ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՈՍԿԵՎԱՆՈՒՄ

Մարտի 23-ին տհաճ միջադեպ է տեղի ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում: Դեպի Կոթի գյուղ տանող ավտոճանապարհի եզրին գտնվող հուշաղբյուր-տաղավարներից մեկում՝ «Խաչոյի աղբյուրում», քեֆ են արել մի խումբ երեւանցիներ: Նրանցից մեկը ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորի քեռի է: Հուշաղբյուրին են մոտեցել ոսկեվանցի 3 անչափահաս պատանիներ: Նրանք ցանկացել են աղբյուրից ջուր խմել: Սակայն հայրենի գյուղի աղբյուրից ջուր խմելու նրանց ցանկությունը խոչընդոտների է հանդիպել: Մեր տեղեկություններով՝ քեֆ անողները պատանիներին շատ կոշտ են դիմավորել: Նրանցից մեկը տղաներին սկսել է անհարկի հարցեր տալ, հետո հարվածել է անչափահասներից մեկի դեմքին: Երեք տղաներից մեկը զանգահարել է գյուղ՝ իր հորը, եւ տեղեկացրել պատահարի մասին: Վերջինս անհանգստացած եկել է հուշաղբյուր եւ համեստ ձեւով ցանկացել պարզել վեճի պատճառը, սակայն «քեֆչիներից» մեկը շշով հարվածել է նրա գլխին: Արդյունքում ոսկեվանցի տղամարդուն տեղափոխել են հիվադանոց:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ մարտի 24-ին, գիշերվա ժամը 3-ն անց 25-ի սահմաններում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոսկեվան գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Մ.-ն: Նա հիվանդանոց է տեղափոխվել գլխի աջ ճակատային մասի սալջարդով, պատռվածք վերքով, գլխի ցավերով: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Մեր տեղեկություններով՝ Ոսկեվանի բնակիչներն իրենց ոչ քաղաքակիրթ պահած անձանց պատժել են, ծեծի ենթարկել: Արդյունքում ջարդվել է Երեւանի քաղաքապետարանին պատկանող ծառայողական ավտոմեքենաներից մեկը, որով «քեֆչիները» եկել էին Ոսկեվան: Հարց է ծագում՝ Երեւանի քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենան ի՞նչ գործ ուներ Նոյեմբերյանի սահմանագոտում,արդյոք այդ մեքենայի համար գործուղման թերթիկ էր գրված եւ քաղաքապետարանի ո՞ր պաշտոնյան էր ստորագրել գործուղման թերթիկի տակ: Ոստիկանության մեր աղբյուրները հաղորդում են, որ այս միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, որից հետո կորոշվի՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: Նշանակված են դատաբժշկական մի քանի փորձաքննություններ:
Մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ այս առթիվ Երեւանից Տավուշի մարզ են եկել, նաեւ զանգահարել են շատ ազդեցիկ անձինք, ուստի այս գործն, ըստ ամենայնի, կփակվի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

 

 

 

 
«ԳԵԼԱՓ»-Ի ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

 

«Երեւանցիների 60%-ը տեղեկացված չէ Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին կամ քիչ է տեղեկացված»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Գելափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրենքին դեմ արտահայտված հիմնական փաստարկները հետեւյալն են՝ 34,3%-ը դեմ է, քանի որ կուտակված գումարները հետ ստանալու երաշխիք չկա, 32,9%-ը չի վստահում կառավարությանը, 27,3%-ը կարծում է, որ 5% պահումը աշխատավարձից բավականին մեծ գումար է, 18,8%-ը նշել է, որ չի վստահում ֆոնդերին, 18%-ը չի վստահում կուտակային կենսաթոշակային համակարգին, 18,4%-ը դեմ է համակարգի դեմ լինելուն եւ 5,5%-ը դեմ է, որովհետեւ կուտակված գումարներն ուղարկվելու են արտերկիր: «Համակարգին կողմ 46,2%-ը նշել է, որ պետությունն իր ներդրումը կունենա իր քաղաքացիների բարեկեցիկ ապագան ապահովելու գործում: 23,1% նշել է, որ ընթացիկ կուտկակված գումարները կնպաստեն տնտեսության զարգացման խթանմանը եւ 21,2%-ը նշել է, որ զարգացած երկրներում ընդունելի համակարգ է եւ կցանկանան, որ այն եւս կիրառվի Հայաստանում»,- հայտնեց Նավասարդյանը: Վերջում Նավասարդյանը հայտնեց, որ հանրության կողմից կուտակայինի մասին տեղեկացվածությունը բավարար չէ: Նրա փոխանցմամբ՝ իրենց հետազոտությունների արդյունքերը կուղարկվեն նախագահական, ՍԴ, կառավարություն, մի քանի հկ-ներ, որպեսզի թվարկվածները կարողանան որպես ինֆորմացիա սա օգտագործել:




Լրահոս