Հայաստանյան խանութներում շարունակվում է ժամկետանց հավկիթների վաճառքը. իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը պաշտոնական անգործություն է դրսեւորում: «Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ ժամկետանց հավկիթները, որոնք ներկրվել էին Ուկաինայից, տեղափոխվել են ՀՀ մարզեր՝ այնտեղ «աչքից հեռու» վաճառելու համար: Սակայն Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանը հերքում էր: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված ժամկետանց հավկիթներ, որոնց վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին եւ պիտանի է մինչեւ մարտի 26-ը: Հիշեցնենք, որ նույն Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրեր առաջ հայտարարել էր նաեւ, որ ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է: Նշանակում է, որ հունվարի 26-ին արտադրված եւ այսօր վաճառվող հավկիթները ժամկետանց են: Սակայն պատասխանատուները կասկածելի լռություն են պահպանում այս առնչությամբ` չհայտնելով անգամ, թե որ ընկերության ներկրված ձուն են ստիպողաբար «սաղացնում» հայ հասարակության վրա:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ըստ էության, ուշագրավ բացահայտում է արել. պարզվում է՝ նա առ այսօր հացադուլ հայտարարել է ոչ թե քաղաքական, այլ՝ անձնական նկատառումներից ելնելով, նիհարելու համար: «Նայելով իմ քաշին՝ շատերն են ասում, որ հացադուլի ժամանակը հասունացել է, Արմենուհին համաձայն չէ միայն: Ոչ մի բան բացառված չէ»,-երեկ ասել է նա: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան Ր.Հովհաննիսյանը մեկնաբանել է, թե ինչու նախորդ տարվա ապրիլի 9-ին ինքը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու: ««Սերժիկ հեռացիր» գոչյունների ներքո մենք շարժվեցինք այդ հոգեհանգիստը կատարելու Ծիծեռնակաբերդում: Դրանից հետո էլ Հայաստանի ոստիկանապետը որոշեց միանալ մեզ»,-ասաց նա:
Կառավարությունն այս տարի նախաձեռնել է միանգամից երեք ավտոմեքենա գնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմը 2014թ. գնելու է սեդան թափքով մեքենա` ընդհանուրը 30 մլն դրամ արժողության: Բացի այդ, կառավարությունը մեծ գումար է տրամադրելու ավտոմեքենաների վերանորոգման ու շահագործման ծախսերի համար. մոտ 14.8մլն դրամ, իսկ ավտոմեքենայի անվադողերի վրա կառավարությունը ծախսելու է ավելի քան 9 մլն դրամ: Իհարկե լավ է, որ գործադիր մարմնի ներկայացուցիչները նոր բան անելու ձգտումներ են ցուցաբերում, սակայն նկատենք, որ կառավարության աշխատաոճն ու աշխատանքի արդյունավետությունն այդպես էլ դրական փոփոխությունների չեն ենթարկվում:
ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2007թ. ի վեր, ըստ էության չի տիրապետում իրավիճակին: Մեր զրուցակիցը նշեց, որ խորհրդային տարիներից եղել է 599 խորքային հոր, որից միայն 14-ն ունի ջրօգտագործման թույլտվություն: Իսկ ահա քննչական մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Ա.Հարությունյանը պետք է պարզապես երկարացներ ջրօգտագործողների թույլատրության ժամկետները, այլ ոչ թե նոր մարդկանց հորատանցքի օգտագործման թույլտվություն տար: Այս խառնաշփոթի հետեւանքը եղել է այն, որ ընդերքը դատարկվում է: Այս առիթով քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է:
ԻՆՔԸ ՈՐ ՉԳՈՎԻ, Ո՞Վ ԿԳՈՎԻ
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ԱԳՆ, որտեղ ղեվակար անձնակազմի հետ խորհրդակցության ավարտին անդրադարձել է երկրի անվտանգության խնդիրներին: Եվ, ինչպես վերջին ամիսներին, այս անգամ եւս հանդես է եկել առկա իրավիճակի բավականին յուրովի գնահատականներով. «Խնդիրը հետեւյալում պետք է լինի. մենք մեկ տարի անց կարողացանք մեր անվտանգության ապահովման երաշխիքը բարձրացնել, թե չկարողացանք: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով եւ որակով շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված եւ մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, հատկանիշ` մենք չենք փորձում որեւէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք` սա է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել»:
Անկեղծ ասած` Սերժ Սարգսյանի նման ինքնագովաբանությունը հատկապես երկրի անվտանգության եւ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, մեղմ ասած, հարցահարույց է: Նախ` անհասկանալի է, թե այդ ինչ է տեղի ունեցել, որ մեկ տարվա ընթացքում բարձրացրել է մեր երկրի անվտանգությունը: Միակ քայլը, որ արվել է` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն է, որը, ինչպես հայտնի է, տնտեսական միություն է, այլ ոչ քաղաքական կամ ռազմական: Ի դեպ, դա անվերջ շեշտում էր հենց իշխանական քարոզչամեքենան: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մատնանշած «որակին»` որեւէ մեկին չխաբելու կամ չմոլորեցնելու առումով, ապա խեղճ եվրոպացիները Սերժ Սարգսյանի այդ «որակի» շնորհիվ մինչեւ հիմա իրենց զգում են ոչ միայն խաբված ու մոլորված, այլեւ` պարզապես «քցված»:
Միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության ներկայիս աստիճանի հետ կապված էլ, դժվար է չարձանագրել, որ այն այսօր ոչ թե ցածր է, այլ՝ պարզապես բացակայում է: Այն աստիճան, որ Հայաստանի անունն առհասարակ չի հնչում` ո՛չ ռուսական, ո՛չ էլ եվրոպական քաղաքական ու մեդիա դաշտում՝ լինի դա Մաքսային միությանն անդամակցության հեռանկարի, թե Ղարաբաղի հարցով:
Ինչ վերաբերում է դաշնակիցների «տեսակին ու որակին, որը շատ ավելի անվտանգ է», ապա ինչպես մի առիթով ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկին ասաց Գ. Ջհանգիրյանը` «ճաշակի հարց է», առավել եւս` եթե Ս. Սարգսյանի համար առաջնայինն անձնական իշխանության անվտանգության հարցն է:
Եվ վերջում` լավ կլիներ, որ Ղարաբաղի հարցում երբեք չեղած «այսպիսի միանշանակության» մասին խոսելիս Սարգսյանը հստակեցներ, թե ինչպիսի միանշանակության մասին է խոսքը` միանշանակ վա՞տ, թե՞ միանշանակ վատթար: Լավի մասին խոսելու համար անգամ նրա ցինիզմը չի հերիքի: