Դոլարը ցնցեց հայկական շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներն այսօրվանից սկսած՝ դուրս են եկել Կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակներից: Այսօր առավոտյան արձանագրված դոլարի կտրուկ աճը վկայում է, որ դրամանատունն այլևս ի զորու չէ վերահսկել արտարժույթի շուկան: Արդեն տևական ժամանակ ԿԲ-ն ամենուր դոլարի հսկայական խմբաքանակ շուկա բաց թողնելով՝ ըստ էության՝ կանխում էր կտրուկ գնաճը՝ ամերիկյան արժույթի կուրսը կարողանալով պահել 415 դրամի միջակայքում:

Իսկ արտաքին պահոցները, բնականաբար, անսպառ չեն, ու միայն  այն հանգամանքը, որ զուտ նոյեմբեր ամսվա ընթացքում 60 միլիոն դոլար է բաց թողնվել, վկայում է, որ ԿԲ-ն իր հնարավորությունների սահմաններում առավելագույնն է արել: Վերջին տարիների ռեկորդը, սակայն, այսօր գերազանցվեց, ու հենց այս պահին բանկերը 1 դոլարի համար վճարում են 421-422 դրամ և վաճառում՝ 430 դրամով: Իսկ 430 դրամն արդեն այն գինն է, երբ բանկերը կարող են փոխել վերջին օրերի իրենց քաղաքականությունը և նախկինի նման դոլարը ոչ միայն գնեն, այլև վաճառեն:

Բանկերի կողմից դոլար կուտակելու վերջին օրերին ուժգնացած մոլուցքն էլ իր հերթին նպաստեց դրա թանկացմանը, քանի որ եթե վերջիններս արտարժույթ գնում ու չէին վաճառում, խուճապային տրամադրություններն անխուսափելի են դառնալու: Ավելին՝ բանկային բիզնեսը (գոնե փող առնել ծախելու մասով) նոր վերելք է արձանագրում, և եթե նախկինում ցանկացած արժույթի մեկ միավորի վաճառքից բանկը շահում էր 1-3 դրամ, ապա այս պահին դոլaրի ու եվրոյի մասով արդեն 10 դրամի շահութաբերություն է ապահովվում: Սա նաև փաստում է ցնցումների շարունակականության հավանականությունը, և տոկոսների մեծացումը, որն այս պահին գոյություն ունի փողային շուկայում:

Իսկ հասարակության շրջանում խուճապային  տրամադրությունները հանգեցնելու են դոլարի պահանջարկի ավելացման, քանի որ օրինաչափ է, երբ մարդիկ իրենց խնայողությունները նախընտրեն թանկացող արժույթով պահել: Այսպիսով՝ այն, ինչ արդեն քանի ամիս տեղի է ունենում ՌԴ-ում, բնական կերպով սկսեց նաև հայկական բանկերում: Միակ հույսը, որը կարող է փոքրիշատե մեղմել դոլարի թանկացումը՝ ամանօրյա առևտուրն է, և տրանսֆերտներն ազգային արժույթի վերափոխելով՝ մարդիկ սկսում են տոնական գնումներ կատարել: Մինչդեռ, այս տարին, կարծեք թե, բացառություն է լինելու, քանի որ ոչ միայն տրանսֆերների չափերն են կտրուկ պակասել, այլև դրանք մեծամասամբ ռուսական ռուբլով են Հայաստան հասնում, արժույթ, որի փոխարժեքը վաղուց է գահավիժել:




Լրահոս