«Ժողովուրդ»-ը մոտ օրերս եղավ Գեղարքունիքի մարզում եւ արձանագրեց, որ Վարդենիս-Ծովակ-Կարճաղբյուր գյուղերի ավտոճանապարհների աջ ու ձախ կողմերի հաստաբուն ծառերը կտրվում են: Իհարկե, առաջին տպավորությամբ թվում է, թե ծառերը կտրվում են Սեւանա լճի բարձրացման հետեւանքով, սակայն իրականում ջուրը դեռ չի հասել այդ մասին:
Ի՞նչ է մտածում ծառահատման մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Ժողովուրդ»-ն այս հարցով դիմեց բնապահպանության նախարարությանը, որտեղից պատասխանեցին. ««Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի տարածքում ընթացիկ տարվա ձյան ծանրության պատճառով որոշ ծառեր թեքվել եւ ընկել են ճանապարհին` խոչընդոտելով երթեւեկությանը: Անխափան երթեւեկություն ապահովելու նպատակով դրանք կտրվել են, այնուհետեւ` կոճղերը հեռացվել»:
Այսպիսի սուտ թերեւս հնարավոր էլ չէր հնարել: Նախ՝ ծառերը, որոնք հատվել են, ամենավառ երեւակայության դեպքում անգամ չէին կարող ճանապարհին խանգարել: Բացի այդ, անզեն աչքով երեւում է, որ ծառերի կոճղերը մնացել են հողի վրա: Էլ չենք խոսում այն մասին, որ ձյունը վաղուց հալվել է, իսկ ծառերը, որոնք հատվել են, «նոր պատմություն» ունեն:
Ինչեւէ, մասսայական ծառահատման թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանի հետ, որն առաջին անգամ մեզանից լսեց այդ մասին. «Ես տեղյակ չեմ: Ուրեմն ճանապարհը պետք է անցնի ջրի տա՞կ: Եթե ճանապարհը ջրի տակ է անցնելու, ապա ճիշտ է նախօրոք կտրել եւ ոչ թե հետո ջրից հանել: Միայն չգիտեմ, թե այդ ճանապարհի բարձրությունն ինչ մակարդակի վրա է եղել: Իսկ եթե ջրի տակ չի անցնելու, ապա վատ նպատակով են անում դա»:
Բնապահպանը խորհուրդ տվեց դիմել Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին. «Նա հստակ ամեն ինչ գիտի»: Սակայն «Ժողովուրդ»-ին չհաջողվեց նրա հետ կապվել, քանի որ կա՛մ տեղում չէր լինում (քարտուղարուհին ամեն անգամ նրա բազմազբաղ օրն էր նկարագրում մեզ), կա՛մ էլ երբ լսում էր, որ «Ժողովուրդ» օրաթերթից են անհանգստացնում, անմիջապես պատասխանում էր. «Ինձ մոտ խորհրդակցություն է»: Այդպես էլ չկարողացանք ՀՀ նախագահի կողմից Սեւանի համար մտահոգվելու պաշտոնական գործառույթ ստանձնած չինովնիկի վերաբերմունքը ճշտել իրավիճակի մասին:
Փորձեցինք զրուցել նաեւ Երեւան քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանի հետ, որը պատասխանեց. ««Հայանտառ» պետք է դիմեք: Ես Երեւան քաղաքի մասով կարող եմ տեղեկություն տալ, բայց Վարդենիսից, Սեւանից տեղեկություն չունեմ»:
Ամեն դեպքում հետեւեցինք նրա խորհրդին եւ դիմեցինք «Հայանտառ», որտեղ մեզ ասացին. «Սեւանի ամբողջ ավազանը «Հայանտառ»-ի հետ ընդհանրապես կապ չունի: Մենք ոչ մի վերահսկող ֆունկցիա չունենք: Ցանկացած հարց տվե՛ք՝ «Հայանտառ»-ի, անտառատեսակների հետ կապված, ես պատրաստ եմ պատասխանել»:
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվեց մի «կենդանի չինովնիկ», որպեսզի պաշտոնապես խելամիտ պարզաբանում տար, թե ինչու են հատվում կոմունիստական տարիներին տնկված անտառները: Ո՞ւմ գրպանն են գնում այդ ծառերի վաճառքից գոյացած գումարները, ո՞վ է տվել հատման թույլտվությունը:
Կարծում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ ոստիկանությունը կզբաղվեն այս խնդրով:
Հատված ծառերի մասին առավել պատկերավոր տեսանյութը կարող եք դիտել www.armlur.am կայջում:
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ