ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՄԻՊ-ի

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գրասենյակում ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին, որոնց ուղեկցել է նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը: Օմբուդսմենի հետ զրույցում զոհերի հարազատները դժգոհել են, որ գործընթացում առաջխաղացում չկա, ինչպես նաեւ օմբուդսմենին առաջարկել են, որ նա շարունակի այս հարցը բարձրաձայնել եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպման ժամանակ: Օմբուդսմենն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու գործընթացին:

 

 

 
ՀԱՐՑ. Աշխատողն ընդունվել է աշխատանքի եւ 5.5 ամիս աշխատելուց հետո դիմում է գրել, որպեսզի ազատվի աշխատանքից՝ երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5.5 ամսվա համար, եւ միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվո՞ւմ է: Նշեմ նաեւ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:

Դավիթ Բարսեղյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հետեւաբար Ձեր դիմումում նշված դեպքում վերջնահաշվարկ կատարելիս չօգտագործած արձակուրդի համար աշխատողին հատուցումը պետք է վճարվի փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն՝ 5.5 ամսվա համար:
Ձեր դիմումում նշված նպաստի գումարի վերաբերյալ հարցն ամբողջական չէ, եւ հստակեցման կարիք ունի, ուստի այդ հարցի վերաբերյալ պարզաբանում չենք կարող տրամադրել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ
զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ այս դեպքում գործատուն պարտավոր է հաշվարկել եւ վճարել աշխատողին 5.5 ամսվա աշխատած օրերի համար: Ինչպես նաեւ՝ աշխատողին փոխհատուցել իր ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի համար՝ ըստ այդ օրերի քանակի: Ավելացնենք նաեւ՝ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ նրանց կողմից հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, եթե մասնավոր ընկերության գույքը առգրավվել է պարտքի դիմաց, ապա այդ դեպքում գույքի վաճառքից ստացված շահույթից առաջինը պետությանն ունեցած պա՞րտքն է մարվում, հետո նոր՝ վճարվում աշխատողներին պարտք մնացած աշխատավա՞րձը: Խնդրում եմ՝ պարզաբանեք:

Հայկ Գրիգորյան (30 տարեկան, տեխնոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտավորությունների մարման հաջորդականությունը կախված է այն հանգամանքից, թե ինչ ընթացակարգով է առգրավվել ընկերության գույքը: Եթե ընկերությունը գտնվում է սնանկության փուլում, ապա նախ՝ մարվում են աշխատողներին վճարվելիք գումարները, ապա՝ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունները: Սակայն եթե ընկերության գույքը բռնագրավվել է պետության կողմից հարուցված գումարի բռնագանձման վճռի հիման վրա, եւ չկա հարուցված սնանկության վարույթ, ապա գույքի վաճառքից ստացված գումարներն ուղղվում են հայցվորի (պետության) նկատմամբ ունեցած պարտավորությունների մարմանը, իսկ գումարի մնացած մասը (եթե այդպիսին կա) վերադարձվում է ընկերությանը:

«AM» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, եթե պետությունն է հայց ներկայացրել տվյալ ընկերության դեմ, իհարկե, եթե չկա հարուցված սնանկացման վարույթ, ապա գույքի վաճառքից ստացված գումարներն ուղղվում են պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների մարմանը: Սակայն, եթե ընկերությունը գտնվում է սնանկության փուլում, ապա նախ` մարվում են ընկերության աշխատակիցներին վճարվելիք գումարները, ապա՝ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունները: Սակայն ինչպես մեր երկրում հաճախ է պատահում, այս դեպքում էլ երբեմն օրենքները ստորադասվում են ոմանց անձնական շահերին:




Լրահոս