«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի ճանապարհային ոստիկանապետ Արսեն Արշակյանը, երեկ անդրադառնալով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներին, ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ թիվը նվազել է ընդամենը մեկով:
«Ժողովուրդ»-ը Արսեն Արշակյանի հետ զրուցեց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի եւ նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցի մասին:
-Պարո՛ն Արշակյան, ըստ Ձեզ՝ դերասան Վարդան Պետրոսյանը ի՞նչ խախտում էր իրականացրել եւ, առհասարակ, իսկապես այդ խախտումը բացառիկ խախտում էր, որ անհատական վերաբերմունք ցուցաբերվեց նրա նկատմամբ:
-Գիտեք՝ այդ գործով որեւէ առնչություն չունեմ, դեպքի վայրում չեմ եղել, եւ այդ գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չեմ, հետեւաբար իմ կողմից ճիշտ չի լինի գնահատական տալ: Համապատասխան ծառայությունների կողմից տարբեր փորձաքննություններ են նշանակվում, եւ դատարանը քննում է այդ գործը:
-Քանի որ Վարդան Պետրոսյանը հայտնի դերասան էր, այս վթարը մեծ աղմուկ բարձրացրեց: Զուտ հետաքրքրության համար չե՞ք փորձել հասկանալ, թե երթեւեկության կանոնների ինչ խախտման մասին է խոսքը:
-Չէ՛, հայտնիությունը ինչ կապ ունի երթեւեկության կանոններ խախտելու հետ: Արդյունքում՝ դեպք է տեղի ունեցել, իսկ թե ինչ խախտումների հետեւանքով է եղել, կպարզի դատարանը:
-Այսպիսի պատահարների մասին բազմիցս ենք լսում, ի վերջո, նման փորձանք ցանկացածի հետ էլ կարող է պատահել: Արդյո՞ք համաչափ է այս կերպ Վարդան Պետրոսյանին պատժել՝ նրան կալանքի տակ պահելով:
-Միանշանակ, մենք նմանատիպ բազմաթիվ դեպքեր ունենք: Դուք հնչեցրեցիք, որ Վարդան Պետրոսյանը ճանաչված է, եւ դրա համար էլ այսպիսի հնչեղություն է ստացել: Վարդան Պետրոսյանի նման բազմաթիվ վարորդներ ունենք, որոնց գործերը նույնպես գտնվում են դատարանում: Այսքան ժամանակ որեւիցե առնչություն Վարդան Պետրոսյանի դեպքը եւ թատրոնը չեմ կարողացել գտնել: Եթե փորձեք հետաքրքրվել, ավելի ծանր դեպքեր ունենք:
-Օրինակ՝ 2013թ. ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջկա մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Մոսկովյան 23 շենքի դիմաց: Բախվել էին Երեւանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: Գեներալի դուստրը դուրս էր եկել Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հասարակական վայրում ցուցաբերել լկտի պահվածք` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հավաքվածների հասցեին: Անգամ չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Արդյունքում՝ ոչ մի պատասխանատվություն, անարդարություն չե՞ք տեսնում:
-Իհարկե՝ ո՛չ:
-Ինչպե՞ս:
-Իր դուստրը նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, չէ՞:
-Բայց արդյո՞ք ՀՀ քաղաքացին եւ այն էլ՝ գեներալի դուստրը պատասխանատվության չի ենթարկվում՝ հասարակական կարգը խախտելու, հայհոյելու, սպառնալիքներ հնչեցնելու եւ դեռ ավելին՝ ոստիկաններին չենթարկվելու համար:
-Կոնկրետ ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվեց վարչական վարույթ, եւ մեղավոր կողմը պատժվեց:
-Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ճանապարհային ոստիկանները ման չեն գալիս փողոցներում: Քաղաքացիները դժգոհում են, որ հերիք չէ՝ արագաչափերը եւ տեսախցիկները ֆիքսում են խախտումներն ու տուգանում, մի բան էլ ճանապարհային ոստիկաններն են շրջում եւ իրենց հերթին տուգանում մարդկանց:
-Մինչեւ 2006թ. Երեանի ՃՈ անձնակազմի քանակը 285 հոգի էր, իսկ այս պահի դրությամբ Երեւանի ՃՈ-ն բաղկացած է 210 հոգուց: Միաժամանակ այդ 200 հոգին դուրս չեն գալիս ծառայության, մենք աշխատում ենք երեք հերթափոխով: Այսինքն՝ յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ Երեւան քաղաքում ՃՈ անձնակազմից ծառայում է ընդամենը 40 կարգախումբ, այսինքն՝ 80 հոգի: Իսկ Երեւան քաղաքում 80 հոգի այդքան էլ շատ չէ: Բայց կան դեպքեր, երբ քաղաքացին դժգոհում է, որ ճանապարհային ոստիկան լիներ, լավ կլիներ: Դուք տեսել եք, որ կալանավորն իր վրա դուռը փակողին սիրի, ճանապարհային ոստիկանին չի սիրում կարգազանց վարորդը, իսկ օրինապահը սիրում է եւ հարգում:
-Անընդհատ ասվում է, որ արագաչափերի, տեսախցիկների հայտնվելուց հետո ՃՈ-ն կամաց-կամաց կդադարեցնի իր գործունեությունը, բայց դեռ չի երեւում այդ հեռանկարը:
-Շատ վատ է, որ բոլորի մոտ կարծիք կա, թե ճանապարհային ոստիկանությունը ստեղծված է միայն խախտումներ արձանագրելու եւ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Մեր գործառույթների մեջ, բացի այս ամենից, այլ գործողություններ էլ կան: Մենք Հայաստանի Հանրապետություն հրավիրված տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցումներ ենք իրականացնում, մասսայական միջոցառումներ ենք ապահովում: Իսկ տեսախցիկները կարո՞ղ են այդ ամենը ապահովել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻ» ՏԵՐԸ
«Ռոսգոսստրախ» ընկերության գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է: Forbes ամսագրի վարկանիշներում նա նույնիսկ առաջ է անցել մեծահարուստ, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանից:
Armlur.am-ը ներկայացրել է Դանիլ Խաչատուրովի կենսագրությունը: Նա ծնվել է Մոսկվայում 1971 թվականին: 1994 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը: 2000-2002 թվականներին աշխատել է «Славнефть» ընկերությունում:
1997-2000թթ. ընթացքում փոխնախագահի, իսկ հետո՝ ավագ փոխնախագահի պաշտոնում ղեկավարել է «Բին» ընկերության ներդրումային եւ ֆինանսական քաղաքականությունը: 2000-2002թթ. եղել է «Սլավնավթ» ընկերության փոխնախագահը: 2002թ. մայիսից «Ռոսգոսստրախ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդականն էր: Նույն թվականի հուլիսին նշանակվել է «Ռոսգոսստրախի» գործադիր տնօրեն:
2004թ. ապրիլի 1-ից այդ ընկերության գլխավոր տնօրենն է:
Դանիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: Նա մոտ տասը տարի շարունակ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում: Հատկանշական է, որ 2009 թվականին համաշխարհային ճգնաժամի պատճառով նրա գործերը կտրուկ վատանում են, սակայն հաջորդ տարիներին «Ռոսգոսստրախ»-ը կրկին ամուր ոտքերի վրա է կանգնում:
Խաչատուրովի կարողությունը հետեւյալ դինամիկան է ունեցել.
2006թ. – 760 միլիոն դոլար
2008թ. – 2 մլրդ դոլար
2011թ. – 1.5 մլրդ դոլար
2013թ. – 2.4 մլրդ դոլար:
Խաչատուրովը սկզբնական կապիտալը ձեւավորել է «Славнефть» ընկերությունում աշխատելիս: Սակայն նավթային բիզնեսը նրան այդքան էլ չէր հետաքրքրում, եւ նա որոշում է անցնել ապահովագրության ոլորտ: Խաչատուրովն ու նրա գործընկերները սնանկ ճանաչված «Ռոսգոսստրախ»-ը կառավարությունից ձեռք են բերել 2001-2003 թթ.՝ բաժնետոմսերի 75%-ի համար վճարելով 60 մլն ԱՄՆ դոլար, ապա գնել են նաեւ մնացած 25%-ը: Դանիել Խաչատուրովին հաջողվել է խորհրդային ընկերությունը վերածել ապահովագրական հսկայի, որն ունի տարեկան 3 մլրդ դոլարի եկամուտ:
ԼՈՒՐԵՐ
ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ավերս» ՓԲԸ-ն, որը «Դավիդով» ֆիրմայի ծխախոտ է ներկրում Հայաստան, ֆինանսների նախարարության կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. օգոստոսի 6-ին «Ավերս» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Գրիգոր Արսենյանը Հայաստանից Իսպանիա է արտահանել 1.800 ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշ, որը սահմանված ժամանակում չի վերաներմուծվել: Արդյունքում՝ ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Գ. Արսենյանը տուգանվել է 50 հազար դրամ:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԸ
Բազմաթիվ ընկերություններ, այդ թվում նաեւ ՊՈԱԿ-ներ, չկարողանալով Երեւանի քաղաքապետարանից ստանալ իրենց գումարները, ստիպված դիմում են դատարան եւ փորձում դատական կարգով վերադարձնել իրենց պարտքերը:
Բջջային կապի օպերատոր «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Վիվասելլ») մայիսի 31-ին դիմել է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից բռնագանձել 134 հազար 115 դրամ: Հունիսի 16-ին գործը նախագահող դատավոր Իշխան Բարսեղյանը բավարարել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի պահանջը, իսկ հուլիսի 14-ին վճարման կարգադրության գրությունն ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան:
Նոյեմբերի 11-ին էլ «Նոր Վերածնունդ» ՍՊԸ-ն է դիմել այս անգամ արդեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությանը պարտավորեցնեն կատարելու իր պայմանագրային պարտավորությունները:
ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ադրբեջանցի դիվերսանտների` Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով երեկվա նիստում հրապարակվել են տեսանյութեր, որտեղ 17-ամյա Սմբատ Ցականյանին ուղեկցող Դիլհամ Ասկերովն ադրբեջաներեն ասում է. «Մենք Ջոմարդ գյուղի տարածքում ենք, այստեղ բռնել ենք մի խոճկորի, նա մոտ 20 տարեկան է, ադրբեջաներեն ոչինչ չի հասկանում։ Մենք նրան ոչ մի կերպ չենք կարող բաց թողնել, քանի որ կարող է մատնել մեզ։ Գնանք, տեսնենք ինչ կլինի»։ Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող լուրերին, թե ադրբեջանցիները պահանջում են իրենց դիվերսանտներին` հայկական ուղղաթիռի անձնակազմի դիակներին մոտենալու հնարավորության դիմաց, սպանված պատանու հայրը` Մեխակ Ցականյանը, «Ազատությանն» ասել է, թե կտրականապես դեմ է այդ փոխանակմանը։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը եւս «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։