ՍԿՍԵՑԻՆ ԲԱՆԱԿՑԵԼ ԱՌԱՅԺՄ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ոչ իշխանական ուժերին պաշտոնապես հրավիրել է բանակցությունների նրանց կողմից առաջ քաշած 12 կետերի շուրջ: Վարչապետը նաեւ բանակցությունների ֆորմատ է առաջարկել` յուրաքանչյուր կետի շուրջ քննարկումներ իրականացնելու համար նշանակել երեքական ներկայացուցիչներ:

«Ժողովուրդ»-ի՝ նոյեմբերի 6-ի համարում` «Արտահերթ ընտրությունները կկայանա՞ն» հրապարակման մեջ, գրել էինք, որ առաջիկայում իշխանությունները եւ ոչ իշխանական ուժերը կհայտարարեն բանակցություններ սկսելու մասին: Մինչ երեկվա հայտարարությունը` նոյեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը «Արմենպրես» պետական լրատվական ծառայությանը հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է եւս մեկ անգամ քննարկել ոչ իշխանականների՝ 12 կետից կազմված պահանջները:
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել էր խորհրդակցության, որին մասնակցել են նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է խորհրդակցություններին մասնակցել: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լրագրողներին ասել է, որ իրենք որոշել են մերժել իշխանությունների առաջարկը:
Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը շատ կարճ էր տեւել: Խորհրդակցությանը մասնակցած ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք խնդիր չեն տեսնում այն հարցում, որ իշխանությունների հետ քննարկեն եւ ուղիներ գտնեն 12 կետերը կյանքի կոչելու համար: Ի տարբերություն ՀՅԴ-ի՝ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խորհրդակցությանը ներկայացել են կոնկրետ պայմանով: Նրանք պահանջել են, որ մինչ բանակցությունները սկսելը ԱԺ-ն քննարկի եւ ընդունի ՀՀ ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնցով առաջարկվում է խորհրդարանը դարձնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորված մարմին: Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ քանի որ իրենց պահանջը մերժվել է, ուստի իրենք էլ մերժել են վարչապետի հետ 12 կետերի շուրջ քննարկումներին մասնակցելու առաջարկը:
Կասկածից վեր է, որ իշխանություններ-ոչ իշխանականների նշմարվող բանակցություններն առաջիկայում շարունակություն կունենան: Խորհրդարանը հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորելու գաղափարը իշխանությունների համար վաղուց ընդունելի է եւ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին համահունչ է: Այսինքն՝ առաջիկայում կողմերը մեկ-երկու հայտարարություններով հանդես կգան: Ի վերջո, ամենաուշը մինչեւ տարվա վերջ ՀՀԿ-ն կհայտարարի, որ համաձայն է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով Աժ ունենալու գաղափարի հետ: Դրանից հետո երկող տարվա սկզբին կողմերը կսկսեն գործնական բանակցությունները:
Կարծում ենք՝ տեղին է հիշեցնել, թե որոնք են ոչ իշխանականների առաջ քաշած 12 կետերը.
«1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը եւ աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին:
2. Վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից պետական բյուջե կատարվող մուտքերի կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը:
4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները:
5. Գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի:
6. Հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը:
7. Բացառել «Որոտան ՀԷԿ»-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության:
8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը:
9. Ընդունել փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու մեխանիզմներ:
10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով:
12. Չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ՝ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:
Այս կետերում չկա գեթ մեկը, որն իրականում իշխանությունների շահերին կարող է ինչ-որ վնաս հասցնել: Իշխանությունների կողմից այդ կետերը, այսպես ասած, անտեսելը զուտ «տղայական դու ինձ չասես՝ ես ինչ անեմ» մոտեցմամբ էր պայմանավորված: Իսկ քանի որ իշխանությունները համաձայնում են, որ ոչ իշխանականներն իրենց ասեն ինչ անել, վերը բերված կետերի շուրջ համաձայնության գալն ընդամենը տեխնիկական հարց է:
Իսկ ինչ է ձեռք բերելու իշխանությունը, կամ այլ կերպ ասած՝ ոչ իշխանականներն իրենց 12 կետերի կատարման դիմաց ինչ են «տալու» իշխանություններին: Այս հարցի պատասխանը եւս վաղուց հայտնի է. ոչ իշխանականներն էլ կհամաձայնեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին` պայմանով, որ հանրաքվեից հետո ցրվի խորհրդարանը, եւ նշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԵՎՍ ՄԵԿԸ
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հյուրընկալվելով ԲՀԿ նախագահին՝ ՀՀ նախագահի մշտական թեկնածու Հարությունյանի կուսակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել միանալու համաժողովրդական շարժմանը՝ կիսելով Գագիկ Ծառուկյանի այն տեսակետը, որ միայնակ ոչինչ հնարավոր չէ անել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Հարությունյանն ասաց, որ համագործակցության շրջանակը դեռեւս պարզ չէ: «Կոպիտ ասած՝ չեմ ուզում ինֆորմացիան ինձանից դուրս գա: Համագործակցության մակարդակը եւ ձեւաչափը կորոշվի ընթացքում: Պետք է ճանապարհային քարտեզի, համախմբված գործելու մի շարք հարցեր քննարկվեն»,- ասաց Հարությունյանը:

 

ԱՌԳՐԱՎԱԾ ԳՈՒՅՔ ԿՎԱՃԱՌԵՆ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած նախագծով առաջարկվում է աճուրդի հանել Երեւան քաղաքի Կիեւյան, 2-րդ նրբանցք, թիվ 18 հասցեում գտնվող շենքը, որը, ինչպես պարզվում է, ամրակցված է ֆինանսների նախարարությանը: Գույքի մեկնարկային գինը կազմում է 115 մլն 259 հազար դրամ: Բայց աճուրդի հաղթողը պարտավոր կլինի վճարել նաեւ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 409,5 մետր քառակուսի հողամասի կադաստրային արժեքը` 10 մլն 380 հազար դրամ: Այս տունը պատկանել է մի քաղաքացու, ով չի կարողացել մարել ֆինանսների նախարարությանն ունեցած իր 120 մլն 737 հազար 57 դրամի պարտքը:

 

ԿՏՈՒԳԱՆԻ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում քննարկելու է «Սեկտոր Քվանտ» ՍՊԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Հանձնաժողովի աշխատակազմի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 25-ին «Ձորագյուղ-1» եւ «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիդրոագրեգատի տեղադրման ընթացքում խախտումներ է թույլ տվել: Սեպտեմբերի 18-ից ընկերության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ, որոնց ժամկետները լրացել են: Վարույթների շրջանակում ուսումնասիրվող հարցերի կապակցությամբ «Սեկտոր Քվանտ» ՍՊԸ -ն որեւէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել: Արդյունքում՝ հանձնաժողովը նախատեսում է ընկերությանը տուգանել մեկ միլիոն դրամի չափով: ՀԾԿՀ-ն իր մեկ այլ որոշմամբ էլ նախատեսում է կասեցնել «Ատլաս էներգո» ընկերության տրված` Տավուշի մարզում «Այգեձոր» եւ «Այգեձոր-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները: Ընկերությունը մինչեւ 2014 թվականի մայիսի 19-ը եւ 2014-ի հուլիսի 30-ը լիցենզիաների համար պետք վճարեր 100 հազարական դրամ, ինչը, սակայն, չի արվել: Ընկերությունը ՀԾԿ հանձնաժողովին հայտնել է, որ պետական տուրքերը չի վճարել, քանի որ ընկերության բանկային հաշիվները գտնվում են արգելանքի տակ: Արդյունքում՝ «Ատլաս էներգո»-ն կմնա առանց լիցենզիաների:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԵՂՆ Է ԴՐԵԼ
Նոյեմբերի 17-18-ը Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայում ԵԺԿ քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ունեցած ելույթում պատվիրակների ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ՝ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, ազատ ու արդար ընտրությունների եւ իրավակարգ իշխանության ձեւավորման գործում: Նա ԵԺԿ-ին կոչ է արել նաեւ իրագործել սեփական չափանիշները՝ ընդգծելով ԼՂՀ ազատության ու ինքնորոշման իրավունքի ճանաչման, ինչպես նաեւ՝ մինչեւ 100-ամյա տարելիցի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման վերահաստատման, դատապարտման եւ հատուցման պահանջի հրամայականները:

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում նա կներդնի բոլոր ջանքերը՝ առավել ամրապնդելու եւ զարգացնելու հայ-չինական հարաբերությունները:

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻՆ
Ռուսաստանի օրենսդրական գործունեության հարցերով կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այն ներկայացվել էր ԱԳՆ-ի ու էկոնոմիկայի զարգացման հարցերով նախարարության կողմից եւ կքննարկվի կառավարության նիստին:

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու եւ դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը:

 

ԳՐԱՆՑՎԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Ռուսաստանի Դաշնության նախարարների խորհուրդը հաստատել է արտգործնախարարության առաջարկած օրինագիծը, որը վերաբերում է Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ` մեկ երկրի քաղաքացիների` մյուս երկրում գտնվելու կարգի վերաբերյալ համաձայնությանը: «Այն նախատեսում է Ռուսաստանի` ժամանակավորապես Հայաստանի տարածքում գտնվող եւ Հայաստանի` ժամանակավորապես Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին գրանցման պարտավորությունից ազատելը (ըստ բնակության վայրի՝ ժամանակավոր հաշվառում), եթե քաղաքացու` երկրում մնալու ժամկետը չի անցնում 30 օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս