ԼՈՌԻՆ ԿՈՒՆԵՆԱ ՋՐԻ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի մոտ 10 համայնք կարող է մնալ առանց կենարար հեղուկի: Մեծ թվով համայնքներ սնուցող Կամենկա ջրագիծը կարող է ապամոնտաժվել: Այս կապակցությամբ անհանգստացած են համայնքապետերը, ֆերմերները, անասնապահներն ու խմելու ջուր օգտագործողները:

2013 թվականի դեկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել՝ «Հայջրմուղկոյուղի» ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու եւ գույքն օտարելու մասին: 1490 Ա հրամանով կառավարությունը որոշել է. «Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 47706 մետր երկարությամբ եւ 1 052 934 072 դրամ հաշվեկշռային արժեքով Կամենկա-Վանաձոր ջրատարի խողովակաշարով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց»:
Կամենկա ջրագիծը գտնվում է Լոռու մարզի Կաթնառատ համայնքում: Ջրատարը կառուցվել է 20 -րդ դարի 80-ականներին եւ դեռեւս պիտանի է շահագործման համար: Ջրագծի ապամոնտաժման հետ կապված՝ մարզի մոտ 10 համայնքներում բողոքի հսկայական ալիք է բարձրացել: Տարբեր կառույցներից դիմում-խնդրանքներ են ուղարկվել թե՛ կառավարություն, թե՛ այլ մարմիններ, սակայն ապարդյուն: Վերջերս ինչ-որ մարդիկ գնացել են տարածքն ուսումնասիրել, որից հետո համայնքապետարաններին տեղեկացվել է, որ արդեն պետք է սկսվեն ապամոնտաժման աշխատանքները: Լուրը խուճապ է առաջացրել ոչ միայն համայնքապետարաններում, այլեւ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվողների շրջանում: Խիստ մտահոգված են նաեւ Տաշիրի եւ Ստեփանավանի խմելու ջուր օգտագործողները:
Կամենկա-Վանաձոր ջրատարից սնվում են մեծ թվով համայնքներ: Ֆերմերների ազգային միության խորհրդի նախագահի տեղակալ Վռամ Գյուլզադյանը ցնցված է, ասում է` այդ ջրագիծը կարող է դեռ 20 տարի ծառայել ողջ մարզին եւ դրա չլնելու դեպքում այլընտրանք պարզապես չկա: «Ջրագծի վերացումը ոչ միայն գյուղատնտեսությանը մեծ վնաս կհասցնի, այլեւ այս 5 գյուղի մնալ- չմնալու, ապագայի հարցը դրվում է հարցականի տակ»,- ասում է Վռամ Գյուլզադյանը:
Խնդրով մտահոգված՝ Վարդաբլուր համայնքում գործող «Սերմնաբույծ» ՍՊԸ գործադիր տնօրեն Կամո Մանուկյանն էլ նշում է, որ իրենք 180 հա հողատարածք հենց այդ ջրագծի միջոցով են ոռոգում: Եթե ջրագիծն ապամոնտաժվի, մի քանի անգամ պակաս բերք կստանան:
Տաշիրի քաղաքապետարանում մտահոգություններն ավելի շատ են. այստեղ նշում են, որ ջրագծի ապամոնտաժման արդյունքում ամբողջ քաղաքում վերջերս լուծված ջրի խնդիրը կրկին կմտնի օրակարգ: Նույն վիճակն է նաեւ Ստեփանավանում, այստեղ էլ շուրջ 1700 ընտանիք` քաղաքի 30 տոկոսը, ջուրը ստանում է Կամենկայից: Բացի դա, արոտավայրերը կմնան առանց ջրի, իսկ տարածքի խոշոր եղջերավոր կենդանիների թիվը հատում է 2000-ը:
Կամենկայի ջրագծի վրա կառուցված «Արարատ» հէկ ՓԲԸ տնօրեն Արարատ Անդրեասյանի խոսքերով էլ` բացի իրեն սպասվելիք խոշոր չափերի վնասից, հէկ-ում ներկայումս աշխատող շուրջ 40 մարդ, ջրագծի ապամոնտաժման դեպքում, կհամալրի գործազուրկների թիվը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենի հետ:
«Այո, ջրատարն ապամոնտաժվելու է, եւ ես հուսով եմ, որ դա կարվի: Քանի որ այդ ջրատարը բավականաչափ խնդիրներ է առաջացնում ե՛ւ ընկերության, ե՛ւ Ստեփանավան քաղաքի համար: Բացի այդ, այդ ջրատարի հետ կապված սանիտարական մեծ ռիսկ կա, որովհետեւ բնակիչներն ապօրինաբար օգտվել են այդ ջրից: Եվ Կամենկա-Վանաձոր ջրատարի ջուրը խառնվել է Ստեփանավանի ցանցի կենտրոնացված ջրամատակարարվող ջրի հետ` առաջացնելով սանիտարական մեծ ռիսկ: Մենք շահագրգռված ենք, որ այդ ջրատարն ապամոնտաժվի, որպեսզի բնակիչներն արդեն նորմալ կենտրոնացված ցանցին միանան եւ ջրաչափեր տեղադրեն»,-պարզաբանեց Լորենը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ընկերությանը չի մտահոգում այն, որ ջրատարի ապամոնտաժման արդյունքում մոտ 10 համայնք ջրազրկվելու է, «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենը պատասխանեց. «Տա՞սը համայնք: Իսկապես տասը գյուղի մասին չէ խոսքը: Ես գիտեմ միայն մի գյուղի` Կաթնառատի մասին, որը մեր սպասարկման տարածքում չէ, բայց ուսումնասիրություններ պետք է արվեն պարզելու, թե գյուղում ինչ աշխատանքներ են անհրաժեշտ կատարել»:
Զրույցի ավարտին, Պատրիկ Լորենը վստահեցրեց, որ ընկերության բաժանորդները չեն ջրազրկվի, իսկ ինչ վերաբերում է այն սպառողներին, ովքեր «Հայջրմուղկոյուղու» բաժանորդները չեն եւ սնվում են այդ ջրատարից, ապա խնդիրը կուսումնասիրվի եւ հնարավորության դեպքում նրանց էլ կմիացնեն ջրամատակարարման համակարգին: «Իհարկե, պայմանով, որ իրենք դառնան նորմալ բաժանորդ, ջրաչափեր տեղադրեն եւ վճարումներ կատարեն: Հավանաբար, այդ աղմուկը բարձրացրել են այն մարդիկ, ովքեր ապօրինաբար են օգտվել այդ ջրից: Եվ հիմա էլ, բնականաբար, ջրից զրկվելով` բողոքում են»:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի
ՍՅՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Երեւան

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԳՍՏԱՑԱ»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ): Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում մեր հայրենակիցը հաղթեց մրցակցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը աշխարհի հայազգի չեմպիոնն է:

-Արթուր, այս պահին որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, կարողացա՞ք լավ հանգստանալ Շտիգլիցի հետ կայացած ծանր մենամարտից հետո:
-Ներկայումս Բեռլինում եմ, արդեն սկսել եմ մարզումներս Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզադահլիճում: Շատ լավ հանգստացա Իտալիայի Վենետիկ քաղաքում: Այցելեցի մշակութային հուշարձաններ, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն։ Հանգստի ընթացքում նաեւ երկար քնեցի, ինչն ինձ համար հանգստի բաղկացուցիչ մաս է: Հրաշալի հանգիստ էր, եւ ես շատ գոհ եմ:
-Սովորաբար մենամարտից հետո գալիս եք հայրենիք, սակայն Շտիգլիցին հաղթելուց հետո չեկաք։ Հայաստան գալո՞ւ եք:
-Քանի որ հաջորդ մենամարտին քիչ ժամանակ է մնացել, հայրենիք չեկա։ Հայաստան կգամ մայիսի 3-ի մենամարտից հետո:
-Ի՞նչ կասեք Նիկոլա Սյեկլոցայի մասին:
-Անկեղծ ասած, շատ բան չգիտեմ Նիկոլա Սյեկլոցայի մասին: Դեռ չեմ դիտել նրա մենամարտերի տեսագրությունները, պետք է դիտեմ եւ միայն այդ ժամանակ կարող եմ կարծիք հայտնել, թե նա ինչպիսի բռնցքամարտիկ է, ինչպիսի մրցակից:
-Երբվանից եւ որտեղ եք նախապատրաստվելու մենամարտին:
-Արդեն նախապատրաստվում եմ. օրական երկու անգամ մինչեւ երեք ժամ տեւողությամբ մարզումների մեջ եմ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայրենական մեծ պատերազմի վետերան, 90-ամյա Կոնստանտին Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի միջոցով դիմում է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով օգնել հետ ստանալ իր`դատարանի վճռով սահմանված գումարները:

«Հարեւանիս՝ Արմենակ Հարությունյանին, եւ իր կնոջը 2007-2008թթ. ընթացքում պարբերաբար պարտքով գումար եմ տվել, ամբողջական գումարը կազմում է 8480 ԱՄՆ դոլար: Այդ գումարներն ինձ հետ չեն վերադարձվել: Ուստի 04.04.2009թ. իմ պահանջով պարտքը ձեւակերպվել է պարտապանի կողմից ինձ տրված ստացականով, ըստ որի՝ Ա. Հարությունյանը պարտավորվել է նշված 8480 դոլարը վերադարձնել մինչեւ 31.12.2009թ., սակայն մինչ օրս չի վերադարձնում՝ պատճառելով նյութական եւ հոգեկան վնաս:
17.03.2010թ. դիմել եմ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Հարությունյանից գումարը բռնագանձելու պահանջով: 19.03.2010թ. դատարանը որոշել է հայցագնի չափով արգելք դնել պարտապանին պատկանող գույքի վրա, որը ենթակա է անհապաղ կատարման: 16.04.2010թ. նշված որոշման կատարողական թերթը ԴԱՀԿ ծառայությունը կատարման է ներկայացրել: 20.04.2010թ. հարկադիր կատարող Արմեն Մեժլումյանը հարուցել է կատարողական վարույթ: 14.05.2010թ. դատարանը վճռել է՝ պարտապանից հօգուտ ինձ բռնագանձել 8480 դոլար: 26.06.2010թ. նշված վճռի կատարողական թերթը ԴԱՀԿ ծառայությանը կատարման է ներկայացվել: Կատարողական գործողությունների ընթացքում, սակայն, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը թույլ է տվել ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի խախտումներ: Օրինակ՝ խախտել են դատարանի հայցի ապահովման մասին որոշման պահանջը՝ որոշումը անհապաղ չեն կատարել։ Նշված օրենքի N6 հոդվածի պահանջը՝ պահանջատիրոջը կատարողական վարույթի մասնակից չեն դարձրել, նաեւ` նշված օրենքի N 30 հոդվածի պահանջները՝ կատարողական վարույթ հարուցելուց հետո պարտապանից հայտարարագիր չեն վերցրել՝ նրա գույքի կազմ ու քանակի, նրան պատկանող, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված գույքի մասին:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նշված անօրիանական գործողությունների վերաբերյալ բողոք-դիմում եմ ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին:
Արդյուքում՝ 09.06.2011թ. հարկադիր կատարողը, պարտապանի կողմից վարձակալած Բակունցի փողոցի 13 տանը գույքագրել եւ արգելանք է դրել պարտապանին պատկանող 400.000 ՀՀ դրամ արժողությամբ կահույքի վրա, որը 19.01.2012թ. ներկայացվել է ուղղակի վաճառքի։ Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը խախտել է ԴԱՀԿ-ի մասին ՀՀ օրենքի N 44 հոդվածի N 5 կետի պահանջը՝ «գույքագրման աշխատանքների ժամանակի ու վայրի մասին, գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, գրավոր պահանջատիրոջը չի տեղեկացրել»:
06.04.2012թ. պարտապան Ա. Հարությունյանը, ԴԱՀԿ ծառայությանը հայտնել է, որ արգելադրված գույքը գողացել են: Սակայն, չնայած այդ փաստին, հարկադիր կատարողի կողմից գողացված կահույքի վերաբերյալ 3 անգամ կայացվել է որոշում՝ 09.01.2012թ. կահույքի ուղղակի վաճառքի մասին, իսկ 06.02.2012թ. եւ 05.03.2012թ.` վաճառքի նոր գին սահմանելու մասին:
ԴԱՀԿ-ը վաճառքի ներկայացված գույքի համար նոր գին սահմանելիս, խախտել է նշված օրենքի N53.1 հոդվածի N 5 կետի պահանջը. «տասնօրյա ժամկետում գույքի չիրացվելու դեպքում ուղղակի վաճառքի ներկայացված գույքի համար, հարկադիր կատարողը սահմանում է նոր գին»:
Ըստ ԴԱՀԿ ծառայության՝ պարտապանը 20.04.2010թ. մինչեւ 2011թ. գույք չի ունեցել, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժինը պարզել է, որ պարտապանն իր բնակարանը եւ բնակարանի գույքը վաճառել է 2011թ., որն էլ ապացուցում է, որ ԴԱՀԿ ծառայության վերը նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Վերոգրյալ անօրինական գործողությունների վերաբերյալ դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ-ը 7 ամիս է, ինչ քննարկում է վերոգրյալ հարցերը, սակայն դեռ արդյունք չկա: ԱՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, պաշտպանի հարցումներին, ըստ էության, պատասխան չի տալիս եւ չի տրամադրում նրա պահանջած փաստաթղթերը:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անգործությունը եւ վերոշարադրյալ անօրինական գործողություններն ինձ զրկել են դատարանի վճռով սահմանված գումարներից եւ հասցրել վնասներ»:

 




Լրահոս