ԵՏՄ ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՄԵԿ ՁԱՅՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ արտաքին հարաբերությունների եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը ներկա էին պատգամավորներ, ԵՏՄ անդամակացության գործընթացը համակարգող 22 աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հիմնական զեկուցողը` ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ներկայացրեց այն ֆինանսական պարտականությունները, որոնք Հայաստանը ստանձնում է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Նա նշեց, որ 2016թ. սկսած ՀՀ-ն ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր մասնահանումները եւ անդամավճար տրամադրի:
Զեկույցով հանդես եկավ նաեւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ անդրադարձավ ԵՏՄ կոլեգիայի հետ կապված հարցերին: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանին առաջարկվել է մինչեւ 2016թ. փետրվարը հանձնաժողովում լինել միայն դիտորդի կարգավիճակում: Շ. Քոչարյանի պարզաբանմամբ` պատճառն այն է, որ կոլեգիայի այս անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հենց փետրվարին: «Հետեւաբար իրենք ասում են, որ պաշտոնավարեն, վերջացնեն, նոր նշանակումներ լինեն: Կա միտում, որ անդամների թիվը պակասեցվի: Մենք հասանք նրան, որ ունենալու ենք 3 անդամ, բայց մի հարցում գնացինք փոխզիջման. այդ երեք անդամներն ունենալու են մեկ ձայն», – պարզաբանեց փոխնախարարը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներում արդեն գրել էր, որ կոլեգիայում ներկայացված անդամներից մեկը լինելու է ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, թե իրեն նման առաջարկ դեռեւս չի արվել:
Արտաքին գործերի փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ դառնալով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պահպանելու է ազատ առեւտրի ռեժիմը Վրաստանի հետ: «Սա մեզ համար շատ կարեւոր հարց էր, եւ հաջողվեց արդյունքի հասնել: ԵՏՄ պայմանագրին ՀՀ միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածում ֆիքսել ենք, որ պահպանելու ենք Վրաստանի հետ եղած առեւտրական բարձր մակարդակի հարաբերությունները», – հայտարարեց փոխնախարարը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն էլ խորհրդարանում հայտարարեց, որ հաջողվել է 752 անուն ապրանքների համար պահպանել ներկայումս գործող մաքսատուրքերը: Փոխնախարարը նշեց, թե շուրջ 500 անուն ապրանքների համար մաքսատուրքերը նույնը կմնան հինգ տարի, մյուսների դեպքում` ավելի քիչ: Էմիլ Տարասյանը միաժամանակ դժվարացավ հստակորեն ասել՝ արդյո՞ք ժամկետի ավարտից հետո այդ ապրանքների արժեքը կբարձրանա, թե ոչ:
Ելույթներ ունեցան նաեւ պատգամավորներ, հասարակական գործիչներ: ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, թե ՀՀ Սահմանադրության 1, 2, 114-րդ հոդվածները բացառում են, որ այս պայմանագիրը համարվի սահմանադրական: «Ես այս պայմանագիրը համարում եմ մեծ մարտահրավեր Հայաստանի ու Հայաստանի տնտեսության համար, որը մեզ զրկելու է նոր միջոցների, օտարերկրյա ներդրումների հնարավորությունից», – հայտարարեց նա:
Զգացմունքային ելույթ ունեցավ մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, ով խնդրեց չստորագրել այս «անիծյալ» պայմանագիրն ու չարժանանալ սերունդների նզովքին: Դահլիճում ակտիվություն տիրեց, երբ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորը նախ նշեց, թե բոլորի համար ակնհայտ է, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ստեղծվել է ի հակադրություն ԵՄ-ի: «Սակայն պարզվեց, որ մեկ տարի առաջ, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը որոշել է մեկ գիշերվա մեջ անդամակցել Մաքսային Միությանը: Այս գործընթացն ապազգային է, հեղինակը` Սերժ Սարգսյանը, թող չվիրավորվի, իր ողջ գործունեությունը չի բխում քաղաքացու շահերից, ուստի ապազգային է», – ընդգծեց նա:
Փոստանջյանը բոլոր պատգամավորներին հորդորեց դեմ քվեարկել պայմանագրին, այլապես, ըստ նրա, կողմ քվեարկողները կհամարվեն դավաճան: Նրա այս հայտարարությունը զայրացրեց ՀՀԿ ներկայացուցիչներին: Վարդան Այվազյանը տեղից արձագանքեց. «Տիկին Փոստանջյան, մի քիչ Ձեզ կոռեկտ պահե՛ք: Ասել եմ` պորտից ներքեւ չիջնե՛ք, ես եմ, դեմ չեմ քվեարկում, իրավունք չունե՛ք ինձ դավաճան անվանելու»: Սուքիաս Ավետիսյանը եւս տեղից արձագանքեց Զ. Փոստանջյանին. «Չափի մեջ մնացե՛ք, մի՛ փորձեք վիրավորել»: Արտակ Զաքարյանն էլ հայտարարեց. «Նորություն չի, շարունակում ենք աշխատել: Դե, հիմա դա էլ մեր դժբախտությունն է, ինչ անենք»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳԵՏԻԿԻ ՏՆԵՐԻ 60 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՊՎԱԾ Է

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկ համայնքում դեկտեմբերի 14-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահին թեկնածություն առաջադրել են երկուսը՝ ՀՅԴ-ական Աշոտ Դալլաքյանը եւ ներկա գյուղապետ Սարգիս Այունցը: Ի դեպ, տեղեկացնենք, որ դաշնակցական թեկնածուն նախկին գյուղապետն է:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող գյուղապետ Սարգիս Այունցի հետ:
-Պարո՛ն Այունց, Դուք քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Չորս տարի է, ինչ այս պաշտոնին եմ: Ժողովրդի պահանջով եմ եկել:
-Դուք ճանաչո՞ւմ եք մյուս թեկնածուին՝ Աշոտ Դալլաքյանին:
-Այո՛, ճանաչում եմ: Նորմալ հարաբերություններ ունենք: Նա նախկինում գյուղապետ էր, տասը տարի աշխատեց այդ պաշտոնում:
-Դուք անկուսակցական եք, իսկ Ձեր մրցակիցը՝ դաշնակցական: Լարվածություն կա՞:
-Չէ՛, ոչ մի խնդիր չկա: Դուք լավ կլինի նման հարցերով չհետաքրքրվեք, այլ գաք գյուղ ու տեսնեք, թե ինչպես են բնակիչները հուսալքված:
-Ինչո՞ւ են հուսալքված:
-Եկեք գյուղ ու կտեսնեք, որ 350 աշակերտ ունեցող դպրոցում այսօր 38 աշակերտ կա: Գետիկի դպրոցի աշակերտները հիմա դարձել են լավագույն մասնագետները՝ բժիշկներ, դասախոսներ, պրոֆեսորներ: Ափսոսում եմ, բայց ինչ արած: 360 ընտրողից հիմա մնացել են միայն 290-ը:
-Հեռացե՞լ են գյուղից:
-Դե՛, ինչպես հայտնի է՝ աշխատատեղ չկա: Ի՞նչ եք կարծում՝ բարձրագույն ավարտ մարդը գյուղում ինչով պետք է զբաղվի: Իսկ ովքեր գյուղում են մնում, անասնապահությամբ են զբաղվում, բայց դրանից ի՞նչ եկամուտ: Գյուղի տների 60 տոկոսը փակ է, կողպված, դատարկ է: Իսկ անձրեւից էլ տան արտաքին պատերն արդեն մամռակալել են:
-Հիմնականում ո՞ր երկիր են մեկնում:
-Եվրոպական երկրներ հատուկնետ մարդիկ են մեկնում, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն են բնակություն հաստատում: Միայն 120 մարդ այս պահին Երեւանում, Նոր Հաճնում եւ Մասիս քաղաքներում են ապրում:
-Իսկ հողագործությամբ չե՞ն զբաղվում գետիկցիները:
-Պատկերացրեք, որ 400 հեկտար վարելահող ունենք, բայց դրանից մշակվում է միայն 15 հա-ն: Ձեռնտու չէ: Ջուրը կա, բայց չեն ցանկանում մշակել: Մեզ մոտ դժվար է ապրել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԽՍՏՈՐԵՆ ՍՏՈՒԳԵԼ
Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաեւ՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կշարունակվեն անակնկալ ստուգայցերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել եւ խստորեն հետեւել հատկապես երեխաների սննդի կազմակերպմանը:
«Այս հարցում մեր մշտական հետեւողականությունն առանձնակի է կարեւորված, ըստ այդմ՝ ակնկալում եմ ձեզանից խստորեն ստուգել հատկապես երեխաներին մատուցվող սննդի համապատասխանությունը՝ սահմանված բոլոր չափորոշիչներին: Անգամ ամենափոքր խախտման արձանագրումն անհետեւանք չպետք է մնա: Սա պահանջ է, որին պարտավոր են հետեւել անխտիր բոլորը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

ՆՈՐ ՖԻԼՄ
«Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանն իր դեբյուտը կանի որպես ֆիլմի կոմպոզիտոր՝ ստեղծագործելով ռեժիսորներ Գարին Հովհաննիսյանի ու Ալեք Մուհիբյանի` ցեղասպանության 100-ամյակի առիթով նկարահանվող «1915» ֆիլմի համար: Այն երկար սպասված հոգեբանական թրիլլեր է պատմական հանցագործության վերաբերյալ թաղված ճշմարտության մասին:

 

ՊՈՒՏԻՆՆ  ԱԶԴԵՑԻԿ Է
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային գերազանցում է Time պարբերականի կողմից «Տարվա մարդ» անվանակարգի շուրջ կազմակերպված քվեարկությունում: Պուտինը քվեարկության արդյունքներով հավաքել է քվեների 6.6 տոկոսը, իսկ Օբաման՝ 2.2 տոկոսը: Նրանցից բացի՝ «Տարվա մարդ» տիտղոսի համար պայքարում են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրազիլիայի նախագահ Դիլմահ Ռուսեֆը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Time-ի վարկածով «Տարվա մարդ» էր ճանաչվել նաեւ 2007 թվականին:

 

ԿԿՐՃԱՏՎԵՆ
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատության» հետ զրույցում կանխատեսել է, որ առաջիկայում կարող են կրճատվել Հայաստան եկող տրանսֆերտները. «Ռուսաստանի պետությունը կարող է ասել՝ «էդ ինչ տրանսֆերտներ են գնում, մենք էդքան վատ վիճակի մեջ ենք, եկեք՝ վերահսկենք։ Խոսքը միայն Հայաստան գնացող տրանսֆերտների մասին չէ։ 2-3 միլիարդ տանում է Մոլդովան, 6 միլիարդի տրանսֆերտ գնում է Ուկրաինա, 1.5 միլիարդի տրանսֆերտ գնում է Տաջիկստան, 1 միլիարդ գնում է Ադրբեջան, 600-700 միլիոն գնում է Վրաստան»,- թվարկել է Բագրատյանը` պարզաբանելով, որ Ռուսաստանը կարող է հարկել տրանսֆերտները:

 




Լրահոս