ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիա չկազմելու որոշման հրապարակումից ի վեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անխտիր բոլոր անդամներն անվերջ կրկնում էին, թե իրենք նոր ԱԺ-ում լինելու են այլընտրանք Հանրապետական կուսակցությանը, թե ի դեմս ԲՀԿ-ի՝ մենք տեսնելու ենք  իշխող մեծամասնության ազդեցիկ հակակշիռ եւ այլն: Սակայն երեկվա անդրանիկ նիստում ԲՀԿ-ի պահվածքն ամենեւին էլ “այլընտրանքային” չէր: ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանն ընտրվեց նաեւ իրեն ՀՀԿ-ի “հակակշիռ” հռչակած ԲՀԿ-ականների քվեներով: Ինչպես հայտնի է, ԱԺ երեկվա նիստին չէին մասնակցում “Ժառանգություն”-ն ու ՀԱԿ-ը, իսկ ՀՅԴ-ն էլ չմասնակցեց քվեարկությանը: Եվ ստացվում է, որ 102 քվե ստացած Հովիկ Աբրահամյանի օգտին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի` ընդհանուր հաշվով 75 պատգամավորներից զատ (գումարած նաեւ 2 անկախ պատգամավորներին) քվեարկել են նաեւ ԲՀԿ-ական “խիստ կառուցողական” պատգամավորները: Ինչպե՞ս կարելի է դա հասկանալ: Եթե ԲՀԿ-ն իրապես որոշել է առաջիկա քաղաքական զարգացումներում ներկայացնել ՀՀԿ-ին հակակշռող բեւեռի լուրջ քաղաքական հայտ, ապա,  ըստ առողջ քաղաքագիտական տրամաբանության, պետք է ոչ միայն չքվեարկեր հօգուտ մրցակից ուժի առաջադրած թեկնածուի, այլեւ հանդես գար ԱԺ նախագահի սեփական թեկնածուով: Բայց քանի որ մեզանում այն առկա չէ,  պետք է միանգամայն օրինաչափ համարել, որ վերջերս իրենց կամքից անկախ ընդդիմադիր դարձած ԲՀԿ-ականները միահամուռ կերպով քվեարկում են հօգուտ իրենց առաջնորդի խնամու: Եվ քանի որ Հ. Աբրահամյանի ընտրության դեպքում  փաստորեն խնամիական կապերը վերածվում են քաղաքական կատեգորիայի, ապա ամենեւին պետք չէ բացառել, որ այդ կատեգորիան իր որոշիչ դերակատարությունը կունենա նաեւ առաջիկա քաղաքական զարգացումներում: Այստեղ թերեւս արժե նաեւ հիշատակել այն իրողությունը, որ մանդատավոր ԲՀԿ-ականները մեծ հաշվով դեռեւս իրենք էլ գտնվում են անորոշության մեջ, քանի որ նախօրեին կուսակցության առաջնորդի հետ կայացած հանդիպման ընթացքում նրանց այդպես էլ որեւէ բացատրություն չի տրվել, թե ինչի համար են իրենք հայտնվել “այլընտրանքային” դաշտում: Իսկ ԲՀԿ-ականների մտահոգություններին ի պատասխան Գագիկ Ծառուկյանի ասածը՝ “լավ է լինելու, դուխներդ չգցեք”, թերեւս միանգամայն համահունչ է խնամիական կապերը քաղաքական կատեգորիայի վերածելու մարտավարությանը: Ի դեպ, այս համատեքստում բավական հետաքրքիր է գեներալ Սեյրան Սարոյանի  պատասխանը լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է՝ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում: Սարոյանը պատասխանել է` “ինձ թվում է` այո՛”:  Այս ՀՀԿ-ական գեներալի պատասխանը հետաքրքիր է նրանով, որ նա Ծառուկյանի դստեր հարսանիքի քավորն է: Այնպես որ,  եթե  նորմալ երկրներում քաղաքական գործընթացները զարգանում են քաղաքական կանոններով, մեր երկրում դրանց ձեւավորման վրա հաճախ որոշիչ դերակատարություն են ունենում խնամիա-սանիկային հարաբերությունները: Ուստի, քաղաքական կանխատեսումներ անելիս պետք չէ այդ մասին մոռանալ:




Լրահոս