ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՄ «ԱՏԿԱՏԻ» ԵՐԵՎԱՆ, ԻՄ ԹԱԼԱՆԻ ԵՐԵՎԱՆ

Երբ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց իր հայտարարագիրը, ընդդիմությունը միաբերան պնդում էր՝ որտեղի՞ց նրանց այդքան գումար, եւ, ընդհանրապես, այդքան շատ ունեցվածք: Իսկ երբ ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի հրապարակեց իր տարեկան հաշվետվությունը, որտեղ կային նաեւ Երեւանի քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքները, տրվեցին շատ հարցերի պատասխաններ. ավելի առարկայական երեւացին քաղաքապետարանում բյուջեի միջոցների «ատկատ»-ի մեխանիզմները: Այդտեղից՝ տրամաբանական եզրակացություն. քաղաքապետը կարող է հարստանալ ու մեծ ունեցվածք կուտակել «ատկատ»-ի շնորհիվ, ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին:

Ավագանու վերջին նիստում 2013թ. Երեւանի համայնքային բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզվեց՝ հայտնի մեթոդները շարունակվել են կիրառվել նույն ջանասիրությամբ: 2012թ. համեմատ, Երեւանի քաղաքապետարանը 11.2 տոկոսով ավելացրել է իր եկամուտները, եւ 5.2 տոկոսով՝ ծախսերը:
Իսկ ինչպե՞ս է ծախսել քաղաքապետարանը համայնքային բյուջեի միջոցները: Ըստ Երեւանի 2013թ. համայնքային բյուջեի կատարողականի՝ գործուղումների համար նախատեսված է եղել ծախսել 61.5 մլն, սակայն ծախսվել է 56.1 մլն դրամ: Շատերը կհիշեն, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչպես էր եռամսյակը մեկ պարբերականությամբ այցելում Ռիգա կամ հյուրընկալում այնտեղի քաղաքապետին: Այդ այցերն իրենց արժանապատիվ տեղն են գրավել բյուջեի հաշվետվության մեջ: Ավելին, ըստ փաստաթղթի՝ այդ գումարի շրջանակներում թվով 24 պատվիրակություն գործուղման է մեկնել 21 քաղաք: Համեմատության համար նշենք, որ քաղաքապետարանը 2013-ին, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ գումար է ծախսել գործուղումների վրա. 2012թ. այդ թիվը մոտ 46.5մլն էր, հիմա՝ 10մլն-ով ավելի:
Քաղաքապետարանը 219 մլն դրամ էլ ծախսել է թափառող կենդանիների վնասազերծման համար. ինչպես հայտնի է, այս ծառայությունն իրականացնում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանին պատկանող «Յունիգրաֆ X» ընկերությունը: Համեմատության համար նշենք, որ 2012թ. այդ նպատակով նախատեսված էր գրեթե նույքան գումար, բայց ծախսվել էր ավելի քիչ:
83.5 մլն դրամ քաղաքապետարանը ծախսել է դրոշների տեղադրման նպատակով՝ նախատեսված 84 մլն-ի փոխարեն: Ըստ փաստաթղթերի՝ 15-օրյա պարբերականությամբ փոխվել է 16.2 հազար դրոշ: Նշենք, որ 2012թ. այդ նպատակով ծախսվել էր 85.6 մլն դրամ: Ընդ որում, հատկապես այս ծախսը անհնար է վերահսկել ու պարզել՝ իրոք քաղաքապետարանը տարեկան 16 հազարից ավելի դրոշ է փոխել, թե ավելի քիչ: Չկան համապատասխան մեխանիզմներ, իսկ դա նշանակում է՝ սա գումար գրպանելու լավ տեղ է:
Պարզվում է՝ նախորդ տարի քաղաքապետարանը նույնիսկ հեծանվային հրապարակ է շահագործման հանձնել, եւ այդ նպատակով՝ 54.3 մլն դրամ ծախսել: Այդ գումարից 47.1 մլն դրամն ուղղվել է պահպանման ծախսերին, 7.2 մլն-ով էլ ձեռք է բերվել 60 հատ հեծանիվ: Իսկ 368 մլն դրամից ավելի գումար էլ քաղաքապետարանը ծախսել է քաղաքում հանգստի գոտիների պահպանման ու վերականգնման նպատակով: Ամենաշատը գումար պահանջվել է «Սիրահարների այգու» նորոգման համար՝ 299 մլն դրամ, իսկ 40 մլն էլ՝ Դավթաշեն 1-ին եւ 2-րդ թաղամասերի միջեւ գտնվող այգու համար:
27.7 մլրդ դրամ քաղաքապետարանը ծախսել է հասարակական կազմակերպությունների աջակցության նպատակով:
Պակաս ուշագրավ չէ նաեւ կամարանցումների վերանորոգման ու գունազարդման համար ծախսված գումարի չափը. 109 մլն դրամ, սիզամարգերի ստեղծման ու ծաղկապատման համար ծախսը՝ 374 մլն դրամ, փողոցների եւ այգիների կահավորման համար՝ 219 մլն դրամ: Ի դեպ, ժամանակին ընդդիմությունը քաղաքապետարանին մեղադրեց ծաղիկները կամ նստարանները շուկայականից ավելի թանկ գնով ձեռք բերելու մեջ:
Իսկ քաղաքապետարանի կողմից իրականացված ամենակարեւոր ծախսը, թերեւս, Տարոն Մարգարյանի սեփական PR-ի կազմակերպումն է. քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանումը երեւանցիների գրպանի վրա արժեցել է 35.7 մլն դրամ:
Եվս մի քանի կարեւոր փաստ: Համեմատության համար նշենք, որ վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 83.5 մլն դրամ: Հատկանշական է, որ նման նպատակներով քաղաքապետարանը ծախսել է պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս: Այնինչ, բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276մլն դրամ, իսկ բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ:
Թե այս ծախսերի քանի տոկոսն է նպատակային ծառայել, դա արդեն խոսակցության այլ թեմա է, եւ դա պետք է բացահայտեն համապատասխան ստուգող մարմինները: Հաշվի առնելով նախորդ փորձը, դժվար չէ ենթադրել, որ այս անգամ եւս ուշագրավ բացահայտումներ կարող են լինել:
Իսկապես, ավելի լավ «ատկատ»-ի Երեւան:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԿՍՏԱՆԱ՞Ն

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը: Նրանք արդեն հույսները կտրել են, որ երբեւէ կստանան աշխատավարձ: Այս խնդրի շուրջ զրուցեցինք ընկերության ֆինանսների գծով պատասխանատու Հրայրի հետ:
-Աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ե՞րբ են ստանալու:
-Այսինքն, ինչի՞ մասին է խոսքը:
-Քանի որ Դուք ընկերության միակ ներկայացուցիչն եք, ում հետ նրանք կապ են հաստատում, դրա համար Ձեզանից ենք փորձում հետաքրքրվել:
-Ավելի ճիշտ կլինի ինֆորմացիայի հետ կապված զանգեք Նանա Ավետիսովային:
-Նանան արդեն մի քանի ամիս է, ինչ հեռախոսազանգերի չի պատասխանում, ավելին՝ անջատել է հեռախոսը:
-Ճիշտն ասած, ես ոչ մի ինֆորմացիա չունեմ:
-Ի վերջո, ընկերության աշխատակիցներն աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ:
-Բնականաբար: Իհարկե ստանալու են: Ուղղակի ես կարող եմ ասել, որ դա ժամանակի հարց է: Գիտեք, դժվարություններ կան, դա է խնդիրը: Միանգամից անհնար է վճարումներ կատարել:
-Ձե՞զ էլ է ընկերությունը պարտք:
-Կներեք, բայց դա չեմ կարող քննարկել:

 

ԽԱԲԵԼ Է

«Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր ապրիլի 10-ին հանդիպելու են «Արցախբանկ»-ի ներկայացուցիչ Աշոտ Գոմցյանի հետ: Նշենք, որ այս հանդիպումը «Տոնուս»-ից տուժած քաղաքացիների համար ճակատագրական է լինելու, քանի որ հանդիպմանը բնակիչները վերջնական պատասխան են ստանալու: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանից: Նա վրդովված հայտարարեց նաեւ, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն իրենց խաբել է: «Կայուն պատասխան չտվեց մեզ, խաբեց: Ուղղակի իրենց պետք էր, որ մեզ լարեին նախագահականի մոտից: Բայց մենք դրա տեղը լավ գիտենք: Կսպասենք ապրիլի 10-ին, ու եթե նորից խաբեն, ոտքի կկանգնենք»,-զայրացած ասաց տիկին Զոյան:

 

ԷԼԻ ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆ

Չնայած վերջերս շատ բարձրաձայնվեց ժամկետանց հավկիթի վաճառքի մասին, այնուամենայնիվ, խնդիրը դեռ չի լուծվել: Նույնիսկ փորձ չի արվում այն լուծել: Հայաստանում դեռ շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը: Իսկ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա մարտի 14-20-ը ՀՀ է ներմուծվել 302 հազար 400 հատ սննդային հավկիթ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամանակավորապես դադարեցվել էր հավկիթի ներկրումը, քանի որ այն խոչընդոտում է Հայաստանում արտադրվող ձվի վաճառքին: Փաստորեն դադարը երկու շաբաթով է եղել: Դժվար չէ կռահել, թե ինչու են ակտիվացել ձու ներկրողները. չէ որ Սուրբ Զատկին հաշված օրեր են մնացել: Իսկ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը շարունակում է պաշտոնական անգործություն դրսեւորել:

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԴԱՐՁՅԱԼ ՄԵՐԺԵՑԻՆ

Երեկ դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ դերասանին ազատ արձակելու մասին: Վարդան Պետրոսյանն ասել է, որ տուժողները կարող են ասել իրեն՝ ինչ ցանկանան. «Լավ կլիներ՝ ես մեռած լինեի եւ երկու տղաները ողջ լինեին»,- ասել է նա: Անդրադառնալով իրեն կալանավորելու հարցին՝ Վ. Պետրոսյանն ասել է, որ դեռ դատարանի կողմից որոշում չէր կայացվել, սակայն դրանից երեք ժամ առաջ Հայկական հեռուստատեսությունն արդեն հայտնում էր այն մասին, որ իրեն կալանավորել են: «Հասկանո՞ւմ եք, դատարանի վճռից երեք ժամ առաջ տեղի է ունեցել այդ որոշումը»,- հայտարարել է Վ. Պետրոսյանը:

 

 

ՆՈՒՅՆԱՑՆԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ

«Նախախորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանի կարծիքով՝ Ղրիմի եւ Արցախի նմանությունները շատ ավելի քիչ են, քան հակասությունները, ուստի այսօր դրանք նույնացնելը ճիշտ չէ: «Պետք է իրերն իրենց անուններով կոչել եւ չշրջանցել այն պահը, որ հանրաքվեն տեղի ունեցավ հայտնի երկրի զինյալ ուժերի բռնի ներկայությամբ: Այս հանգամանքն արդեն իսկ շատ բան է ասում։ Պետք չէ մտածել, թե ռազմավարական մեր գործընկերները մեզնից կնեղանան: Մենք Արցախի հարցում բազմիցս նեղացել ենք աշխարհաքաղաքական տարբեր ուժերից՝ երկակի խաղերի պատճառով: Որքան շատ կարողանանք քաղաքականության մեջ բարոյականություն ու ճշմարտախոսություն մտցնել, այնքան լավ կլինի»:

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի որոշմանը՝ ասել է. «Մենք, իհարկե, աջակցում ենք ՄԱԿ-ի երեկվա որոշմանը, եւ Վաշինգտոնը բազմիցս այս մասին հայտարարություններ արել է: Մենք աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հարցը խաղաղ լուծենք: Մենք, իհարկե, կշարունակենք Հայաստանի հետ համագործակցել այս հարցում եւ կշարունակենք մեր բանակցությունները Հայաստանի կառավարության հետ»: Դեսպանը նաեւ խոսել է Քեսաբի իրադարձությունների մասին. «Մենք շատ մտահոգված ենք, ընդհանրապես, այն խոշտանգումներով, որ տեղի են ունենում ամբողջ Սիրիայում, ներառյալ այն, ինչը կատարվում է փոքրամասնությունների շրջանում»:

 

 

ԱՅՍՕՐ  ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ

Քեսաբ մեկնած պատգամավորական խումբն այսօր կվերադառնա Հայաստան: Այդ մասին armlur.am-ին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ վերադարձից հետո խմբի անդամները կպատասխանեն քեսաբահայությանն առնչվող բոլոր հարցադրումներին:




Լրահոս