ՈՉ ՄԻԱՅՆ ԱԽՄԱԽ, ԱՅԼԵՎ` ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ առաջին անգամ որոշում է կայացրել ընդդեմ իշխանությունների: ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը հակասող, հետեւաբար` անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող հոդվածները: Միայն թե, սովորության համաձայն, ՍԴ-ն իշխանությունների համար որոշակի մանեւրելու տեղ է թողել. ՍԴ որոշման համաձայն, օրենքի` հակասահմանադրական ճանաչված նորմերն իրենց ուժը կկորցնեն սեպտեմբերի 30-ին: Այլ կերպ ասած, թեեւ օրենքը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, բայց եւ թույլ է տվել, որ այն կես տարի շարունակ գործի, ու պարտադիր կուտակային պահումները կարվեն:

Ճանապարհ` դեպի հրաժարական
ՍԴ ավանդույթի համաձայն, կայացված ոչ միանշանակ որոշումը երեկ մեծ ոգեւորություն էր առաջացրել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքողների մոտ, եւ երեկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ շենքից դուրս գալով, առաջին անգամ սուլոցների ու հանդիմանությունների փոխարեն արժանացավ հավաքված բազմության ուրախ ծափահարություններին:
ՍԴ որոշումից հետո ԱԺ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները միաբերան պնդում էին` սա եւս մեկ առիթ է, որպեսզի կառավարությունն անմիջապես հրաժարական տա: «Հիմնարար դրույթներից շատերը, որոնք ՍԴ-ն հստակ ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը հակասող, բավարար են, եւ քաղաքական պատասխանատվությունը ենթադրում ու պահանջում է, որ հենց այսօր ՀՀ կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ներկայացնի հրաժարական»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նաեւ հավելելով, որ ՍԴ որոշման շատ ձեւակերպումների վերաբերյալ ինքն ունի բազմաթիվ հարցադրումներ, մասնավորապես` ինչո՞ւ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչվելուց հետո, այնուամենայնիվ, մինչեւ սեպտեմբերի 30-ը լինելու են ուժի մեջ: Ի դեպ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները եւս խորհուրդ են տալիս զգուշավոր լավատեսությամբ վերաբերվել ՍԴ որոշմանը: Ավելին, նրանք ՍԴ որոշումից հետո, այնուամենայնիվ, շարունակելու են իրենց պայքարը. ապրիլի 12-ին նախատեսված է «Դեմ եմ»-ի հանրահավաքը:

 

Սխալվեցի՞ր, որդյակս
ՍԴ որոշումից հետո ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ-ում որպես պատասխանող հանդես եկող ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը ստիպված էր խոստովանել. «Ընդունում ենք, որ ՍԴ-ն ճիշտ է, մենք սխալվել ենք»: ՍԴ որոշման վերաբերյալ հայտարարություն տարածեց նաեւ կառավարությունը` պնդելով, որ իրենք առաջ են տանելու «ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը` դրա պատշաճ սահմանադրական ձեւակերպումների շրջանակներում»: ՍԴ որոշմամբ՝ ԱԺ-ն ու կառավարությունը պետք է Սահմանադրությանը համապատասխանեցնեն վիճարկվող օրենքն ու դրան փոխկապակցված մյուս իրավական ակտերը: Կառավարությունը երեկ հայտարարել է, որ իր հետագա գործողությունների ծրագիրը կընդունի ՍԴ որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո: Դժվար չէ ենթադրել` առաջիկայում իշխանությունները կփորձեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնել մեկ այլ անվան տակ. չի բացառվում, որ դա լինի լրացուցիչ հարկատեսակ: Ի վերջո, ակնհայտ է` իշխանություններին շտապ կանխիկ փող է պետք, ուստի այդ նպատակով նրանք կանգ չեն առնի ոչնչի առաջ: Իսկ մինչ այդ, նրանք կփորձեն պարտադիր պահումներն անել: Մանավանդ որ իշխանական թեւը, օգտվելով ՍԴ որոշման սողանցքից, պնդում էր` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն, այնուամենայնիվ, գործելու է: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե պարտադիր կենսաթոշակային պահումները պետք է արվեն, չանողներն էլ` կենթարկվեն պատասխանատվության:

 

Ողջամտություն փնտրելիս
Թեեւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ուժի մեջ է լինելու հակասահմանադրական ճանաչված այս օրենքը, սակայն սա չի նշանակում, որ այն գործելու է նույն տեսքով: Բանն այն է, որ դեռ 2007թ. մայիսի 11-ին ՍԴ-ն կայացրել է ՍԴՈ-701 որոշումը, որը կանոնակարգել է այս հարցը, եւ որը պարտադիր է իրավակիրառական պրակտիկայում: «Հակասահմանադրական ճանաչված եւ տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի, …բացառելով նաեւ հակասահմանադրական ճանաչված դրույթների վերարտադրությունը ցանկացած իրավական ակտում»,- նշված է ՍԴՈ-701 որոշման մեջ: Ասել է թե` իշխանությունները պարտավոր են շարժվել ՍԴ-ի այս մեկնաբանությամբ ու իրավունք չունեն մեխանիկորեն կիրառել օրենքը, մեխանիկորեն պարտադիր գանձել գումարները, չվճարողներին` ենթարկելով պատասխանատվության: Ասել է թե՝ այստեղ պետք է գործի ողջամիտ մոտեցում: Այլ հարց է, թե իշխանությունները ողջամիտ ասելով, ինչ են հասկանում:

 

Փաստորեն, ախմախ են
Ե՛վ Սերժ, ե՛ւ Տիգրան Սարգսյանները վերջին ամիսներին առիթը բաց չէին թողնում գովերգելու իրենց ներդրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: «Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ աշխարհի լավագույն մասնագետների վերլուծություններին, մեր երիտասարդ մասնագետներին գործուղել աշխարհի տարբեր պետություններ՝ ուսումնասիրելու լավագույն փորձը: Այդ գիտելիքների հիման վրա մենք ստեղծեցինք մեր համակարգը»,- հերթական իր ելույթում հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն այցի ժամանակ հայտարարել էր. «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական»: Իսկ ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր. «Անպայման անելու ենք, եւ որեւէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեեւ գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում»:
Փաստորեն, ՍԴ-ն երեկ արձանագրեց հակառակը. «լավագույն մասնագետների» կազմած «պատմական» ծրագիրն ախմախ էր, ավելին` հակասահմանադրական:
Հ.Գ.Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում մեծ թվով մարդիկ էին հավաքվել. հավանաբար լուրջ քննարկում էր` գուցե ՍԴ որոշման շուրջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

 

ՉԵՆ ՈՐՈՇԵԼ

Ապրիլի 7-ին մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգում եվրոպացի պատգամավորները հրատապ մի բանաձեւ են քվեարկության դնելու: Նախագծով առաջարկվում է ՌԴ ազգային պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հստակեցված չէ, թե նախագիծն ինչ է իրենից ներկայացնում եւ իրենք ինչպես են քվեարկելու:
-Թե ինչպիսի առաջարկներ կլինեն, դժվար է ասել, որովհետեւ անընդհատ առաջարկներ են լինում: Այդ հարցը ճանաչվել է հրատապ, իսկ ԵԽԽՎ-ում հրատապ հարցերը քննարկվում են հինգշաբթի օրվա առավոտյան նիստի ժամանակ: Ու հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչ է ներկայացնում իրենից այդ նախագիծը:
-Իսկ ԲՀԿ-ում քննարկե՞լ եք, թե ինչպես եք այնտեղ քվեարկելու:
-Դեռեւս նման հարց չենք քննարկել, որովհետեւ մենք վերջնական նախագիծ չունենք, ի սկզբանե պարզ է ու ենթադրելի, որ դա ոչ թե ԵԽԽՎ-ից վտարում է նշանակում, այլ, կարծում եմ, ավելի մեղմ սանկցիա կլինի, այսինքն՝ ձայնի իրավունքից զրկում, ինչն արվեց Չեչնիայի դեպքում: Բայց թե մենք ինչպես կքվեարկենք, դեռեւս չենք քննարկել: Ժամանակ ունենք:

 

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի մանկապարտեզներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սննդի մասով ստուգումներ է անցկացնում: Նշենք, որ այս տեղեկությունը հաստատվեց նաեւ ծառայության կողմից: Թե ինչն է անցկացվող ստուգումների պատճառը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից: Նրա խոսքերով՝ ստուգումներն անցկացվում են Երեւանի 11 մանկապարտեզներում. «Դրանք պլանային ստուգումներ են: Իսկ արդյունքներն առաջիկայում կհրապարակենք»:

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ

Երեկ գիշեր armlur.am-ին է ահազանգել է Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, եւ հայտնել, որ ամուսնուն դանակահարել են կալանավայրի աշխատակիցներ Վաչիկ Բաղդասարյանը եւ Գեւորգ Մկրտչյանը: Պատճառը, դատապարտյալի կնոջ փոխանցմամբ, վերջերս տեղի ունեցած կրակոցն է՝ ՔԿՀ աշխատակից Երանոսյանի եւ Արթուր Մարուքյանի կողմից՝ ուղղված իր ամուսնուն:
Հիշեցնենք, որ կատարվածի առիթով հարուցված քրեական գործն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում՝ սպանության փորձի հատկանիշներով:
Եվ ահա դանակահարող աշխատակիցները պահանջել են դատապարտյալից ցուցմունքը հետ վերցնել, սակայն վերջինս հրաժարվել է: Հենց դրա համար էլ բանտում դանակահարել են կալանավորին:

 

 

 

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՉԻ՞ ՓՈՓՈԽՎԵԼ

ԱՄՆ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ լրագրողը հիշեցրել է, որ ՄԱԿ ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձեւի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ եղել է նաեւ Հայաստանը: «Կան նաեւ Հայաստանի նման պետություններ, որոնք պնդում են, թե Միացյալ Նահանգների դաշնակից են, սակայն, ըստ էության, չեն քվեարկում այն բանաձեւի օգտին, որին սատարում է Միացյալ Նահանգները: Արդյոք կանխատեսո՞ւմ եք Հայաստանի նման պետությունների նկատմամբ արտաքին քաղաքականության որեւէ փոփոխություն»,-հարցրել է լրագրողը: Ի պատասխան՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակն ասել է, թե տեղյակ չէ նման լուրերի մասին:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐԸ

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը օրերս պաշտոնի է նշանակել Շիրակի մարզի նախկին փոխոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը՝ Հարություն Ավետիսյանին: Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան կադրերի ռեզերվ էր ուղարկել դեռեւս անցած տարվա հունիսից՝ մինչեւ օրս ոստիկանական համակարգում ոչ մի աշխատանք չառաջարկելով: Փոխարենը ՊԵԿ նախագահն է պատգամավորի եղբորը նշանակել բավականին պատասխանատու, հեղինակավոր եւ միաժամանակ խիստ եկամտաբեր պաշտոնի: Նա նշանակվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մաքսային ծառայության ղեկավար: Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանի մաքսայինի պետին էլ ոչ թե ազատել են աշխատանքից, այլ նրա պաշտոնը ցածրացրել են՝ նրան դարձնելով տեղակալ Սուքիաս Ավետիսյանի եղբորը: Հետաքրքիրն այն է, որ օդանավակայանի մաքսայինի՝ արդեն տեղակալ դարձած պետը, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանի բարեկամն է:




Լրահոս