ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սեւ ամպեր են կուտակվել: Պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, վիճաբանել է ոմն Համազասպ Լալայանի հետ, կռփազենքով հարվածներ հասցնելով մի աղջկա դեմքին:
Ի՞նչ է կատարվել Շիշ Մելոյի եղբորորդու մասնակցությամբ եւ, առհասարակ, ինչ վիճաբանության մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. օգոստոս ամսին պատգամավորի եղբորորդու մասնակցությամբ վիճաբանության գործը փետրվարի 27-ին ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Եվ այսպես, ըստ դատարանում առկա մեղադրական եզրակացության՝ Մովսես Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ իր ընկերներ Գարիկ Գինոսյանի եւ Սեյրան Վանեսյանի հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց շուրջ 5 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Ավելին՝ ԲՀԿ-ական պատգամավորի եղբորորդին նշված օրը, բացի հասարակական կարգը խախտելուց, ուրիշի գույքը վնասելով եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է կիրառել Համազասպ Լալայանի ու նրա կնոջ՝ Մարինե Ասատրյանի նկատմամբ:
Որտեղի՞ց է սկսվել վեճը
Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ «2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում Մովսեսը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «ԲՄՎ» մակնիշի 05 ՍՕ 555 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով իր ընկեր Գարիկ Գինոսյանի հետ հասնելով Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց տեսել է, որ իր մյուս ընկեր` Սեյրան Վանեսյանը, վիճաբանել է Աբովյան քաղաքի Քանաքեռ փողոցի 4/45 հասցեի բնակիչ Համազասպ Լալայանի հետ»:
Տղաներն իրենց անձի առավելությունը ցուցադրելու նպատակով վիճաբանության մեջ են մտել Հ. Լալայանի հետ: Այդ ժամանակ Մովսեսը շարունակելով խուլիգանական գործողությունները՝ զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ՝ կռփազենքով, դիտավորությամբ հարվածել Է Մարինեի դեմքին եւ կրծքավանդակին՝ արյունազեղում պատճառելով:
Սա էլ դեռ քիչ չէ, Մովսեսը ոտքերով հարվածներ է հասցրել Հ. Լալայանի ՎԱԶ-21074 մակնիշի 34 ԼՕ 141 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին` պատճառելով ընդհանուր՝ 22հազար ՀՀ դրամի գույքային վնաս:
Արդյունքում Շիշ Մելոյի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, եւ նրա ընկերներ՝ Սեյրան Վանեսյանը, Գարիկ Գինոսյանը, այսօր հայտնվել են դատարանի առաջ եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ քաղաքից չբացակայելու մասին:
Ու մինչ պատգամավորի եղբորորդու գործով դատավարությունը ընթանում է, դեռ հայտնի չէ, թե տղաներին ինչ ճակատագիր է սպասվում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավորի որդին օրեր առաջ նույնպես վիճաբանության մասնակից է դարձել: Ավելին՝ պատգամավոր Մելիք Մանուկյանն էլ վերջին օրերին ոստիկանության քննչական բաժնում որդու վիճաբանության հարցերն է կարգավորում:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ-ական պատգամավորից պարզել, թե իր որդին եւ եղբորորդիներն ինչու են վիճաբանության կիզակետում հայտնվել եւ, առհասարակ, ի՞նչ է մտածում հարազատների արարքներ մասին:
Ըստ պատգամավորի՝ իր որդին որեւէ միջադեպի մասնակից չի եղել. «Դա հեքիաթ է: Առաջին անգամ եմ նման բան լսում: Մարդու գլխին քնած տեղից ինչ խաղ ասես չեն խաղում: Ախր ինչի համար նման բան պետք է լինի: Իմ տղան այս տարի է ընդունվել համալսարան ու ընդամենը 18 տարեկան տղա է: Խելոք գնում է դասի ու գալիս, իսկ թե ով ինչ է ասում…»:
Իսկ ինչ վերաբերում է եղբորորդու քրեածին արարքներին, ապա այս առիթով պատգամավորը մեզ հրավիրեց Սեւան-Երեւան մայրուղի՝ իրեն պատկանող շշերի գործարան: Սակայն դարձյալ չխոստացավ ձայնագրիչի առջեւ մեկնաբանել կատարվածը: Այս պատճառով էլ «Ժողովուրդ»-ը բավարարվում է միայն պաշտոնական տեղեկության հրապարակմամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԹԵԺ ԳՅՈՒՄՐԻ
Երեկ Գյումրիում 22 համարի երթուղու վարորդները բողոքի ակցիա են անցկացրել: Պատճառը՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ մարտի 19-ի որոշումն է եղել, որի համաձայն՝ կասեցվել է թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը:
Նշենք, որ կասեցման համար հիմք են հանդիսացել երթուղու կողմից թույլ տված մի շարք խախտումներ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ, ով էլ տեղեկացրեց. ««Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն դեռեւս նախորդ տարի դիմել էր քաղաքապետարան պահանջով՝ հինգ միկրոավտոբուսի դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու համար: Համապատասխան օրենքում նշված է որոշակի ժամկետ, ըստ որի՝ իրենք դրա տեղը պետք է լրացնեն: Բայց շարժականը չեն լրացրել, այսինքն՝ տվյալ ընկերությունը մրցույթը շահել է 9 մեքենայով, դրան գումարած երկու պահեստայինը: Ստացվում է, որ սկզբնական մրցույթի ներկայացրած թիվը հիմա չկա, որը որ արդեն հիմք է գործունեությունը կասեցնելու համար»:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ նույն մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ քաղաքացիներին անհարմարություն չպատճառելու համար երթուղին կշարունակի 40 համարի ավտոբուսը: «Մայիսի 20-ին մրցույթ է հայտարարված ոչ միայն 22-ի, այլեւ մյուս երթուղային գծերի համար»,- լրացրեց Եգանյանը՝ նշելով, որ «Սրընթաց ուղիներ» ընկերությունն ավագանու որոշմամբ պարտավոր էր օրական վճարել 1500 դրամ, որն արդեն տարիուկես է, ինչ չի վճարել: Սակայն ուշագրավն այն է, որ երթուղու սեփականատերը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը: Իսկ Ղուկասյանների կողմնակիցները համոզված են, որ երթուղու կասեցման որոշումը պայմանավորված է ամիսներ առաջ Սպարտակ Ղուկասյանի կողմից Սամվել Բալասանյանի տան մոտ արձակած կրակոցներով:
Այս առումով Բալասանյանի մամլո խոսնակը պարզաբանեց հետեւյալը. «Քաղաքապետը եթե այս խախտումների մասով չարձագանքեր, իսկ արձագանքը օրենքի պահանջով է, ապա դա քաղաքապետի կողմից կլիներ անօրինական քայլ»:
ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ
Երեկ Պռոշյան համայնքի մի խումբ բնակիչներ փակել էին Երեւան -Աշտարակ ավտոճանապարը եւ պահանջում էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նշենք, որ երեկ լրացավ Պռոշյան համայնքի ղեկավար, սպանված Հրաչ Մուրադյանի մահվան առաջին տարին եւ դեռ սպանությունը չի բացահայտվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված գյուղապետի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանն ասաց, որ իրենք ցանկանում են հանդիպել ՀՀ ոստիկանապետի եւ գլխավոր դատախազի հետ մեկ նպատակով, որ կարողանան նրանցից պարզել, թե ինչ աշխատանք են տարել մինչեւ հիմա սպանությունը բացահայտելու համար. «Հանդիպումից հետո նոր կհասկանանք, թե ինչ կլինի այս ամենի վերջը: Գիտեմ, որ հաստատ կա մի բան, որը խանգարում է սպանությունը բացահայտելու համար ու դա քաղաքական ենթատեքստ ունի»:
ՋՐԵԼԸ ՉԷՐ ՕԳՆԻ
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին ցրտահարություններին՝ ասել է. «Եթե գյուղացիներն իրենց այգիներն առատ ջրեին էլ, միեւնույն է՝ ձյան պարագայում անիմաստ էր»: Մինչդեռ, օրեր առաջ գյուղնախարարությունը, ցրտահարությունից բերքը փրկելու համար, գյուղացիներին խորհուրդ էր տվել այգիները ծխահարել եւ առատ ջրել: Նկատենք, որ սպասվող ձյան ու կարկուտի մասին խոսք չէր եղել: Տիկին Պետրոսյանի վստահեցմամբ՝ Հիդրոմետ ծառայությունն ամսի 30-ի ձնից ու կարկուտից դեռեւս 5 օր առաջ կանխատեսել էր ձյունը, իսկ ահա կարկուտը, ըստ նրա, անկանխատեսելի է եկել:
ԲԼԹ
«Ակնկալում ենք ապրիլին ավարտել Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքները: Հուսով եմ, որ արդեն մայիսին մենք կկարողանանք ստորագրել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին փաստաթղթերը»:
Էդվարդ Նալբանդյան 1in.am
Լավ, հասկացանք, Մաքսային միություն որոշեցին մտնել, ու որոշումը շատ արագ կայացվեց: Հասկացանք, նախապայմաններ էլ չառաջարկեցին, որովհետեւ վաղուց արդեն սովոր են նվաստացուցիչ պայմանագրերի ու համագործակցությունների, վասալային կարգավիճակն էլ հոգեհարազատ է դարձել: Բայց միեւնույն է՝ որոշել էին արդեն, էլ հիմա ո՞ւր են շտապում, ի՞նչ ունեն կորցնելու: Ինչ որ կորցնելու կար, կորցրեցին… Պետք է նկատել, որ այս աստիճան շտապողականությունը խիստ կասկածելի է եւ լրացուցիչ անհանգստությունների տեղիք է տալիս: Չլինի՞ նոր զարգացումներ են սպասվում:
«Ես չգիտեմ, համենայն դեպս՝ Ծառուկյանի հանդեպ ես նորմալ եմ վերաբերվում, բարեգործություններ անում է: Խնդիրը հետեւյալն է՝ այս իշխանությունները հենց այնպես չեն գնա: Պատժել ա պետք»:
Տիգրան Կարապետյան Tert.am
Դժվար թե Տիգրան Կարապետիչը որոշեր հենց այնպես քաղաքականություն վերադառնալու փորձեր անել. եթե փորձում է վերադառնալ, հավանաբար ինչ-որ բան գոնե ակնկալում է: Իսկ ակնկալիքներն արդարացնելու հավանականությունը մեծացնելու համար լավագույն ելքերից մեկն այսօր «ծառուկյանագովքին» միանալն է. մեկ էլ տեսար՝ Գագիկ Ծառուկյանն էլ մի օր նկատի ու ինչ-որ առաջարկ անի, որից էլ ակնկալիք ունեցող մարդը, բնականաբար, չի հրաժարվի: Այնպես որ, բարերարության փորձ ունեցողը սկսում է գովել «մեծն բարերարին»՝ շատ լավ, իհարկե, հասկանալով, թե ում բարերարությունն ինչ շահ կարող է հետապնդել:
«Հայկական համայնքներում ճիշտը չեզոքություն պահելն է»:
Լեռնիկ Ալեքսանյան 1in.am
Եթե Սիրիայում հայերի անվտանգությունն այսօր վտանգված է, բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց տներից եւ վտանգը դեռ շարունակվում է, այդ ամենից էլ ներկա պահին նրանց պաշտպանում են Սիրիայի կառավարական զորքերը, ապա ի՞նչ չեզոքության մասին կարող է խոսք գնալ: Մի՞թե Լեռնիկ Ալեքսանյանն այդքան շատ է մտահոգված իսլամիստ ահաբեկիչների հետ հարաբերությունները չփչացնելու հարցով: Նա երեւի մոռանում է, որ հենց իր կուսակիցներն էին վերջերս այցելել Սիրիա եւ հանդիպել Բաշար Ասադի հետ: Ինչ վերաբերում է չեզոքությանը, իհարկե այն պետք է, բայց՝ միայն ԱԳՆ-ի մակարդակով:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ