Երբ հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկին՝ հեռուստամեկնաբան, դերասան, թարգմանիչ Արտավազդ Եղոյանին հարցնում են, թե ինչու ինքը չի երեւում եթերում, նա պատասխանում է, թե արդեն ծերացել է, եւ եթերում լինելու հերթը ջահելներինն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, պարոն Եղոյանը խոստովանել է, որ դրա իրական պատճառը թաքնված է բոլորովին այլ տեղում:
-Պարո՛ն Եղոյան, ժամանակին Դուք եղաք այն հաղորդավարը, որն առաջինը հայկական եթեր բերեց քաղաքային լեքսիկոնը՝ երբեք չգռեհկացնելով մայրենի լեզուն: Այսօր, կարծես, փողոցային խոսակցություններն են «ներխուժել» եթեր…
-Այսօր հայկական եթերի թիվ մեկ խնդիրը հայերենի բացակայությունն է, թեեւ, ի ուրախություն ինձ, վերջերս տեսա մեկ-երկու հաղորդում, որոնք արժանի են դիտվելու: Բայց ահավոր մի բան է տեսնել, որ որոշ հաղորդավարներ ոչ միայն «թլոշ» են, այլեւ կաղում են հայերենից: Հեռուստատեսություն ընկնողները վարակվում են աստղային հիվանդությամբ, հոռացած հայացքով նայում են տեսախցիկներին ու դասեր են տալիս ժողովրդին:
-Այնպիսի տպավորություն է, որ հեռուստատեսությունն էլ սպորտի պես մի ոլորտ է. ավագներին հեռացնում են, այնինչ կարող են նրանց փորձն օգտագործել:
-Մեր սերունդը որ եկավ, նոր խոսք բերեց հեռուստատեսություն, սակայն տարեցներին չարհամարհեց, քանի որ նրանցից սովորելու բան կար: Իսկ երբ այս ջահել ղեկավարները եկան, ոչ թե մեզ դուրս արեցին եթերից, այլ փակեցին հնարավոր բոլոր խողովակները եւ այնպես արեցին, որ ձանձրանանք ու հեռանանք:
-Որեւէ հաղորդում, շոու վարելու առաջարկ ստանո՞ւմ եք:
-Այո՛, իհարկե, բայց առողջականս արդեն չի ների…Բացի այդ՝ եթե շոուներ վարեմ, պետք է ասեմ այն, ինչ մտածում եմ: Մի առիթով հյուրընկալվել էի մի հաղորդման, հետո իմացա, որ այն գրաքննվում է, ասացի՝ այլեւս ինձ չկանչեք, չեմ գա…Այսինքն՝ առաջարկում են շոու վարել, իրենք թեման, ասելիքդ որոշում են, ասում են՝ դե՛, վարի, ես էլ ասում եմ, որ գնան իրենք էլ վարեն:
-Այսինքն՝ ինքներդ ցանկություն չունեք խաղալու նորեկների թելադրած կանոններով:
-Երբ ինձ հարցնում են՝ ինչու չեմ երեւում եթերում, ասում եմ՝ ծերացել եմ, թող ջահելները երեւան, բայց դա ձեւական պատասխան է…Իհարկե, ինքս էլ նկատում եմ եթերի քաղաքականացումը եւ չեմ կարող աշխատել մի երիտասարդի ձեռքի տակ, որն ուզում է իր կանոնները թելադրել, չեմ կարող եթերից ասել այն, ինչ չեմ ուզում, դրա համար էլ չեմ գնում հեռուստատեսություն…Ո՞նց կարող եմ հարցազրույց վարել մի դեպուտատի հետ, որի ուշքն ու միտքը բիզնեսն է, ինչո՞ւ ձեւեր թափեմ… Համացանցում գոնե դեռ կա խոսքի ազատություն, հեռուստաեթերում ցավոք՝ ոչ:
-Թարգմանել եք շուրջ 350 բազմաժանր ֆիլմ, այսօր ֆիլմերի թարգմանության, կրկնօրինակման հարցում ի՞նչ հիմնական թերացում եք նկատում:
-Մի բան պետք է միշտ հիշել՝ չի՛ կարելի դերասանի փոխարեն խաղալ, շատ ծիծաղելի է, երբ, օրինակ, տարեց մարդու փոխարեն խոսում-խաղում է մի ջահել տղա, կամ հակառակը:
-«Մհեր Մկրտչյան» թատրոնում երաժշտական ձեւավորող եք աշխատում. դժվար չէ՞ երկար տարիներ եթերում լինելուց հետո այդ աշխատանքը ստանձնել:
-Ծիծաղելին այն է, որ ես սկզբում եղել եմ հնչյունային ռեժիսոր…
-Վերադարձել եք Ձեր նախկին գործին…
-Այո՛ (ծիծաղում է):
-Մեր ներքաղաքական կյանքին հետեւո՞ւմ եք: Ի՞նչ կարծիք ունեք «վերնախավի» մասին:
-Ինձ կատաղեցնում է իր ցոփ կյանքի մասին մտածող իշխանության աշխատելաոճը, ընդդիմության թուլությունն ու անճարությունը, ձանձրացնում է մեջտեղ ընկած չկողմնորոշվողների վարվելակերպը, կատաղեցնում են մի նավակից մյուսը վազող երեսփոխանները… Վերջերս մի հարսանիք էի մոնտաժում, երեւում էր, որ մի հայտնի օբյեկտում հավաքվել էր այդ «վերնախավը», մի ամբողջ սկուտեղով «չալաղաջներ» բերեցին, երբ պարեղանակ հնչեց, դեռ ձեռք չտված՝ իրենց սիգարետները հանգցրեցին դրանց վրա ու գնացին պարելու …Շատ զզվեցի այդ տեսարանից…
-Մեր զրույցի վերջում կարող եք Ձեր խոսքն ուղղել բոլոր նրանց, ովքեր կարոտել են Ձեզ…
-Առհասարակ, երիտասարդներին մաղթում եմ, որ ոչ անհրաժեշտի պակաս ունենան, ոչ էլ ավելորդի ձգտում. նույնը մեր ազգին եմ մաղթում:
Աննա Բաբաջանյան