ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԹՍԱՅԱՏՆԵՐՆ ԱՐԱԳՈՐԵՆ ՕՏԱՐՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երեւանի չշահագործվող կաթսայատները, որոնք աստիճանաբար վերածվում են բազմահարկ շենքերի, առաջացնում են էկոլոգիական մեծ ռիսկեր: Մասնագետներն ահազանգում են, որ երկրաշարժի դեպքում չափազանց խիտ կառուցապատման պատճառով Երեւանին մեծ վտանգ է սպառնում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ առկա են Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող թվով 117 կաթսայատներ, որոնք ներկայացված են աճուրդի: Իսկ մինչ այս պահը օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող թվով 182 կաթսայատներ:
Նշենք, որ գործող կարգը հաշվի առնելով` համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, այդ թվում նաեւ կաթսայատները, հիմնականում օտարվում են աճուրդով: Սակայն այս պահի դրությամբ քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները չեն կարող կանխատեսել, թե 2014թ. ընթացքում քանի կաթսայատուն է օտարվելու:
Ամեն դեպքում, անհասկանալի է, թե քաղաքապետարանն ինչու է շտապողականություն դրսեւորում մայրաքաղաքի չգործող կաթսայատներն օտարելու հարցում: Ինքնին հասկանալի է, որ այդ կաթսայատների տարածքները ձեռք բերողները գայթակղվում են հետագայում այդ տարածքներում բազմահարկ շենքեր կառուցելու հնարավորությամբ: Էլ չասած, որ շատ դեպքերում նման շինթույլտվությունները տրվում են կաթսայատների աճուրդին գրեթե զուգահեռ:
Երկրաբան Ռուբեն Յադոյանը համոզված է, որ կաթսայատան փոխարեն բազմահարկ շենք կառուցելու համար նախ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել: «Ես շատ եմ կասկածում, որովհետեւ այսօր ոչինչ չի ուսումնասիրվում: Բոլոր նոր կառուցվող կառույցների հիմքերը չեն ուսումնասիրվում. հիմքերի ինժեներաերկրաբանական կառուցվածքը, նրանց կրողունակությունը, ինչ ապարներ են այնտեղ, ինչ է սպասվում հետագայում, այ այսպիսի հարցեր կան: Ինչի համար էլ այդ շենքերը վտանգավոր են եւ շահագործման ժամանակ ամեն ինչ կարող է պատահել»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները խորությամբ չեն ուսումնասիրել տեղանքը մինչեւ բազմահարկ շենքի համար շինթույլտվություն տալը, նա պատասխանեց. «Ուր է այնտեղ մասնագետ: Քաղաքապետարանում մասնագետ չկա, ով ինչ ուզում, այն անում է: Տեսեք, ես ապրում եմ Բաղրամյան փողոցում եւ այս տարածքում, որտեղ կա երեք դպրոց, հարեւանությամբ երկու բարձրահարկ շենք է կառուցված, որն անթույլատրելի է: Չի կարելի: Անվտանգության ոչ մի նորմ պահպանված չէ, ուր մնաց քաղաքաշինական: Այնպես որ, քաղաքում նման խայտառակ շատ տեղանքներ կան, որոնց մասին մշտապես բարձրաձայնել ենք: Բայց արձագանք չկա»:
Նրա կարծիքով՝ շենքերի կաթսայատների շահագործումը քաղաքացու ծախսերը նվազագույնի կարող է հասցնել: «Բացի այս, բոլոր քաղաքակիրթ երկրներում կենտրոնացված ջեռուցումը պարտադիր է: Իսկ մենք դեգրադացիա ենք ապրում: Այսօր, ով գումար ունի, իր տանն է կաթսայատուն կառուցում: Փոխարենն այս ձմեռ քաղաքացիների մեծ մասն ընկավ պարտքերի տակ. այ եթե կաթսայատունը շահագործվեր, ապա մարդկանց ծախսերը կկրճատվեին: Առաջ գնալու փոխարեն, մենք հակառակը` հետ ենք գնում»,- զայրացած նկատեց Յադոյանը:
Իսկ մեկ այլ մասնագետի` բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով, շենքերի խտացումը բակերում անթույլատրելի է: Նա համոզված է, որ այս դեպքում կաճեն ե՛ւ էկոլոգիական, ե՛ւ սեյսմիկ ռիսկերը: Մինչդեռ կաթսայատան փոխարեն պետք է գոնե բակային տարածքները բարեկարգվեն: «Կաթսայատունը կառուցապատման համար օգտագործելը, հասկանում եմ, որ քաղաքին գումար է բերում, բայց դրա հետ մեկտեղ բերելու է նաեւ էկոլոգիական մեծ ռիսկեր»,-նկատեց տիկին Դանիելյանը:
Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նույնպես համաձայն է երկրաբան Ռուբեն Յադոյանի հետ. կաթսայատան շահագործումն ավելի էժան տարբերակ կլիներ քաղաքացիների համար: Նա զարմացած է, թե ինչու համապատասխան ոլորտի մեր պաշտոնյաները չեն փորձում այս հարցը լուծել եւ կաթսայատները վերանորոգել: Փոխարենը նրանք հակառակն են անում` օտարելով կաթսայատները: «Եթե մենք փորձեինք այս կաթսայատները վերականգնել, այլ ոչ թե տեղում շենքեր կառուցել ու հակասեյսմիկ վիճակ ստեղծել, ապա մենք շատ ավելի կշահեինք: Քանի որ փորձը ցույց է տալիս՝ որտեղ կենտրոնացված կաթսայատներ կան, բոլոր այդ շինությունները լավ են ջեռուցվում եւ քիչ գումար են ծախսում: Դա սարսափելի է, երբ մարդը պատուհանը բացում է ու դուրս է գալիս ուրիշի պատուհանի դիմաց: Այսինքն՝ մարդը չի կարողանում իր սեփական տանը հանգստանալ: Դա լուրջ է սթրեսի առումով»,-մտահոգվեց նա` ընդգծելով, որ Երեւանում քաղաքաշինական նորմերը չեն պահպանվում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները բողոքում էին, քանի որ իրենց՝ առանց այն էլ փոքր բակում չգործող կաթսայատան փոխարեն «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում: Բնակիչները տեւական ժամանակ պայքարեցին` պահանջելով դադարեցնել շինաշխատանքները, սակայն արդյունքում կաթսայատան տարածքում այսօր արագ տեմպերով կառուցվում է բազմահարկը: Հավելենք, որ բնակիչները դիմել են դատարան` շինարարությունը կասեցնելու պահանջով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ

 

Այսօր վաղ առավոտյան հիմնականում երիտասարդներով համալրված Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մեկնեցին Իսրայել՝ Եվրոպայի առաջնության։

Առաջինը ապրիլի 5-ին մեր հավաքականից 56 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը։ Ապա ասպարեզ դուրս կգան Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը, աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանը, Համաշխարհային ունիվերսիադայի ոսկե մեդալակիր Աղասի Աղասյանը, Եվրոպայի եւ աշխարհի պատանիների նախկին չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը եւ Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոն Հայկ Հակոբյանը։ Կանանց հավաքականում ընդգրկված են օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, Էլեն Գրիգորյանը եւ Աննա Գովելյանը։ Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Պողոս Պողոսյանն է, իսկ կանանց հավաքականինը` Արտաշես Ներսիսյանը:
Մինչ հավաքականի՝ Իսրայել մեկնելը, «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ, ով, մասնավորապես, ասաց, որ տարիքային բոլոր խմբերի` թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հավաքականները որեւէ խնդիր չունեն։ «Ընդհանրապես ֆեդերացիան խնդիրներ չունի, լիովին ֆինանսապես ապահովված է պետբյուջեից հատկացվող գումարի (165 միլիոն դրամ-Ռ.Թ.) եւ ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի շնորհիվ։ Դրան գումարվում է նաեւ ՀԱՕԿ-ի ֆինանսական եւ մասնագիտական օժանդակությունը»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա հավելեց, որ հավաքականներում սերնդափոխություն է կատարվում, տղամարդկանց թիմում, բացառությամբ Տիգրան Մարտիրոսյանի եւ Առաքել Միրզոյանի, մյուսներն արդեն երիտասարդներ են։ Նույնը՝ կանանց հավաքականում։ Ծանրամարտում, սովորաբար, արգելված դեղամիջոցների հետ կապված խնդիրներ շատ են ծագում, ինչը ժամանակին չի շրջանցել նաեւ մեր հավաքականը։ Ինչպես նշեց Վ. Խեչանյանը, հունվարի սկզբին ծանրամարտի ֆեդերացիան, շնորհավորելով մարզիկների Ամանորը, նաեւ յուրահատուկ ժողով է անցկացրել եւ ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի նախագահների անունից զգուշացրել, որ այն մարզիկները, ովքեր արգելված դեղամիջոցներ կօգտագործեն, ընդհանրապես կհեռացվեն հավաքականից՝ անկախ տարիքային խմբից. «Պետք է իրենց ուժը ցույց տան, տեխնիկական եւ տակտիկական որակները, այլ ոչ թե արգելված դեղամիջոցով բարձրացնեն արդյունքները։ Ի դեպ, Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո անցած 19 ամսում մեր ոչ մի ծանրորդ արգելված դեղամիջոց չի օգտագործել եւ չի որակազրկվել: Թիմն ունի նաեւ բժիշկ, ով խստորեն հետեւում է մարզիկներին»։ Մեր հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք է նվաճել տարիներ առաջ արգելված դեղամիջոցներ օգտագործելու պատճառով որակազրկված մեր ծանրորդների համար միջազգային ֆեդերացիային մեծ տուգանքներ մուծելուց հետո։ Իսկ, օրինակ, Ադրբեջանի ծանրորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը, քանի որ որակազրկված 10 մարզիկ ունեն։

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

 

ՄԵԿ Է` ԿԻՐԱՑՆԵՆ

Կառավարության ապրիլի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված է Դիլիջան քաղաքի բնակիչ Սաթենիկ Սանթրոսյանի հողամասն ու դրա վրա առկա շենք-շինությունները հանրային գերակա շահ ճանաչելու հարցը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակիցների՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական ծրագրերը չեն կարող լիարժեք իրականացվել, եթե կառավարությունը չիրացնի դպրոցին հարակից այդ հողամասն ու շինությունները: Ամենայն հավանականությամբ, այս հարցը կարժանանա կառավարության հավանությանը: Նշված խնդրով զանգահարեցինք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին եւ հարցրինք, թե արդյոք Սաթենիկ Սանթրոսյանն իր բարեկա՞մն է: Քաղաքապետն ասաց, որ չնայած իրենց ազգանունը նույնն է, սակայն բարեկամական կապ չկա: Նա հայտնեց, որ ինքը խնդրին իրազեկ է, Սաթենիկ Սանթրոսյանի հողամասը գտնվում է միջազգային դպրոցի տարածքի գրեթե մեջտեղում, այդ հողամասը շրջապատված է դպրոցի տարածքով: Արմեն Սանթրոսյանն ասաց, որ տվյալ հողամասում կապիտալ կառույցներ չկան, այնտեղ լոկ փայտե տնակ է տեղադրված, իսկ սեփականատերը բնակվում է Մոսկվայում: Քաղաքապետի խոսքով` Դիլիջանի միջազգային դպրոցի ղեկավարները Սաթենիկ Սանթրոսյանին առաջարկել են խելամիտ գներով վաճառել տարածքը, սակայն վերջինս շատ մեծ, հողամասի շուկայական գինը բազմիցս գերազանցող թիվ է ասել, եւ, բնականաբար, գործարքը չի կայացել: Քաղաքապետն ընդգծեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանում խոշոր ներդրումային ծրագիր է, եւ բնական է կառավարության շահագրգռվածությունը, որպեսզի այդ ծրագիրը կայանա: Ըստ քաղաքապետի՝ Դիլիջանում հողի շուկայական միջին գինը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 25-30 դոլարին համարժեք դրամ: Հաշվի առնելով, որ Սաթենիկ Սանթրոսյանին պատկանող հողամասը հարթ է, գտնվում է գետի ափին, դրա շուկայական գինն ավելին կկազմի: Ա. Սանթրոսյանի խոսքերով՝ ինքը չգիտի, թե ինչ ձեւով են հաշվարկելու փոխհատուցման գումարի չափը, սակայն տեղյակ է, որ փոխհատուցման գումարը վճարելու են Դիլիջանի միջազգային դպրոցի սեփականատերերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՊՐԻԼԻ 3-ԻՑ
«Հայփոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2014 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 3-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԳԾԱՏԵՐ ՉԳՏԱՆ

 

Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսային եւ միկրոավտոբուսային 24 երթուղիների համար կրկին «գծատերեր» չի գտել: Երեկ՝ երթուղիները շահագործելու համար հայտարարված մրցույթի վերջին օրը, որեւէ տնտեսվարող ցանկություն չի հայտնել դրանք շահագործել։ Aravot.am-ը նշում է, որ սա՝ թվով արդեն 5-րդ մրցույթն է, որին որեւէ տնտեսվարող չի ցանկանում մասնակցել: Հիշեցնենք, որ մրցույթի են դրվել թիվ 77, թիվ 10, թիվ 19, 26, 39, թիվ 6, 64, 68, 60 եւ մի շարք այլ երթուղագծեր:




Լրահոս