ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԷԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ ԷՐ

ՀՀ Ազգային ժողովը դարձել է դանակով զինված քաղաքացիների համար խնդիրներ բարձրացնելու յուրօրինակ ամբիոն: Մեկ տարի առաջ՝ 2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, քաղաքացի Վրեժ Գալստյանը դանակը ձեռքին ներխուժել էր ԱԺ տարածք ու անվտանգության աշխատակիցներին սպառնալով պահանջել իրեն թույլ տալ մտնել ԱԺ շենք: Երեկ գրեթե նույն ժամին, նույն տարածքում էր հայտնվել Աշոտ անունով միջին տարիքի մի տղամարդ՝ կրկին դանակը ձեռքին ու գումար պահանջել անվտանգության աշխատակիցներից: Եթե նախորդ դեպքում հայտարարվեց, որ Վրեժը հոգեկան խնդիրներ ուներ, ապա այս դեպքում Աշոտը բանտից դուրս էր եկել եւ չի կարողանում իր կյանքը տնօրինել:
Առաջին հայացքից արկածախնդրություն հիշեցնող այս միջադեպերն իրականում լուրջ դրդապատճառներ ունեն. մեր երկրում կան կարծրացած խնդիրներ, որոնք ՀՀ քաղաքացիներին մղում են ծայրահեղության: Հետաքրքիր է՝ սեփական ձկնաբուծարանների ապագայով մտահոգ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոնե ինքն իրեն հարց տվե՞լ է. այս պայթյունավտանգ իրավիճակը միթե լուրջ գործընթացների ահազանգ չէ:

 
Աշխարհում տեղի ունեցող զարգացումների վտանգավորության գիտակցումը կարծես թե չկա ՀՀ իշխանության ու նաեւ ընդդիմության շատ ներկայացուցիչների մոտ: Երեկվա ԱԺ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանը դրա լավագույն ապացույցն էր: Եթե մի կողմ թողնենք ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի սարքովի հարցը՝ ուղղված ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քեսաբահայերին օգնելու մասին, ապա կարելի է արձանագրել, որ հայերին սպառնացող խնդիրները ԱԺ-ին պարզապես չեն հետաքրքրում: Հատկապես ԲՀԿ-ական պատգամավորները երեկ մեծ եռանդով շարունակում էին իրենց կուսակցության ղեկավարի՝ «կազինոյի իմիջը փրկելու» անհաջող ձգտումները, ինչը նույնքան տաղտկալի էր, որքան ՀՀ կառավարության պատասխանը (թերեւս բացի Ա. Աշոտյանի հումորներից): Այսպիսով, կարելի է արձանագրել, որ գործող խորհրդարանը ոչ թե հայի ազգային շահերի պաշտպանության հավաքատեղի է, այլ՝ օլիգարխների սպասարկուների՝ տարբեր դեմքերով:

 

Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին: Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ պառակտման վտանգ չկա. «Մենք աշխատում ենք միասնաբար, եւ քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք այստեղ, ապա մեր ամեն քայլն ուղղված է Ուկրաինայի շահերը պաշտպանելուն»: Իսկ ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, նա հայ համայնքի ներկայացուցիչներին այս թեժ օրերին հանդիպե՞լ է: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայ համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Կապի մեջ եղել ենք, բայց հանդիպում չի եղել: Այս շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաեւ Անդրանիկ Մանուկյանին: Հուսով ենք՝ ներկա կլինի»:Հետաքրքիր է՝ ուրիշ ի՞նչ աստիճանի լրջության իրավիճակ պետք է լիներ, որ դեսպանը հանդիպեր հայ համայնքի ներկայացուցիչներին:
ՀՀ Սյունիքի մարզի 22 ընտանիք ունեցող Օխտար համայնքի բնակիչները հացը «նիսյա» են գնում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Օխտարի համայնքապետ Վաղարշակ Համբարձումյանը. «Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են»: Բացի այդ, համայնքապետից տեղեկացանք, որ առաջիկայում փակվելու է գյուղի դպրոցը, քանի որ աշակերտների թիվն օր օրի նվազում է: Ու սա այն դեպքում, երբ Օխտարին հարակից հինգ համայնքների աշակերտներ են հաճախում այդ դպրոց: 6 համայնքի դպրոցականները միասին վերցրած հազիվ 25-27 աշակերտ լինեն: «Դե քանի որ գյուղում երիտասարդ չկա, այդ պատճառով ամուսնություն էլ չկա: Վերջին երեխան մեր գյուղում ծնվել է տասը տարի առաջ»,- հուսահատված նկարագրեց համայնքապետը:

 

 

 

 

 

 

 

 
ՊԵՏՔ Է ՈՐ ԼԱՎ ԼԻՆԻ…

Երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բոլորին, այդ թվում եւ` ՀՀԿ վերնախավին փաստի առաջ կանգնեցրեց` հայտարարելով, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, իշխանական խոսնակները սկսեցին ներկայացնել դրա արդյունքում Հայաստանին սպասվելիք տնտեսական օգուտները` շեշտը դնելով առաջին հերթին էժան գազ ստանալու հնարավորության վրա:
Ի սկզբանե հայտարարվեց, որ մայիսին թանկացած ռուսական գազը վերստին կէժանանա: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ նման բան տեղի չի ունենալու, ընդամենը վերացվելու է մաքսատուրքը, որը համարժեք է գազի գնի 30 տոկոսին (այն սուբսիդավորելու խոստումը ՀՀ կառավարությունը տվել էր ավելի վաղ):
Արդեն մի քանի ամիս անց՝ Պուտինի՝ Երեւան կատարած այցից հետո, պարզ դարձավ, որ դա էլ տեղի է ունենալու «ՀայՌուսգազարդ»-ի` հայկական կողմին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասի վաճառքի եւ խայտառակ, կապիտուլյացիոն գազային համաձայնագրերի ստորագրման դեպքում միայն:
Սակայն կառավարությունը` ի դեմս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, շարունակում էր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված գազային համաձայնագիրը Հայաստանի համար խիստ շահեկան համարել` շեշտելով, որ դրա արդյունքում մեր երկիրն առաջիկա տարիներին կունենա կանխատեսելի գազի գին: Նախօրեին, սակայն, պարզ դարձավ, որ անգամ այդ հարցում ՀՀ իշխանությունների խոսքերը որեւէ արժեք չունեն: Ինչպես հայտնի է, առաջիկայում Ռուսաստանում գազի գինը 4 տոկոսով թանկանալու է, եւ հարցին՝ արդյոք դա կարող է որեւէ կերպ ազդել նաեւ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի վրա, «գազային համաձայնագրերի» գովքն անող Ա.Մովսիսյանը երեկ չի կարողացել հստակ պատասխան տալ: Նա, ըստ էության, ասել է, որ ինքը չգիտի, թե քանի կոպեկի արժեք ունի իր իսկ ստորագրած գազային համաձայնագիրը, որով սահմանված էր, որ գազի գինը Հայաստանում առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում չի թանկանալու. «Մենք պաշտոնապես որեւէ առաջարկ չենք ստացել: Մեր պայմանագրով ինչ ասում ենք, դա է, դրա համար է»,-կմկմացել է Մովսիսյանը: Իսկ կոնկրետ ճշտող հարցին` արդյոք գազի գինը կմնա անփոփոխ, ՀՀ կառավարության ամենաերկարակյաց եւ պրոֆեսիոնալ «ցրողն» ասել է. «Այո, պետք է որ չփոխվի»:
Այսպիսով` եւս մեկ անգամ հաստատվում է այն իրողությունը, որ ՀՀ իշխանությունները` ի դեմս Ն. Փաշինյանի ձեւակերպմամբ` «կռուտիտի ժանրի» վարպետ Ա. Մովսիսյանի, այն աստիճանի խամաճիկային վիճակում են, որ ի զորու չեն անգամ կառավարական մակարդակով ստորագրված համաձայնագրով սահմանված պարտավորությունների համար երաշխավորել: Չնայած` Ա. Մովսիսյանն ինչ անի, բա որ հանկարծ երեկոյան Պուտինի գրասենյակից Ս. Սարգսյանի հետ «կայացած» հեռախոսազրույցի նոր տեքստ ուղարկեն, որով հայկական կողմը ողջունում է գազի գնի թանկացումը…




Լրահոս