ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել էր, երեկ հրապարակեց «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանի պաշտոնանկության մասին» նախագիծը: Նախագիծն արտահերթ կարգով Աժ-ի՝ երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրա օգտին ստորագրեն առնվազն 44 պատգամավորներ: Ոչ իշխանական հինգ խմբակցությունների պատգամավորները թվով 57-ն են, իսկ եւս չորս պատգամավորներ ոչ մի խմբակցությունում ընդգրկված չեն: ՕԵԿ խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը ոչ մի պարագայում Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը չի պահանջի: Այսինքն՝ մնում են 52 պատգամավորներ, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը: Երեկվա դրությամբ մեկ պատգամավոր` Ալեքսանդր Արզումանյանը, արդեն ստորագրել է ձեւաթուղթը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց հարուցելու համար անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի թվով 50 պատգամավորներից 42-ը գոնե ստորագրեն փաստաթուղթը: Ի դեպ, նշված երեք խմբակցություններն էլ մինչ այս հայտարարել էին, որ Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն:

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագծում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը շարադրված են ութ կետերում: Դրանցից յոթում ներկայացված են Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր, իսկ մեկում բերված են նրա կողմից պետական դավաճանություն կատարելու մասին հիմնավորումներ:

 

 

 

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ նախօրեին տեղի ունեցած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է աննախադեպ ցածր գումար` 12 միլիոն 400 հազար դոլար: Եթե հաշվի առնենք, որ նշված գումարի մի մասը խոստումներ են, ապա ակնհայտ կդառնա, որ փաստացի հավաքագրված գումարը կարող է եւ ավելի քիչ լինել: Սա նշանակում է, որ կա՛մ սփյուռքում այլեւս չեն ցանկանում Հայաստանի համար գումար հանգանակել` շատ լավ գիտակցելով, որ այդ գումարի մեծ մասն, ի վերջո, հայտնվելու է պետական պաշտոնյաների գրպաններում, կա՛մ իրականում «բոլորի գործերը վատ են», կա՛մ էլ հայկական լոբբիստական կառույցներն ու դեսպանատները վատ են աշխատում համայնքների հետ: Նշենք, որ հեռուստամարաթոնն այս տարի եւս անցկացվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսօր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ուշագրավ է, որ նախորդ տարի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել էր 22 միլիոն 661 հազար դոլար՝ գրեթե կրկնակի:

 

 

 

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը երեկ հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Շուրջ երկուսուկես ժամ տեւած հանդիպումը լրագրողների համար փակ էր: Հանդիպումից հետո դեսպանը եւ հանձնաժողովի անդամները հրաժարվեցին մեկնաբանություն տալուց: «Ժողովուրդ»-ին հաջողվեց իր աղբյուրներից պարզել, որ այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը ԱԺ պատգամավորներից ցանկացել է ճշտել, թե հայ-թուրքական սահմանը բացելու հարցում նրանք ինչ հեռանկարներ են տեսնում: Ջոն Հեֆֆերնին հետաքրքրվել է նաեւ, թե ըստ պատգամավորների՝ ինչպես կընթանա ԵՏՄ պայմանագրի քննարկումը, այն ինչ ձայներով կընդունվի, ինչ դժվարությունների կհանդիպի: Ի դեպ, երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այն ժամանակ, երբ ԱՄՆ դեսպանը խորհրդարանում փակ հանդիպում էր անցկացնում պատգամավորների հետ, նախագահականում տեղի էր ունենում Նիկոլայ Բորդյուժայի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ աղմկալի պատմության մեջ է ընկել: Օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՊՆ-ի խոշոր մատակարարներից է: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե Աշոտ Սարգսյանը կոնկրետ ի՞նչ ընկերություն է ղեկավարում: Հայտնի է միայն, որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան: Ենթադրվում է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով, ինչը սկսել է երեւալ իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս:

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ

Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այդ մասին պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրը, որի համատեքստում էլ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպին: Նիկոլայ Բորդյուժան հավաստիացրել է, որ այդ միջադեպը քննարկման թեմա կդառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:
Բորդյուժայի այդ հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ նախկինում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերից, այդ թվում եւ` անցած օգոստոսին Ադրբեջանի կողմից սանձազերծված մի քանի դիվերսիոն ներթափանցումներից հետո անգամ ՀԱՊԿ ղեկավարությունը երբեւէ դա չի դարձրել քննարկման առարկա կազմակերպության խորհրդի նիստերում: Ավելին` երբ 2012 թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված միջադեպերի արդյունքում զոհվեց չորս հայ զինվոր, ՀԱՊԿ ղեկավարի մամլո խոսնակը հայտարարեց, թե իրենք պարտավոր են արձագանքել բացառապես Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում (թեեւ նկատենք՝ խոսքը ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում կատարված ադրբեջանական դիվերսիայի մասին էր): Իսկ անցած հուլիսի վերջին սկսած դիվերսիոն գործողությունների մեկնարկից երեք օր անց էլ լրագրողների հարցերին ի պատասխան` ՀԱՊԿ-ից հայտնեցին, որ իրենք «տեղյակ չեն» կատարվածից: Իհարկե, արդեն էսկլացիայի հետագա խորացման արդյունքում Բորդյուժան անձամբ մեկնեց սահմանագոտի` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Եվ հիմա` ուղղաթիռի միջադեպից եւ մեր սպաների մարմինների տեղափոխության հատուկ գործողությունից օրեր անց, Երեւան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավաստիացումը, թե հարցը քննարկվելու է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում, որոշակի ուղերձ է՝ հասցեագրված ադրբեջանական կողմին: Սա միեւնույն ժամանակ նաեւ ՀԱՊԿ` որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորի գործունակության ամրագրմանն ուղղված քայլ է եւ թերեւս` նվազագույն քայլ: Ընդ որում, կասկածից դուրս է, որ այն արվելու է հայկական կողմի գործադրած ճնշումների արդյունքում: Այլ հարց է, սակայն, թե որքանով այդ քայլն արդյունավետ կլինի` հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրներից առնվազն երեքի՝ ոչ հայամետ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:




Լրահոս