«Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք»,-խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ համագումարում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Երեկ, սակայն, Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հակառակն ապացուցեց. իշխանություններն, այնուամենայնիվ, «ախմախ» են, քանի որ ժողովրդին հակասահմանադրական օրենք են պարտադրում: Ու ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բողոքարկվող հոդվածները:
Սակայն ինչպես միշտ, Գագիկ Հարությունյանն իր տարերքի մեջ էր եւ հակասական որոշում կայացրեց. նախ ասաց, թե օրենքը հակասահմանադրական է, բայց եւ՝ որոշման մեջ գրված է, թե, այնուամենայնիվ, այն գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը: Իշխանություններն էլ, օգտվելով առիթից, պնդում էին, թե պարտադիր վճարումները պետք է արվեն: Ու սա այն դեպքում, երբ 2007թ. մայիսի 11-ին ՍԴ-ն կայացրել է ՍԴՈ-701 որոշում, ըստ որի՝ «Հակասահմանադրական ճանաչված եւ տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի»: Ասել է թե՝ այնուամենայնիվ, իշխանությունները հակասահմանադրական նորմերը չեն կարող մեխանիկորեն կիրառել ու պարտադրել վճարումներ անել, ու Դավիթ Հարությունյանը սխալվում է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին եւ ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում: Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսագուլյանը հայտարարեց. «Որքանով ես ճանաչում եմ պարոն Քոչարյանին, նա դեմ աշխատելու բնավորություն չունի, միշտ աշխատում է հանուն ինչ-որ բանի եւ որոշում ներկայացնելիս առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ»: Հարցին՝ արդյոք Ռ. Քոչարյա՞նն է ուղղորդում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին, Իսագուլյանը պատասխանեց. «Միշտ ասել եմ, որ ինձ համար ցանկալի է՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահներն ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին»:
ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սեւ ամպեր են կուտակվել: Պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը վիճաբանել է քաղաքացի Համազասպ Լալայանի հետ, կռփազենքով հարվածներ հասցնելով մի աղջկա դեմքին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «ԲՄՎ» մակնիշի 05 ՍՕ 555 համարանիշի ավտոմեքենայով վիճաբանել է Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ դեմքին: Գործն արդեն դատարանում է: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ Շիշ Մելոյի որդին եւս օրեր առաջ լուրջ վիճաբանության մասնակից է դարձել եւ պատգամավորը վերջին օրերին ոստիկանության քննչական բաժնում որդու վիճաբանության հարցերն է կարգավորում: «Դա հեքիաթ է: Իմ տղան այս տարի է ընդունվել համալսարան ու խելոք գնում է դասի ու գալիս»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել: Ու սա այն դեպքում, երբ նա զբաղվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկով. Համբարձումյանին պատկանող «Սլավա գրուպ» ընկերությունը ոչ միայն մեքենաներ է ներկրում, այլեւ հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարս»-ի, «Նեսթլե»-ի եւ այլոց պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Վերջերս էլ նա Սերժ Սարգսյանի հետ «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնի բացմանը մասնակցեց: Սակայն նրա ունեցվածքը փաստաթղթերով ընդամենը 1մլն 122 հազար 150 դրամ գումար է: Իսկ որպես եկամուտ, նա հայտարարագրել է տարեկան 3.1մլն դրամ աշխատավարձ ու 4 մլն դրամ նվիրատվություն: Համբարձումյանը հայտարարագրել է նաեւ մեկ անշարժ գույք: Պարզվում է՝ այն «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենան, որով շրջում է Համբարձումյանը, իրենը չէ: Համենայնդեպս հայտարարագրում ոչինչ չկա այդ մասին գրված:
ԱՆՀՈՒՍԱԼԻ ԵՆՔ
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, Նալբանդյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Ազատության» փոխանցմամբ` նա, մասնավորապես, ասել է, թե «Հայաստանն ի վերջո միացել է ՄՄ-ին, քանի որ միշտ էլ հայտարարել է, որ ուզում է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես նախկինում Հայաստանին Մաքսային միություն չէին հրավիրում` պատճառաբանելով, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության մյուս անդամների հետ: Սակայն երբ փորձագետները ուսումնասիրել են խնդիրը եւ հանգել եզրակացության, որ, այդուամենայնիվ, Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը, Երեւանը դադարեցրել է բանակցությունները Բրյուսելի հետ եւ որոշում կայացրել միանալ Մաքսային միությանը»:
Իր մայր բուհում պատվավոր դոկտորի կոչում ստացած ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարի այս հայտարարությունն այլ կերպ, քան մասնագիտական անմեղսունակություն, անվանելը դժվար է: Կամ էլ` գուցե հայտնվելով Մոսկվայում եւ ընկնելով ուսանողական հուշերի գիրկը, Նալբանդյանը մի պահ կտրվել է իրականությունից եւ շփոթել, թե որ երկրի դիվանագիտական շահերն է ինքը ներկայացնում:
Այլապես դժվար է բացատրել, թե ինչպես կարող է ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել, թե Հայաստանը շատ էր ցանկանում, բայց չէր անդամակցում Մաքսային միությանը, քանի որ մեզ չէին հրավիրում` ՄՄ հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով: Կարիք չկա հիշեցնել, որ այդ ՀՀ վարչապետն էր ռուսական «Իզվեստիա» պարբերականում իր հայտնի հոդվածով հիմնավորում, թե ինչու Հայաստանը չի ցանկանում անդամակցել Մաքսային միությանը՝ որպես դրա՝ թիվ մեկ պատճառ մատնանշելով ընդհանուր սահմանի բացակայությունը:
Բացի այդ, ինչ է նշանակում` Հայաստանը շատ էր ուզում անդամակցել, սակայն մեզ չէին հրավիրում ՄՄ: Ինչ է, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, որեւէ ակնարկ եղա՞վ առ այն, որ մեր երկրին ՄՄ անդամները հրավիրել են: Ոչ: Չեղավ: Եվ դա քաջ հայտնի է նաեւ Է. Նալբանդյանին:
Ուստի` անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել ՀՀ արտգործնախարարը` նման հայտարարություններ անելով: Բացի այն, որ իր խոսքերը տրամագծորեն հակասում են մինչ այդ ՀՀ իշխանությունների արած հրապարակային հայտարարություններին, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի չստորագրումը նման կերպ հիմնավորելով` Նալբանդյանն ավելորդ անգամ ընդգծեց ՀՀ իշխանությունների` անհուսալի գործընկեր լինելու հանգամանքը: