ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԸ՝ ԽԱՂԻՑ ԴՈ՞ՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական եւ միասնական քննությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 16.845 դիմորդ: Շիրակի մարզում դիմորդների թիվը 1540 է: Նշենք, որ մարզն ունենալու է 3 քննակենտրոն: Դիմորդը կարող է հայտագրել ՀՀ մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր բուհերի մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտություններ:
Նախորդ տարի բուհերում դիմորդների զգալի պակաս եղավ, ինչը ճգնաժամային իրավիճակ ստեղծեց՝ բազմաթիվ թափուր տեղեր, փակված բաժիններ, կադրային կրճատումներ: Եւ խոսքը միայն Գյումրու մասին չէ: Հայաստանյան գրեթե բոլոր բուհերում իրավիճակը նույնն էր: Նախորդ տարվա համեմատ հիմա բուհերի ղեկավարները  չեն դժգոհում նախնական տվյալներից: Խոսքը պետական կրթական հաստատությունների մասին է, սակայն մասնավորները, ըստ երեւույթին, կունենան դիմորդի պակաս: Ոլորտի մասնագետները դա պայմանավորում են ներմուծված փոփոխությամբ, որի համաձայն՝ ոչ պետական բուհ ընդունվելու համար եւս դիմորդը պետք է հանձնի միասնական քննություն: Սա նշանակում է՝ բոլոր բուհերը հավասարեցվում են, ինչն անարդար են համարում մասնավոր հաստատությունների ներկայացուցիչները: Պարզ է, որ շրջանավարտը գերադասում է պետական բուհ ընդունվել, արդյունքում մասնավորները հայտնվում են խաղից դուրս վիճակում:  
«Շեշտը պետք է դնել ուսուցման որակի վրա: Այն բուհերը, որոնք կապահովեն բարձր  ուսուցման որակ, այդ բուհերում էլ ապագայում ավելի շատ դիմորդներ կլինեն»,-ասում է ԳՊՄԻ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արթուր Խաչատրյանը: Գյումրիում գործող ոչ պետական բուհերից մեկը՝ «Պրոգրես» համալսարանը, այս տարի շատ քիչ թվով դիմումներ է ընդունել: Ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանն այս կապակցությամբ հայտնեց իր դժգոհությունը. «Այս տարի վատ է: Ունենք ընդամենը 4 դիմում՝ առաջին հայտով: Եթե հավասար պայմաններ են, ապա ոչ պետական բուհերն էլ պետք է ունենան այն նույն արտոնությունները, որոնք տրված են պետականներին»:
Մասնավոր բուհերի ներկայացուցիչների կարծիքով, եթե շարունակվի նույն քաղաքականությունը, ապա  մեկ-երկու տարի հետո մասնավորները կփակվեն: Ի դեպ, նրանք չեն ընդունում այն դիտարկումը, թե մասնավոր բուհի տված կրթությունը պակաս որակյալ է: Շեշտում են, որ դասախոսներից շատերը դասավանդում են նաեւ պետական բուհերում:
Բայց եւ այնպես ենթադրվում է, որ ոչ բոլոր բուհերում թափուր տեղերը շատ կլինեն: Դա կապված է մի նոր փոփոխության հետ, որն այս տարի է ներմուծվել: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Սարգսյանը փոխանցեց, որ ըստ սահմանված կանոնակարգի՝ տեղի է ունենալու ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլ. «Այն դիմորդները, որոնք դրական գնահատականներով չեն կարողացել հաղթահարել մրցույթը, կարող են դիմել նմանատիպ քննություններ պահանջող մրցութային մասնագիտությունների համար այլ բուհեր, որտեղ առկա են թափուր տեղեր՝ այլեւս չհանձնելով լրացուցիչ այլ քննություն»:  Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ հունիսի մեկն է, իսկ լրացուցիչ փուլը՝ հուլիսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս