ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում
Երեւի այս տիկինն այնքան է հոգնել մեր երկրում տիրող գաղջ մթնոլորտից, որ որոշել է մի փոքր լիցքաթափվել եւ երկու երեխաների հետ զբոսնել մայրաքաղաքում: Բայց, կարծես, նրա քնատ վիճակից ինչ-որ մեկն օգտվել եւ երեխաներից մեկին «փախցրել» է:
ՀԱՐՑ. Խնդրում եմ բացատրեք, թե կոնկրետ որն է Շենգենյան վիզան: Ես կարո՞ղ եմ Գերմանիայի դեսպանության կողմից ստացած Շենգենյան վիզայով մեկնել շենգենյան այլ երկրներ:
Ռիմա Եփրեմյան (28 տարեկան, թարգմանչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Շենգենյան վիզա» նշանակում է այնպիսի վիզա, որը տրամադրվում է այն պետությունների կողմից եւ գործում է այն պետությունների տարածքում, որոնք 1985 թվականի հունիսի 14-ին ստորագրել են «Ընդհանուր սահմանների հսկողության աստիճանական վերացման» մասին համաձայնությունը: Շենգենյան վիզան հնարավորություն է տալիս շենգենյան երկրներում գտնվել 6 ամսվա ընթացքում ամենաշատը 90 օր: Տվյալ վիզայով հնարավոր չէ աշխատանքային գործունեություն ծավալել: Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Ֆրանսիան:
Դուք կարող եք վիզայի ժամկետի սահմանում այցելել ցանկացած շենգենյան երկիր: Բայց հիմնական նպատակակետ երկիրը պետք է լինի այն, որի դեսպանությունից դուք վիզա եք ստացել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Երեւանում
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, հետ կանգնելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ ապագայում ԵՄ հետ առավել սերտ ինտեգրացումից, Հայաստանը կորցրեց ապագայում ԵՄ երկրներ առանց վիզայի մուտքուելքի հնարավորությունից: Դեռ լավ է, որ անցած 3 տարվա բանակցությունների արդյունքում ԵՄ-ն կիրառեց Հայաստանի համար վիզաների հեշտացված կարգը:
ՀԱՐՑ. Ես ունեմ սոցփաթեթից օգտվելու հնարավորություն. հետաքրքիր է իմանալ, կարելի՞ է սոցիալական փաթեթի գումարով ապահովագրել ամբողջ ընտանիքը: Եվ խնդրում եմ ասեք՝ ծածկվո՞ւմ են արդյոք արդեն իսկ առկա հիվանդությունները բազային փաթեթով:
Ռուզաննա Սիմոնյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի ընդհանուր գումարը, այն է՝ 132.000 դրամը, բավարար է ընտանիքի 3 անդամի ապահովագրելու համար (ներառյալ պետական ծառայողին): Պարզ թվաբանություն՝ 3×52.000=156.000, իսկ մեր ընկերությունը 3 հոգու ապահովագրությունը տրամադրում է 132.000 դրամով: Ի դեպ, յուրաքանչյուր հաջորդ ընտանիքի անդամի համար հարկ կլինի վճարել արդեն ոչ թե 52.000 դրամ, այլ ընդամենը 40.000 դրամ:
Ինչ վերաբերում է առկա հիվանդություններին, ապա հայտնում ենք, որ, այո՛, սոցիալական փաթեթի ներքո տրամադրվող ծրագրերով բժշկական ծախսերը հատուցվում են անկախ հիվանդության առաջացման ժամանակից, այսինքն՝ եթե անգամ մինչ վկայագրի կնքումը առկա է որեւէ հիվանդություն, որը ներառված է ներկայացված ծրագրերի ծածկույթում, վկայագիրը կնքելուց հետո 15-րդ օրվանից կարող եք այն բուժել եւ բուժման ծախսերը կհատուցվեն մեր ընկերության կողմից:
«Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են 25 լիցենզավորված ապահովագրական ընկերություններ, որոնք իրականացնում էին ապահովագրության տարբեր տեսակներ, օրինակ՝ դժբախտ դեպքերից ապահովագրություն, բեռների ապահովագրություն, բժշկական ապահովագրություն, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի ապահովագրություն, ավիացիոն ռիսկերի, շինմոնտաժային ռիսկերի, շինարարների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, գրավի ապահովագրություն, ֆինանսական ռիսկերի ապահովագրություն եւ այլն:
ՀԱՐՑ. Քույրս իր ընտանիքով երկար տարիներ բնակվում էր Հայաստանից դուրս: Հիմա վերադարձել են հայրենիք մշտական բնակություն հաստատելու: Ցանկանում ենք տեղեկանալ՝ նրա տղայի կրթության հետագա ընթացքն ինչպե՞ս պետք է որոշվի: Ընդհանրապես ի՞նչ կարգով է որոշվում, թե վերադառնալուց հետո երեխան որ դասարանում պետք է ուսումը շարունակի:
Ալլա Սարգսյան (38 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է Հայաստանի եւ այլ պետությունների հանրակրթական համակարգերի համարժեքության աստիճանները, համաձայն որի՝ որոշվում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը: Բնակության վայրի մարզպետարանի կրթության բաժինը կրթական համարժեքության աստիճանի որոշումից հետո ցուցում է տալիս դպրոցի տնօրինությանը, որպեսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը եւ որոշեն, թե նա որերորդ դասարան պետք է հաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարվում է, որպես կանոն, մեկ տարով:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններ 2012-2013 ուսումնական տարում հաճախել են 368.708 սովորողներ, որից 177.118-ը աղջիկներ են: Նախորդ տարվա համեմատ սովորողների թվաքանակը նվազել է 3.2%-ով: Ըստ նախարարության տվյալների՝ 2012-2013 ուսումնական տարում կտրուկ աճել է երկտարեցիների թվաքանակը՝ նախորդ տարվա 453 սովորողից հասնելով 1450-ի: Աճը կազմում է մոտ 68.8%: Նման կտրուկ աճի պատճառները բացահայտելու համար 2013-2014ուստարում կիրականացվի հետազոտություն Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում: