ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՇԱՀՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆ ՀՌՉԱԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել դատապարտել Ադրբեջանին՝ Ռամիլ Սաֆարովին ազատելու համար: Ըստ ԵԽԽՎ պաշտոնական հաղորդագրության՝ ««Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռ. Սաֆարովի դեպքում կիրառելը միջազգային հարաբերություններում բարի կամքի սկզբունքի եւ օրենքի գերակայության խախտում է եւ այն նախատեսված չէ իրենց հայրենիք վերադարձած դատապարտյալների վրա անհապաղ կիրառելու համար»: Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2007թ. Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սպանելու համար: Իր պատիժը Հունգարիայում 8 տարի կրելուց հետո՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, նրան արտահանձնել էին Ադրբեջան, որտեղ Ադրբեջանի նախագահը նրան ներում էր շնորհել եւ պարգեւատրել:

Այս հաղորդագրությունն ընթերցելուց հետո բնական հարց է առաջանում բոլոր բանական մարդկանց մոտ. ինչո՞ւ ԵԽԽՎ-ն Սաֆարովի խայտառակ արտահանձնումը հենց հիմա հիշեց: Փորձենք վերլուծել իրողությունների արձանագրմամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրահանգով համատարած բռնություններ են գործադրվում եվրոպական ուղղվածության գործիչների ու անհատների նկատմամբ: Ավելին՝ ի թիվս այլ քաղբանտարկյալների, Ալիեւը կալանավորել է նաեւ ԵԽ քաղաքական դպրոցի Բաքվի տնօրենին (լուսանկարում հենց նրա նկարն է դրված դատարկ աթոռին): Այսինքն՝ ԵԽ-ին անհրաժեշտ էր որեւէ կերպ «ցավեցնել» Ի. Ալիեւին, որը եւ արվեց:
Մինչդեռ եթե նույն ԵԽ-ն երկու տարի առաջ չգերագնահատեր իր շահը, այլ իրապես հավատարիմ մնար որդեգրած արժեքներին ու դատապարտեր Սաֆարովի արտահանձնումը, գուցե այսօր հայկական ուղղաթիռը չխոցվեր, օդաչուներն էլ կենդանի լինեին:

 

 

 

 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի (հոկտեմբերի 20-ից 21-ը) միայն ինքնաթիռի համար պետական բյուջեից ծախսվել է 18 միլիոն 795 հազար դրամ` ավելի քան 45 հազար դոլար: Գումարը վճարվել է «Այր Արմենիա» ընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս նպատակով կազմակերպված չարտերային չվերթն իրականացվել է նախագահական «Էյերբաս A319» ինքնաթիռով: Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի սկզբին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին անարգանքի սյունին էին գամել այսօրվա ոչ իշխանական ուժերը, քանի որ պարզվել էր՝ նրա արտասահմանյան այցերի համար միլիոնավոր դրամներ են ծախսվում չարտերային չվերթների վրա: Ավելին՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել էր. «Հայաստանի աղքատիկ բյուջեի պայմաններում նման շռայլություններ թույլ տալը պարզապես բարոյական չէ»: Հետաքրքիր է, թե ինչու նույն սկզբունքայնությունը չի դրսեւորվում Հ.Աբրահամյանի դեպքում:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ պատգամավորների շրջանում քննարկվում է Հայաստանի պետական պարտքի մի քանի օլիգարխների կողմից «գնելու» հնարավորության հետ կապված ինչ-որ պատմություն: Քննարկվող վարկածներից մեկով՝ իբր Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի մի քանի հայ մեծահարուստների հետ «փակել» արտաքին պարտքը կամ նույն է թե՝ «գնել» պարտքը, որպեսզի պետությունն այլեւս իրենց պարտք լինի: Իբրեւ Քոչարյանի հնարավոր գործընկեր նշվում «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի անունը: Առայժմ հայտնի չէ, թե որքանով են իրատեսական այս լուրերը, եւ, եթե այդպես է, ապա ինչպես է այն իրագործվելու, եւ դրանից հետո ինչպես են վարվելու Հայաստանի «նոր պարտքատերերը»: Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում, նման բան չկա, ու չեմ էլ կարծում, որ նման բան կարող է լինել»: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

 

 

 

 

Երեկ ՀՀ ԱԺ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի կողմից ներկայացնելիս պատգամավորները չէին թաքցնում, որ զեկուցողի վրա վրդոված են: Փոխնախարարի վրա վրդոված էին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները: Նրանցից մի քանիսն անգամ բանավիճում էին Արսեն Մկրտչյանի հետ: Վերջինս չէր էլ փորձում սիրաշահել իշխանական պատգամավորներին: Բանն այնտեղ հասավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա լքեց նիստերի դահլիճը: Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է կարգավորել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալները մշակելու եւ պահպանելու կարգն ու պայմանները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անկախ «նեղացվածության աստիճանից»՝ ՀՀԿ-ն, միեւնույն է, նախագծին կողմ է քվեարկելու, քանի որ այն մշակել եւ խորհրդարան է ներկայացրել սիրելի Կառավարությունը:

 

 
ՌԻՍԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Երեկ ԱԺ-ում քննարկվող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բնութագրեց ոչ թե որպես անձնական տվյալների պաշտպանության, այլ այդ տվյալները երրորդ անձին կամ երկրին փոխանցելու մասին օրենք:
«Ինչքան մասնակցում եմ հարցուպատասխանին, ավելի ու ավելի եմ համոզվում այդ հարցում, որ ֆինանսական այն աջակցությունը, որ տրված է այս օրենքի տակ, հենց այդ նպատակով է, հակառակ դեպքում մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն ավելի լավը դարձնելու համար մեզ չէին վճարի»,- ասաց նա:
Ինչ խոսք, բազմաթիվ այլ ոլորտներում օրենսդրական բարեփոխումների համար եւս մեզ տարբեր միջազգային դոնորներ վճարել են, եւ չի կարելի դա որպես պարտադիր պայման դիտել՝ այս կամ այն բարեփոխման էությունը կասկածի տակ դնելու համար: Սակայն ներկայացված նախագծում այնքան շատ են քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցում հնարավոր ռիսկերն ու անհստակությունները, որ ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած գնահատականը, թերեւս, չի կարելի չափազանցված համարել:
Մյուս կողմից էլ՝ դեռեւս 2002-ին ընդունված «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը բազմաթիվ թերություններ ուներ, որոնք շտկման կարիք ունեն, եւ հենց այսօր էլ ՀՀ քաղաքացիներն իրենց չեն կարող լիարժեքորեն պաշտպանված համարել այս առումով: Մեզանից յուրաքանչյուրը դա հստակ տեսնում է, երբ բջջային կապի տարբեր օպերատորներ, քաղաքացիների կամքից անկախ, օգտագործում են նրանց անձնական տվյալները` հեռախոսահամարներին ուղարկելով տարբեր գովազդային հաղորդագրություններ: Այնպես որ, թերեւս, իրավացի են օրենքի նախագծի հեղինակները` պնդելով, թե ավելի լավ է այս դաշտում ունենալ որեւէ կարգավորում, քան գործել դրա իսպառ բացակայության պայմաններում:
Խնդիրն այն է, սակայն, որ հաշվի առնելով վերջին շրջանում հայրենի Կառավարության մշակած եւ խորհրդարանի կողմից դակված օրենքների որակական չափազանց ցածր մակարդակը, երբ այս կամ այն օրենքի ընդունումից հետո պարզվում է, որ այն առկա խնդիրները կարգավորելու փոխարեն ստեղծում է կրկնակի չափով նորերը, միանգամայն հավանական է, որ այս օրենքի ընդունմամբ եւս մենք կարող ենք հայտնվել մարդկանց անձնական տվյալների չափազանց վտանգավոր արտահոսքի փաստի առջեւ: Եվ մինչ փորձ կարվի շտկելու օրենքում առկա թերություններն ու բացերը (ինչպես լինում է սովորաբար), այդ տվյալներից կարող են օգտվել մեր թշնամիները: Եվ այս իմաստով միանգամայն տեղին է ընդդիմադիր պատգամավորի տարակուսանքը, թե «անվտանգության ծառայությունն այսպիսի վտանգավոր նախագծերը նման թեթեւությամբ ընդունելու մասին ի՞նչ է մտածում»: Ի վերջո, պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք:

 




Լրահոս