Լուսանկարն արվել է Սայաթ-Նովայի փողոցում
«Արարատ բանկ»-ի բանկոմատի առջեւ գտնվող այս անհասկանալի իրն արդեն մի քանի օր է` ընկած է փողոցում: Իհարկե, առաջին հայացքից դժվար է կռահել, թե ինչ է այն եւ որտեղից է հայտնվել, բայց որ գեղեցիկ չէ, փաստ է:
ՀԱՐՑ. Եթե ավտոպատահար է տեղի ունեցել, որի արդյունքում մարդ է մահացել, իսկ վթարից հետո մեղավոր վարորդը փախուստի է դիմել, ապա ի՞նչ է կատարվում այդ մարդու հետ: Այսինքն՝ ինչպե՞ս է որոշվում նրա ճակատագիրը:
Սուսաննա Դավթյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «ՀՀ Քրեական օրենսգրքի» 244-րդ հոդվածի համաձայն` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուր հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն օրենքի 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը…
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում, եթե վարորդը փախուստի է դիմել, ապա կարծում ենք, որ առաջնահերթ պետք է գտնել վարորդին, որից հետո նոր միայն տուգանքի, կալանքի կամ պաշտոնից զրկելու մասին մտածել: Ավելացնենք, որ անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀԱՐՑ. Եթե մաքսազերծման ժամկետից մեկ տարի անցել է, ապա մաքսային մարմինները հսկողություն իրականացնելու նպատակով, կազմակերպությունից կարո՞ղ են պահանջել ապրանքների մաքսազերծման հետ կապված փաստաթղթեր: Կա՞ նման իրավական հիմք, որը գործում է ապրանքի մաքսազերծումից 1 տարի հետո:
Ալիսա Խաչատրյան (34 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաեւ մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման ճշտության ստուգման նպատակով մաքսային մարմինները՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հայտարարատուի կամ ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով, ապրանքների բացթողումից հետո՝ երեք տարվա ընթացքում, իրավունք ունեն ստուգել հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման փաստով պայմանավորված ապրանքներ տեղափոխող անձի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան ստանձնած պարտավորությունների կատարման ճշտությունը: Ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ ապրանքներ տեղափոխող անձի ստանձնած պարտավորությունների կատարումը ճշտելու նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն ստուգել բաց թողնված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման եւ մաքսային սահմանով բացթողումից հետո դրանց հետագա շրջանառության վերաբերյալ տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տարօրինակ է, բայց, փաստորեն, օրենքը թույլ է տալիս մինչեւ 3 տարվա ընթացքում փաստաթղթային ստուգումներ իրականացնել: Իսկ մեզ դիմող քաղաքացին դեռ զարմանում էր, որ մաքսային մարմինները կարող են մեկ տարի անց արթնանալ եւ ստուգել մաքսազերծված ապրանքի փաստաթղթերը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքով է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը: Ինչի՞ հիման վրա է կատարվում այն:
Ստելլա Բաբայան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձեւ): Հիմք ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ:
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալներով` աշխարհի բնակչության 15 տոկոսը հաշմանդամ է: Իսկ անցյալ տարվա դրությամբ մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 189 հազար 753 մարդ։