ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՊԵ՞Ս ՈՉՆՉԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Կառավարության վերջին նիստում, երկխոսության հրավիրելով «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ հայտարարել էր, թե ՀՀ-ում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, եւ «հասկանալի է, որ նաեւ տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարեւոր է մեր պետության ապագայի համար»:

Այլ կերպ ասած, վարչապետը փորձել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողներին հասկացնել՝ որքան հեռու մնան քաղաքական կուսակցություններից, այնքան՝ ավելի լավ, քանի որ այդ քաղաքականությունը «քըխ է», քաղաքական կուսակցությունները «վատն են», եւ այսպես շարունակ: Սակայն տարակուսելի է, որ երիտասարդներին քաղաքականացվելուց փորձում է հեռու պահել մի մարդ, ով այսօր զբաղեցնում է քաղաքական պաշտոն, անդամակցում է քաղաքական կուսակցության:
Նախկինում Տիգրան Սարգսյանը ՀՀՇ-ական էր, հետո՝ դարձավ ԱԺՄ-ական, հիմա էլ՝ ՀՀԿ-ական: Չնայած, ակնհայտ է վարչապետի այս հայտարարությունների ենթատեքստը. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի հաջողության հարցում իրենց դերն ունեն ոչ միայն ակտիվիստները, այլ նաեւ կուսակցությունները, որոնք «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչների հետ համագործակցում են ու կարողանում են հարցեր բարձրացնել ԱԺ դահլիճում: Եվ ահա իշխանությունները նման հայտարարություններով փորձում են սեպ խրել քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների միջեւ՝ վախենալով, որ հակառակ դեպքում, համագործակցության արդյունքում բողոքի ալիքը կարող է ավելի մեծ լինել:
Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել խորհրդարանական ուժերի կողմից: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե սխալ է համարում վարչապետի կողմից նման հայտարարություններ անելը: «Ի՞նչ է նշանակում քաղաքականացված լինել կամ չլինել, ու եթե երիտասարդները քաղաքականացված չեն, հեռու են քաղաքականությունից, ուրեմն դա լավ բան է: Ընդհակառակը, որքան շուտ երիտասարդներն ինտեգրվեն քաղաքական դաշտ, այնքան՝ ավելի լավ»,- ասաց Ստեփան Մարգարյանը: Վերջինս նշեց նաեւ, որ հարցը, որի դեմ պայքարում են երիտասարդները, ինքնին քաղաքականացված է, հետեւաբար՝ նման հայտարարություններն անիմաստ են: «Իմ կարծիքով՝ այս ամենը զուտ բառեր են եւ վարչապետի կողմից նման հայտարարություններ անելը սխալ է»,- ասաց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս անընդունելի է համարում վարչապետի հայտարարությունները: Ավելին, Մինասյանի կարծիքով՝ այս հայտարարությունների տակ բավականին վտանգավոր ենթատեքստեր են թաքնված: «Վարչապետը գովերգելով է խոսում, թե իբր երիտասարդները չեն քաղաքականացնում պրոցեսը, եւ սա ասում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը: Այնինչ, քաղաքականության մեջ գտնվող անձի այս հայտարարությունը պետք է պարզապես գնահատել քաղաքական համակարգը ոչնչացնելուն միտված գործողություն: Իսկ առանց զարգացած քաղաքական համակարգի, հնարավոր չէ առաջ գնալ: Ես զարմանում եմ, որ վարչապետը նման հայտարարություն է անում»,-նշեց Մինասյանը: Նրա կարծիքով՝ վարչապետն, ընդհակառակը, պետք է ողջուներ եւ հայտարարեր, թե քաղաքացիական ու քաղաքական պատկերացումների համընկնումը հնարավորություն է տալիս ավելի զարգացած ու պատրաստ հասարակություն ունենալ: «Վաղը նույն ձեւով անվստահությունը կուղղվի ներկա կառավարության նկատմամբ»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը պարզապես «բարոմետր էր», որը ցույց տվեց, թե կառավարությունը որքանով է պատրաստ հասարակության արձագանքը լսելու, ընկալելու, ընդունելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ նրանք դրան պատրաստ չեն:
Ի դեպ, ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանի ասածներն այնքան էլ չեն բխում 2012 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀԿ 14 համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերի տրամաբանությունից. «ՀՀ-ում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության մոտեցումները… Մենք վճռական ենք՝ հասնելու այնպիսի իրականության, որ ցանկացած քաղաքացի վստահ կլինի, որ ձայնը լսելի է: Մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացումը փաստ է: Քաղաքացիական հասարակությունը խնդիրները լուծելու առումով դարձել է գործոն: Մենք շարունակելու ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղակացրել է, որ ԵԽԽՎ ապրիլի 7-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգում եվրոպացի պատգամավորները հրատապ բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ՌԴ ազգային պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ունի չորս ձայնի իրավունք. քվեարկել կարող են պատվիրակության հիմնական անդամները՝ Դավիթ Հարությունյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նրանք ինչպես են քվեարկելու: Դ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց. «Ես, ամենայն հավանականությամբ, դեմ եմ քվեարկելու»: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ դեռեւս այդ հարցը չեն քննարկել: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ դեռ վերջնական բանաձեւ չկա. «Կա բանաձեւ, որը ենթադրում է զրկել ձայնի իրավունքից, կա նաեւ առաջարկ՝ ընդհանրապես կասեցնել Եվրոպայի խորհրդում ՌԴ-ի անդամակցությունը, իսկ առաջիկա օրերին կարող են տարբեր առաջարկներ լինել, երբ որ մենք կունենանք վերջնական բանաձեւը, կունենանք քննարկում, կտեղեկացնենք մեր տեսակետը»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՌԴ-ին պատժելու նման դեպք էլ է եղել: Չեչնիայում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, երբ կրկին պատժիչ բանաձեւի նախագիծ էր ներկայացվել, ՌԴ ներկայացուցիչները հենց նիստի ժամանակ հայտարարել էին, թե կարող են քվեարկել ու իրենց զրկել ԵԽԽՎ անդամակցությունից: Բայց քանի որ ԵԽԽՎ-ի 25 տոկոս բյուջեն ՌԴ-ն է տրամադրում՝ այդ օրերին հարցը փակվեց: Հետաքրքիր է՝ ինչ կլինի այս անգամ:

 

ՆԱԽԱՐԱՐԻ   ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից պարզել՝ արդյոք Գառնիի հեթանոսական տաճարի հարեւանությամբ սկսվե՞լ են սրճարանի կառուցման աշխատանքները:
-Այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց՝ այլ ուղղությամբ,-վստահեցրեց նախարարը՝ հավելելով,-այժմ հենապատն է սարքվում եւ ոչ թե սրճարանը, մենք ուսումնասիրել ենք, ու սրճարանի տարածքը դիտակետի իմաստով կորուստ է, դրա համար այնտեղ ուղղակի բարեկարգման աշխատանքներ կանենք, մինչեւ ընդհանուր ենթակառուցվածքները հասկանանք: Այնտեղ՝ կողքը, հնագիտական բազա կա, որը եւս պետք է կամ տեղափոխվի այդտեղից, կամ բարեկարգվի: Որոշում է կայացվել մի հատ նորից ենթակառուցվածքներին անդրադառնալ: Այս պահի դրությամբ հենապատը ամրացվելու է, բարեկարգվելու է»:
-Այնուամենայնիվ, անհանգստություն կա, որ սրճարանը կկառուցվի առաջիկայում:
-Ընդամենը հենապատն է շարվում, որը գոյություն ուներ, նոր քարերով վերաշարում են, որովհետեւ այդպես փնթի տեսքով չի կարող մնալ: Հավանաբար ամբողջ տարածքում նաեւ շաբաթօրյակ է արվելու:

 

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ 

 

ԱՄՆ-Ն Է ԴՐԴԵ՞Լ

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն, անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցածին, կարծիք է հայտնել, որ դա Թուրքիային պետք չէր. «Ցեղասպանության 100- ամյա տարելիցի նախաշեմին, Թուրքիան անդադար փորձում է ցույց տալ, որ հարթում է հայերի հետ հարաբերությունները, որ հանկարծ աշխարհը մեծ խնդիր չդարձնի Ցեղասպանության 100-ամյակը, բայց մեկ էլ Թուրքիան կատարում է նույնը, ինչը 1915-ին… Թուրքիային դա պետք չէ, բայց անում է՝ ինչ-ինչ ուժերից դրդրված: Մեր հասարակությունը պետք է հստակ վերհիշի՝ ով էր դրդում Թուրքիային մտնել Սիրիա: Հիմա պետք է բոլոր այն երկրներին, որոնք պահանջում էին Թուրքիայից միջամտել սիրիական կոնֆլիկտին, հայտ ներկայացնենք, որ 1915 թվականին Թուրքիան ընդամենը գործիք է եղել, եւ հիմա էլ գործիքի խնդիր կա, եւ ուզում ենք հասկանալ՝ ով եւ ինչու է հայերի դեմ կատարում ցեղասպանության դավադրություն»: Մանուչարյանը հատկապես նշել է ԱՄՆ-ը՝ որպես դրդող ուժ եւ նկատել, որ «Շատ թույլ են Քեսաբում տեղի ունեցածի արձագանքները: Պետք է ստեղծվեն զինված ուժեր՝ ի պաշտպանություն Քեսաբի հայության, եւ այնտեղ հայտնվեն հայկական ստորաբաժանումներ»:

 

 

ՈՎ Է «ՀԵԼՈ  ՔԻԹԻՆ»

ԲՀԿ -ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը երեկ հորդորել է վարչապետին՝ բացատրական աշխատանքներ տանել նախարարների հետ. «Որոշ պաշտոնյաներ իրենց թույլ են տալիս նախարարին ոչ վայել վարք, ոչ կոռեկտ արտահայտություններ: Եթե ուզում են կայանալ, թող այլ ձեւաչափի մեջ դա անեն: Եթե ոչ, ապա կստանան ավելի կտրուկ պատասխան»,-ասել է Էնֆիաջյանը: Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ իրեն ներկայացնելով «բարեկրթության ժամանակավոր նախարար», արձագանքել է. «Կառավարության կազմում հիմնականում կայացած մարդիկ են, կրթություն եւ ինտելեկտ ունեն: Ամոթ է բոլորիս, որ քաղաքական երկխոսությունը իջնում է ձկնաշուկայի վաճառականների վիճաբանության մակարդակի: Քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք է եւ դիմացինին խորը կսմթելու համար անգամ ինտելեկտ է պետք: Այստեղ ոմանք նստում են «Հելո Քիթի»-ի դեմքով, իսկ երկու ժամ անց բացում եմ հատուկ ֆինանսավորվող կայքեր ու տեսնում, թե ինչեր են գրում»,- ասել է Աշոտյանը:

 

ՆՈՐՎԵԳԻԱՆ ԷԼ ԽԶԵՑ

ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ ռազմական ծրագրերը: Նորվեգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է «Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո»: «Ազատություն»-ը նշում է, որ ՌԴ պաշտպանության նախարարը եւ ռազմածովային ուժերի ղեկավարը ապրիլին պետք է Նորվեգիա այցելեին: Իսկ մայիսին Նորվեգիան մտադիր էր Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել:




Լրահոս