Մինչ հայրենի քաղաքական դաշտում ընդդիմադիր լինելու մրցավազքը կշարունակվի, կքննարկեն, թե երբ, ինչպես պետք է իշխանափոխություն անել, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անցել է կոնկրետ գործողությունների: Նա համացանցում հայտարարել է, որ մինչեւ հաջորդ քառօրյա` դեկտեմբերի 1-ը, հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: «Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար»,- նշել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն. «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Սակայն պաշտոնանկության գործընթաց սկսելու համար ԱԺ-ն պետք է դիմի եւ ստանա ՀՀ ՍԴ եզրակացությունը: Իսկ արդեն ՍԴ-ի դրական եզրակացության հիման վրա նախագահը կարող է պաշտոնանկ արվել ԱԺ պատգամավորների երկու երրորդի կողմ քվեարկությամբ: Անշուշտ, հասկանալի է, որ ԱԺ իշխանական մեծամասնությունը թույլ չի տա, որ ԱԺ-ն նման որոշում կայացնի: Սակայն Փաշինյանի այդ քայլը կդառնա յուրօրինակ «լակմուսի թուղթ»՝ հասկանալու, թե ոչ իշխանականները որքանով են անկեղծ, երբ ասում են, որ իրենք ցանկանում են հասնել համակարգային փոփոխության, իշխանափոխության:
ՀՀ դրամը երեկ ռեկորդային արագությամբ արժեզրկվեց, եւ արդեն օրվա վերջին 1 դոլարի պաշտոնական փոխարժեքը հասավ 435 դրամի` մեկ օրում թանկանալով մոտ 17 դրամով: Ռուսական ռուբլին թանկացավ 1 դրամով եւ արդեն օրվա վերջին 1 ռուբլին վաճառվում էր 10 դրամով, իսկ եվրոն` 540 դրամով, թանկացումը՝ 20 դրամ: Օրվա վերջին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, որով փաստացի ստանձնեց դրամի հետ տեղի ունեցած «անախորժության» պատասխանատվությունը: ԿԲ-ի պատճառաբանություններից մեկը «բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին» նպաստելն է: Այսինքն՝ Հայաստանի պաշտոնյաները մտահոգված են «խոպանչիների» ուղարկած գումարներով. նրանք ցանկանում են ռուբլու գինը բարձրացնել, որպեսզի մարդիկ «նոր տարի անեն»: Սակայն, ինչպես միշտ, լավ չստացվեց: Ու եթե ՌԴ ռուբլին շարունակի իր ազատ անկումը, ինչը կանխատեսում են մասնագետները, ապա ՀՀ ԿԲ-ն ռուբլու օրինակով շարունակելու է արժեզրկել դրամը:
Չնայած Հայաստանը դեռեւս պաշտոնապես չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրասիական տնտեսական միության դատարանում` Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորների թեկնածուների շուրջ խմորումներն արդեն ամբողջ թափով ընթանում են: Տեղեկացնենք, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության համաձայն՝ անդամ երկրներն այդ մարմնում նշանակում են երկուական դատավորներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում այս օրերին քննարկվում է ԵՏՄ դատավորների թեկնածուների հարցը, եւ առավել հավանական թեկնածուներից մեկը համարվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը: Ի դեպ, ԵՏՄ դատարանում Հայաստանի կողմից դատավորների նշանակմանը դեռեւս մոտ երկու ամիս ժամանակ կա, եւ բացառված չէ, որ վերջում բոլորովին այլ երկու թեկնածուներ նշանակվեն: Բայց որ մեր դատավորների եւ հատկապես Վճռաբեկ դատարանի շրջանում այդ պաշտոնի համար պայքար է ծավալվել, դա փաստ է:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը երեկ հերքման տեքստ է տարածել, որով ցանկացել է հերքել «Ժողովուրդ»-ի՝ նոյեմբերի 21-ի համարում լույս տեսած «Ավելի գեղեցիկ Երեւանի մանրադրամները» հրապարակումը: «Դատարան է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի միջոցով երրորդ անձի պարտավորության կատարման (չկատարման) հետեւանքով ստեղծված իրավիճակում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում՝ նպատակ ունենալով լուծել վճարման հարցը: Վերջինս, սակայն, մերժվել էր»,- նշված է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն իր հերքման մեջ, որը, պարզապես, ծիծաղ է հարուցում: Ինչո՞ւ, բացատրենք. «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունները ոչ միայն ճիշտ են, այլեւ հաստատվում են նաեւ պաշտոնապես «Դատական տեղեկատվական համակարգում» (www.datalex.am) հրապարակված տեղեկությունում: Ըստ այդմ, դիմողը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն է, իսկ պատասխանողն էլ՝ Երեւանի քաղաքապետարանը, եւ ոչ թե ինչ-որ երրորդ անձ: Իսկ գործով վճռի մասին ոչինչ նշված չէ: Այնպես որ, հերքման տեքստ հորինելով էլ, իրականությունը չի կոծկվի:
ԴԱՎԱՃԱՆԱՊԱՏԻՎ
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի շուրջ երեկ ԱԺ-ում ընթացող լսումները բավականին տխուր պատկեր ի ցույց դրեցին: Իհարկե, ի սկզբանե էլ պարզ էր, որ այդ լսումները կրում են զուտ ձեւական բնույթ, սակայն, այդուհանդերձ, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին դեմ հանդես եկողները, թերեւս, կարող էին ավելի լավ պատրաստվել եւ իշխանությանն առավել առարկայական հարցադրումներ անել: Հենց թեկուզ զուտ պատմության մեջ լյուստրացիայի նպատակով արձանագրելու համար այս իշխանությունների կայացրած որոշման` ապազգային եւ ապապետական ողջ պատկերը: Մինչդեռ երեկվա լսումներից ակնհայտ դարձավ, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ընդդիմախոսների գերակշիռ մեծամասնությունը պարզապես չի կարդացել պայմանագիրը:
Իհարկե, փաստաթուղթը ծավալուն է՝ շուրջ 1.200 էջ, ու գուցե նաեւ, ի սկզբանե վստահ լինելով, որ ոչինչ այլեւս չեն կարող փոխել, ընդդիմադիր պատգամավորներն անիմաստ էին համարել այդքան ջանքեր գործադրելը եւ, ըստ էության, լսումների ընթացքում բավարարվեցին ընդհանուր բնույթի հարցադրումներով` առանց խորանալու պայմանագրի բովանդակային ծուղակների մեջ:
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք իրենց սովորական կարգավիճակում էին` ստում էին դեմքի խելոք եւ անհողդողդ արտահայտությամբ: Մասնավորապես` էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարում էր, որ 752 ապրանքների գները չեն թանկանա առաջիկա ամիսներին: Սա այն դեպքում, երբ արդեն իսկ դոլարի փոխարժեքի թանկացման արդյունքում որոշ ապրանքատեսակներ թանկացել են: Եվ սա դեռ ԵՏՄ չմտած, իսկ թե ինչ կլինի ԵՏՄ-ին անդամակցելուց եւ, ըստ էության, ռուսական տնտեսության կցորդը դառնալուց հետո, արդեն ակտուալ դարձող ռուսական արտահայտությամբ ասած` ոզնուն էլ է հասկանալի:
Բայց սա մազաչափ անգամ չի հուզում նույն էկոնոմիկայի փոխնախարարին, որի նախորդն էլ, ի դեպ, մեկ տարի առաջ՝ գրեթե այս օրերին, իր իշխանական գործընկերների հետ պնդում էր, թե առաջիկա հինգ տարիներին ռուսական գազի գինն անփոփոխ կմնա: Ընդամենը երկու ամիս անց, սակայն, այդ պնդումները շատ հանգիստ կերպով սրբագրվեցին, եւ արդեն նշվեց, որ ռուսական գազը հայկական շուկայի համար չի թանկանա այնքան ժամանակ, քանի դեռ այն չի թանկացել Ռուսաստանում: Եվ, ի դեպ, գազային խայտառակ պայմանագրից հետո մեկ տարվա ընթացքում արդեն գազը թանկացավ, թեեւ առայժմ՝ ոչ մեծ չափով: Ուստի հիմա էլ շատ հանգիստ կարվի նույն բանը:
Հ. Գ. Երեկվա լսումներում միակ զարմանալի բանն այն էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին վիրավորեց Զ. Փոստանջյանի զգուշացումը, թե իրենք համարվելու են ազգի դավաճաններ: Փաստորեն նրանք մոռացել են, որ իրենք վաղուց արդեն այդ կարգավիճակում են` առնվազն անցած տարվա դեկտեմբերին վավերացրած գազային կապիտուլյացիոն պայմանագրից հետո: