչեւ Եվրոպայի երեւանյան առաջնության նախավերջին տուրը գտնվում էր առաջատարների թվում, բայց, ի վերջո, հայտնվեց ցածր հորիզոնականում։ Նա այդ անհաջողությունն այսպես բացատրեց. «Այնպես ստացվեց, որ նախավերջին պարտիան շատ լարված պայքարում անցավ, վերջում կարող էի հեշտությամբ ոչ-ոքի ավարտել այն, բայց ես մտածեցի՝ եթե հաղթեմ, +5 արդյունքով ամենաքիչը երկրորդ հորիզոնականը կզբաղեցնեմ։ Եվ ռիսկի դիմեցի, սկսեցի ճնշել մրցակցիս, այսպես ասած, ագրեսիվ խաղալ, որպեսզի կարողանամ հաղթել։ Ես հիմա էլ կարծում եմ, որ ճիշտ էր նման ձեւով խաղալը։ Պարզապես վերջում ե՛ւ ես, ե՛ւ մրցակիցս հայտնվեցինք ցայտնոտի մեջ, ես սխալվեցի ու պարտվեցի։ Բայց, կրկնեմ, ոչ-ոքին ինձ ոչինչ չէր տա։ Իսկ եթե լավագույն 23-ի մեջ հայտնվելու եւ աշխարհի առաջնությանը մասնակցելու խնդիր ունենայի, հեշտությամբ դրան կհասնեի։ Ես ձգտում էի, որքան հնարավոր է, լավ խաղալ»։
Մենք հետաքրքրվեցինք, թե Հայաստանից այդքան շատ` 80 մասնակից ունենալու հանգամանքը չէ՞ր ստվերում նման խոշոր ստուգատեսը։ Հայ գրոսմայստերը կարծիք հայտնեց, որ մեզ մոտ նման խոշոր մրցաշար անցկացնելը նաեւ մեր երիտասարդներին փորձ ձեռքբերելու հնարավորություն տվեց: Չնայած, ըստ նրա, լինում էին պահեր, երբ Եվրոպայի առաջնությունը հիշեցնում էր Հայաստանի առաջնությունը։ Դե իսկ Եվրոպայի չեմպիոն արժանիորեն հռչակվեց Ալեքսանդր Մոտիլյովը, ով շատ լավ, վստահ անցկացրեց ողջ մրցաշարը։
Անդրադառնալով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, որին մասնակցում է մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Վ. Հակոբյանը նշեց՝ մեր հայրենակցին գրեթե բոլորը ֆավորիտ են համարում, սակայն միշտ չէ, որ ֆավորիտներն են հաղթում։ Բացի այդ, զգացվում է, որ Անանդն էլ լավ մարզավիճակում է.«Դա շատ բարդ մրցաշար է, ունի իր յուրահատկությունները, եւ պատահականությունները նվազագույնի հասցնելու համար կազմակերպիչներն այն երկու շրջանով են անցկացնում։ Դեռ չի ավարտվել առաջին շրջանը, ու շատ բան կարող է փոխվել։ Չպետք է մոռանալ, որ միայն հաղթողն է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունք ստանում, եւ նույնիսկ երկրորդ տեղ զբաղեցնելը կհամարվի անհաջողություն։ Երկրորդ շրջանում արդեն կես միավորն էլ կարող է որոշիչ լինել, եւ լավ հանդես գալու համար կարեւորվում է ամուր նյարդերի առկայությունը»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-փետրվար ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ վերջին տվյալների` այս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.4%: Հատկանշական է, որ փետրվարին ակտիվությունն աճել է: Եթե առանձին վերցրած հունվարին 2013-ի հունվարի համեմատ ՏԱՑ-ը 1.6% է եղել, ապա առանձին վերցրած փետրվարին` նախորդ տարվա փետրվարի համեմատ ՏԱՑ-ը 3.2% է եղել: Նշվել է եւս մեկ հետաքրքիր առանձնահատկություն: Շինարարությունը, որը դադարել էր եւ անկում ապրել, այս տարվա հունվար-փետրվարին աճել է 1.2%-ով: Մինչդեռ արդյունաբերությունը զգալի անկում է ապրել՝ նշված ժամանակահատվածում նվազելով 4.1%-ով: 4.4%-ով էլ նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ պայմանավորված Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա բարտերի ծավալների կրճատմամբ:

 
ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2014թ. մարտի 24-ից արագաչափ սարքերը գործարկվելու են նշված վայրերում. 1. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 187.4-րդ կմ (Սառնակունք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, 2. Մ-2 «Երեւան- Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: ՃՈ-ն հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս