ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ խորհրդարանական չորս ուժերը նախապատրաստվում էին ապրիլի 28-ին ԱԺ-ում բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքն է հրաժարական ներկայացրել:

Սարգսյանի անսպասելի հրաժարականի մասին հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Ճիշտ է, վերջին օրերին իշխանական կուլիսներում շատ էր խոսվում առաջիկայում կառավարության փոփոխության մասին, բարձրաստիճան ՀՀԿ-ականներն էլ՝ ապրիլի 28-ին ընդառաջ ակնարկում էին՝ դեռ չեն որոշել, թե ինչպես կքվեարկեն կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմության առաջարկին: Բայց իշխանական կուլիսներում նաեւ նշում էին՝ փոփոխությունները կարվեն, հավանաբար, մայիսին ու կարվեն սեփական նախաձեռնությամբ:
Որեւէ մեկը չէր սպասում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական կներկայացնի հենց երեկ: Ավելին, օրվա առաջին կեսին կառավարության նիստը վարելիս նա բավականին վստահ էր. հայտարարեց, որ ՍԴ որոշումից հետո, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կիրառվելու է, նաեւ՝ հեգնանքով էր արտահայտվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իրականացրած բարեգործական ծրագրերի մասին՝ ասելով, թե՝ «Ջհանդամը, իրենց փիառն անում են՝ ջհանդամ, կառավարությանն ինչու են վարկաբեկում»: Կառավարության նիստից հետո նախարարներն էին միանշանակ հերքում փոփոխությունների հավանականությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ երեկ ցերեկը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասել էր. «Հավը երազում՝ կորեկ է տեսնում»: Բայց, փաստորեն, կատարվեց հակառակը. Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց: Նա երեկ երեկոյան «Ֆեյսբուք»-ի իր էջում մեկնաբանել է հրաժարականը. «Դեռեւս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր եւ խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել` մի շարք կարեւոր պետական միջոցառումների եւ ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով»: Այնուհետեւ Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել է իր պաշտոնավարման ընթացքում:
Իսկ հետո՞
Ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականը ներքաղաքական դաշտում կհանգեցնի որոշակի փոփոխությունների ու հրաժարականի որոշումը մեկ անձի՝ հենց Սերժ Սարգսյանի թելադրանքն էր:
Առայժմ, սակայն, անհասկանալի է, թե ինչ տեղի կունենա ՀՀԿ ներսում. այս տարիներին Տ.Սարգսյանը հիմնականում տնտեսական ոլորտի նախարարների օգնությամբ կարողացել էր ՀՀԿ-ում ձեւավորել իր թիմը, որը դարձել էր որոշակի գործոն եւ անհաշտ պայքարի մեջ էր մյուսների, հատկապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թիմի հետ: Բայց հիմա, վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, այլեւս հարցականի տակ է ՀՀԿ-ում նրա թիմի ճակատագիրը. դուրս կգան նրանք խաղի՞ց, թե կանցնեն ուրիշի դաշտ: Գուցե նոր քաղաքական հարթա՞կ սարքեն. ի վերջո, Տ. Սարգսյանը հասցրեց մոռացված կուսակցություններից իր համար քաղաքական հենարաններ կառուցել:

Երկու ահը մի մահ է
Որքան էլ իշխանությունները պնդեն՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը նրա անձնական որոշումն է, այնուամենայնիվ, ակնհայտ է՝ սա հետեւանք էր խորհրդարանական չորս ուժերի համագործակցության: Երբ հայտարարվեց՝ ապրիլի 28-ին խորհրդարանում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը, միաժամանակ՝ Ազատության հրապարակում կանցկացնեն եռօրյա շուրջօրյա հանրահավաք, ակնհայտ էր՝ սա իշխանական ճամբարում լուրջ խուճապ առաջացրեց: Հասարակական դժգոհությունների պայմաններում մայդանի կրկնության սցենարը սարսափեցրել էր իշխանություններին: Ու իր այս քայլով Սերժ Սարգսյանը փորձեց կանխել չորս ուժերի ծրագիրը. ինքը իշխանությունից հեռացրեց քառյակի քննադատության հիմնական թիրախ վարչապետին՝ քաղաքական անկյուն կառուցելով 4 ուժերի համար: Խոստովանենք՝ քաղաքական շախմատային այս պարտիայում իշխանության քայլը բավականին խորամանկ է:
Միաժամանակ խորհրդարանական չորս ուժերի առաջ այսպես նոր խնդիր է դրվում. «հրաշալի քառյակը» պետք է վերանայի քննադատության թիրախը եւ արդյոք այդքան համարձակություն կունենա՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե Տ.Սարգսյանի հեռանալուց հետո քառյակը կցրվի: Փաստ է, որ բացի ՀԱԿ-ից, մյուս ուժերը այս հարցում զգուշավոր են. հատկապես ԲՀԿ-ն հայտարարում է իշխանափոխության, բայց դա ասելով` շեշտում կառավարության հրաժարականը եւ զգուշանալով այդ ճանապարհին հնչեցնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿՀԱՄԱՐՁԱԿՎԵ՞Ն

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ երեկոյան, ըստ էության, ընդունեց իշխանությունների նետած ձեռնոցը. «Կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ: Առաջին փուլի խնդիրը կարելի է լուծված համարել: Հետեւաբար, այս պահից սկսած, մենք գտնվում ենք իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում: Ըստ այդմ, հետագա գործողությունների եւ միջոցառումների միակ օրակարգը, ինքնըստինքյան, դառնում է համաժողովրդական հանրահավաքներով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրը»: Մնում է՝ այս մասին հայտարարեն նաեւ մյուս երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը:

Նկատենք, որ իշխանությունների այս քայլը մյուս կողմից նաեւ վտանգավոր է: Սրանից հետո շատ հավանական է, որ հասարակությունը, «քառյակը» ոգեւորվեն այս հաջողությամբ ու ավելի կտրուկ, ավելի վստահ շարժվեն առաջ՝ ՀԱԿ առաջարկած ճանապարհային քարտեզով՝ պահանջելով արդեն Ս.Սարգսյանի հրաժարականը:

Ով է նա, ով է նա
Այնուամենայնիվ, բաց է մնում, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, եւ արդյոք նոր վարչապետը լինելու է պարզապես կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ 2018թ., թե՝ վարչապետ է նշանակվելու այն անձնավորությունը, ով լինելու է նաեւ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Ի վերջո, հենց կառավարության ղեկավարի աթոռն է դեպի նախագահի պաշտոնը տանող ամենակարճ ճանապարհը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԶԳԱՑ

Երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ հրաժարականի իր դիմումը չէր ներկայացրել, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կեսօրին պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե չե՞ք պատրաստվում հրաժարական ներկայացնել. ի վերջո 4 ուժեր դա են պահանջում, ասել էր.
-Հրաժարականը պահանջում են, բայց մենք հրաժարական չենք տա:
-Դուք պատրա՞ստ եք հրաժարական ներկայացնել:
-Բազմաթիվ անգամ ես հայտարարել եմ, որ եթե մենք զգանք հրաժարականի կարիք, ինքներս հրաժարական կտանք:

 

ԴԻՄՈՒՄ ԿԳՐԵՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել առաջնորդ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրաժարականների դիմումներ կներկայացնեն նաեւ մի շարք նախարարներ. ՀՀ ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Երեկ այս նախարարներից հնարավոր չեղավ պարզել լուրի իսկությունը: Նրանք վարչապետի դիմումից հետո ընդհատակ էին անցել:

 

ՀԻՄԱՐ ՎԻՃԱԿ

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտնվել է սկանդալի մեջ: ՍԴ որոշումից հետո ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանը հեռուստատեսությամբ սկսեց մեկնաբանել, թե ինչպես պետք է կիրառվի ՍԴ որոշումը: Սկզբում «Արմնյուզ»-ով նա ուղիղ եթերում հայտարարել էր, թե օրենքը հակասահմանադրական է, եւ չպիտի կիրառվի: Բայց իշխանական ամենաբարձր ատյանների «բացատրական աշխատանքներից» հետո արդեն «Շանթ»-ով նա հակառակն էր պնդում՝ օրենքը մինչեւ սեպտեմբերի 30-ը պիտի գործի ու պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումները պետք է արվեն: Մինչ այդ, իշխանություններն էլ հոգացին, որպեսզի հեռացվի «Արմնյուզ»-ի հաղորդումը համացանցից:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ողջ խառնաշփոթը մեծ դժգոհություն է հարուցել ՍԴ ներսում: Բանն այն է, որ ՍԴ անդամն իրավունք չունի մեկնաբանել ՍԴ որոշումը. սա նաեւ էթիկայի նորմ է. դատավորն իր խոսքն ասում է կայացրած իրավական ակտի տեսքով, եւ դրանից դուրս նա չպետք է լրացուցիչ մեկնաբանություններ անի: Բացի այդ, ՍԴ որոշումից դուրս ՍԴ անդամի կարծիքը դա ընդամենը մասնավոր կարծիք է, այլ ոչ թե ուղեցույց՝ ինչպես կիրառել ՍԴ որոշումը թեմայով:
Մի խոսքով, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հերթական անգամ հիմար վիճակ առաջացրեց իր վճռով: Ճիշտ այնպես, ինչպես 2003 թվականին, երբ ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանի համար վստահության հանրաքվեի անցկացման մասին դատարկ որոշում կայացրեց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

 

ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, aravot.am-ին ասել է, թե «ինձ համար դա անակնկալ չէր»:

 

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԵՐԸ

Համաձայն ՀՀ Սահմանդրության 55 հոդվածի՝ ՀՀ վարչապետի հրաժարականից հետո 10 օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ:
Իսկ ովքե՞ր կարող են դառնալ ՀՀ վարչապետ: Armlur.am-ին հասած, իշխանական կուլիսներում պտտվող տեղեկությունների համաձայն՝ վարչապետի հավանական թեկնածուներն են` ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Շուրջ մեկ ամիս գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանն այսօր դուրս է գրվել Երեւանի «Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցից։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա աղջիկը՝ Հասմիկ Խոջոյանը։ Նրա խոսքերով՝ հոր վիճակը նախկինի համեմատ լավ է։ Վիրահատված ձեռքը կարողանում է շարժել, սակայն հարազատներին չի ճանաչում։

 

 

ԾԵԾԵԼ ԵՆ

Ինչպես հայտնի է դարձել «կՐՈռՎ ԽՐՈռՎ» տեղեկատվական գործակալությանը՝ մարտի վերջին Երեւանում ծեծի է ենթարկվել 43-ամյա օրենքով գող Գեւորգ Մելիքյանը, ով հանցագործ աշխարհում ավելի հայնտի է որպես Օշականցի Գեւորիկ:
 

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հանդիպել են: Ըստ ԺԿ հաղորդագրության` նրանք քննարկել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում իրադրությունը տարածաշրջանում:

 




Լրահոս