ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉԵ՞Ր ԿԲԱՑԱՀԱՅՏԻ ԼՈՒՌ ԱԿՑԻԱՆ

Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի առջեւ լուռ ակցիա անցկացնելու ձեւով յուրօրինակ լակմուսի թուղթ կարող է դառնալ քաղաքական դաշտի համար: ՀՀ կառավարությունն ասում է, թե պատրաստ է առանց նախապայմանների երկխոսել «Դեմ եմ»-ի հետ (տպավորություն է, թե հայ-թուրքական արձանագրությունների մասին է խոսքը), իսկ ոչ իշխանական ուժերը որոշել են ներկա գտնվել միայն Սահմանադրական դատարանում ընթացող նիստին: Դե «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ 17:30-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել: ԱԺ կուլիսներում պտտվող լուրերի համաձայն` ԱԺ մյուս 3 ոչ իշխանական ուժերի մոտ քաղաքական խանդ է առաջացել ու նրանք իրենց թիմակիցներին հորդորել են չգնալ Ր. Հովհաննիսյանի ակցիային: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ 3 ուժերը խնդիր են դրել, որպեսզի իրենց ներկայացուցիչներից հաշվով մարդիկ մասնակցեն «Դեմ եմ»-ի եւ Ր. Հովհաննիսյանի միջոցառումներին, որպեսզի շատ մարդ չհավաքվի: Տեսնենք, թե ինչ կստացվի այսօր:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր պետք է քննի «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը:

 
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտարարեց, որ գործարանի տնօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա: Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին ստանային իրենց եւս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն չեն ստացել: Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ խոսել է եւ իմացել, որ փող չի լինելու. «Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք»: «Ժողովուրդ»-ն այս հարցի վերաբերյալ փորձեց տեղեկություն ստանալ նաեւ գործարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Փաստորեն մարդկանց խնդիրները լուծելու փոխարեն վախեցնում են` փորձելով այդպես խեղդել կուտակված դժգոհությունը:

 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ պետական միջոցներից օրերս հսկայական մի գումար է հատկացրել ՊԵԿ-ում ծրագրային ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 17-ին «Ֆոնտեյն հոլդինգ» ընկերությանը էլեկտրոնային TWM համակարգի սպասարկման ծառայությունների մատուցման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 83 մլն դրամ է հատկացրել: Ինչպես երեւում է` Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան` Գագիկ Խաչատրյանը, ամեն ինչի «թանկն է սիրում»: Նա միանգամից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար է վճարել ՊԵԿ-ում ծրագրային ծառայություններ «գնելու» համար: Թե ինչ արդյունավետությամբ կաշխատի այդ ծրագիրը, դժվար է ասել` հաշվի առնելով ՊԵԿ-ի աշխատանքի արդյունավետությունն ընդհանրապես:

 

 

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է «Քեթրին գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն այս օրերին աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ` մեկնարկային գինը 8200 դրամով, կիսաշրջազգեստ` 2800 դրամով, սպիտակ վերնաշապիկ` 1900 դրամով: Նույնիսկ կոշիկներ կան աճուրդ-վաճառքի տաղավարում` 1017 դրամով եւ մի շալ` 96 դրամով: Բայց սա դեռ ամբողջը չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ը նույնքան մատչելի գներով աճուրդի է հանել կանացի ներքնազգեստ` 196 դրամով, կրծկալներ` 763 դրամով եւ այսպես շարունակ: Ինչպես երեւում է` մանրադրամներ հավաքելը Պողոսյանի մոտ ցեղական է. նրա քեռին` Միքայել Հարությունյանն էլ մայրաքաղաքում կարմիր գծեր է նկարել եւ 2000-ական դրամներ է հավաքում վարորդներից` ոչ մի ծառայություն չմատուցելով:

 

 

 

 

 

 

 

 

 
ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ

 

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի հարցով բանաձեւը, որով ճանաչվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղրիմի ինքնորոշման մարտի 16-ի հանրաքվեն գնահատվում ապօրինի: Բանաձեւը ընդունվել է ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների գերակշիռ մեծամասնությամբ. «կողմ» է քվեարկել 100, «ձեռնպահ»` 58, «դեմ»` 11 երկիր: Ամենատխուրն այն է, որ Հայաստանը վերջինների թվում է` բռնապետական Վենեսուելայի, Բելառուսի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Կուբայի, Նիկարագուայի եւ Բոլիվիայի շարքում:
Մինչդեռ հիշեցնենք, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցել էր ՀՀ պաշտոնական մոտեցումն, ըստ որի` մեր երկիրը պետք է ձեռնպահ քվեարկեր այդ բանաձեւին: Բայց, փաստորեն, Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ բացարձակապես թքած ունի Հայաստանի շահերի վրա, անգամ եթե խոսքը գնում է մեզ համար գերցավոտ խնդրի մասին, որն ուղղակիորեն զուգադրվում է Ղարաբաղյան հակամարտության հարցին:
Ինչ խոսք, ռուսների նման մոտեցումն ամենեւին էլ նոր չէ, եւ առավել եւս` ոչ զարմանալի: Զարմանալին այն է, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպիսի հայտարարություն էր արել` առանց այն կանխավ Կրեմլի հետ ճշտելու եւ վերջինիս «դաբրոն» ստանալու: Արդյոք ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարություն անելով` ՀՀ ԱԳՆ-ն չէր սպասում ռուսական կողմի կոշտ ճնշումներին, որոնց արդյունքում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը մի քանի ժամվա մեջ կփոխվեր եւ ՀՀ ողջ դիվանագիտական կորպուսը կհայտնվեր ծիծաղելի վիճակում` հրապարակավ եւս մեկ անգամ ամրագրելով, որ Հայաստանում արտաքին գործերի նախարարություն, որպես այդպիսին, գոյություն չունի, եւ առհասարակ` Հայաստանը դադարել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող սուբյեկտ լինելուց: Միանգամայն ադեկվատ գնահատելով ՀՀ արտգործնախարարության ղեկավարության աշխատանքային կարողություններն ու հնարավորությունները, այդուհանդերձ` դժվար է հավատալ, որ դա այդպես է:
Առավել հավանական է այն, որ Տիգրան Բալայանի շուրթերով ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարությունն անելով` հայկական կողմը ցանկացել է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանի իշխանություններն Ուկրաինայի հարցում իրենց դիրքորոշումները հայտնելիս գտնվում են Ռուսաստանի անհաղթահարելի ճնշումների ներքո, որոնց արդյունքում էլ այս բանաձեւին «ձեռնպահ» քվեարկելու որոշումը մի քանի ժամում փոխվեց «դեմ»-ի:
Գուցե ստեղծված իրավիճակում դիվանագիտական նման հնարքն արդարացված է, սակայն ակնհայտ է, որ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության հեղինակությունը հերթական անգամ նվաստացվեց:

 




Լրահոս