Օրերս ԱՄՆ-ի Սպիտակ տան այցելությունների կենտրոնում ցուցադրության դրվեց հայ որբերի գործած գորգը, որը նրանք 1925 թվականին նվիրել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին օգնելու համար: Պարզվում է՝ գորգի ցուցադրությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում:
Տեղի լրատվամիջոցները Միացյալ Նահանգների որոշումը համարել են ազդակ՝ ուղղված Անկարային: Թերթերն ընդգծել են հատկապես այն հանգամանքը, որ Սպիտակ տունը գորգը հանրային ցուցադրության է դրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Թե ինչպես կարող է հայ որբերի գորգը վերածվել քաղաքական գործիքի, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել են մասնագետները:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող խորհրդանշական իրերից մեկը հենց այդ գորգն է:
«Բնական է, որ ցանկացած նման խորհրդանիշ վախեցնում է Թուրքիային եւ խորացնում է նրա կոմպլեքսները: Պարզապես զարմանալի է, որ Թուրքիայի պես մեծ պետությունն իր քաղաքական օրակարգի կարեւորագույն նյութ է դարձնում 100 տարի առաջ գործված գորգի թեման՝ դրանով իսկ նպաստելով հարցի քաղաքականացմանը»,-նկատեց թուրքագետը:
Նրա համոզմամբ՝ քանի որ գորգի թեման քաղաքականացված է, Միացյալ Նահանգները փորձում է փոքրիկ մեսիջ հղել Թուրքիային:
«ԱՄՆ-ի քայլն իր մեջ անկեղծության դեֆիցիտ ունի, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ հայ որբերի գորգը Թուրքիային ճնշելու գործիքներից մեկն է»,-ասաց Ռ. Մելքոնյանը՝ հավելելով, որ Թուրքիան իր հիստերիկ պահվածքն ու կոմպլեքսներն ի ցույց դնելու դեռեւս շատ առիթներ կունենա:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ այն կարծիքին է, որ հայկական հարցը ԱՄՆ-ի ձեռքին միջոց է, որը ցանկացած պահի օգտագործվում է՝ Թուրքիային զսպաշապիկ հագցնելու համար. «ԱՄՆ-ն, հայ որբերի գորգը ցուցադրելով, կարծես քայլ է անում դեպի Ցեղասպանության ճանաչում, դա, բնականաբար, անհանգստացնում է Թուրքիային, որը, հիստերիկ իրավիճակ ստեղծելով, փորձում է հակազդել ԱՄՆ-ի գործողություններին»,-մեկնաբանեց Ա.Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով որբ մնացած հայ մանուկները գորգը գործել են Լիբանանի Ղազին մանկատանը: Նրանց օժանդակել է ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արեւելքում, եւ գորգը հանձնվել է՝ ի նշան որբերի երախտիքի:
Աննա Բաբաջանյան