ՊԵԿ-Ը ՊԱՐՏԱԴՐՈ՞ՒՄ Է ՄԵՔԵՆԱ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մեքենա ներկրողներն անհանգստացած են. ՀՀ պետեկամուտների կոմիտեն նրանց պարտադրում է ներկրված մեքենան մաքսազերծել միայն մեկ բրոքերական ընկերության միջոցով: Այդ ընկերությունն էլ մաքսազերծումն իրականացում է 35 հազար դրամի դիմաց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեքենա ներկրողները նշեցին, որ նախկինում այս գործառույթն իրականացնող ընկերությունները մաքսազերծման համար պահանջել են ավելի մատչելի գին, որը, սակայն, աստիճանաբար թանկացել է:

53-ամյա Հրաչ Կոստանյանն ավելի քան տասը տարի է՝ զբաղվում է մեքենաների ներկրմամբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ բրոքերական ընկերության դերն ավելորդ է այս գործում: Ավելին` գործարարը համոզված է, որ բրոքերական ընկերության թղթատարության աշխատանքը կարող էր «շատ հանգիստ» կատարել նաեւ մաքսատան աշխատակիցը` 2-3 հազար դրամով: «Իրենք ընդամենը գնահատում են մեքենայի մաքսազերծման արժեքը, ուրիշ ոչինչ: Ու այդ մի կտոր թղթի դիմաց վճարում ենք 35 հազար դրամ: Դրա արժեքը նախկինում 5-10 հազար դրամ էր, հետո` այն դարձավ 15 հազար դրամ ու այսպես հաջորդաբար ծառայության գինը բարձրացավ` հասնելով 35 հազար դրամի: Պատկերացրեք, թե օրական քանի մարդ է վճարում այդ 35 հազար դրամը ու բացի այդ` լրացուցիչ այլ ծախսեր: Կարճ ասած` մինչեւ մեքենան բերում հասցնում ենք տուն, մեքենայի արժեքից ավելի շատ ենք վճարում: Մեռանք վճարելով»,- զայրացած ասաց Հրաչը:
Բացի այս, մեքենա ներկրողները պնդում են, որ մաքսատանը իրենք շատ են թղթատարությամբ զբաղվում. «Մի պատուհանից ուղարկում են մյուս պատուհանի մոտ, էն մյուսից էն մեկը: Ի՞նչ անենք, այլ ելք չկա: Ստիպված հանդուրժում ենք»:
Սակայն ՀՀ պետեկամուտների կոմիտեից հակառակն են պնդում` վստահեցնելով, որ եթե նախկինում մաքսային ձեւակերպումներն իրականացնելու համար քաղաքացիները ստիպված էին սենյակից սենյակ գնալ, ապա այժմ բոլոր գործընթացներն իրականացվում են նոր սրահում` «մեկ պատուհան»-ի սկզբունքով:
Հայաստանի մեքենա ներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պահանջում է, որպեսզի ներկրողները հենց իրենք մաքսազերծեն իրենց ներկրած մեքենաները: «Ըստ օրենքի՝ մենք ինքներս էլ կարող ենք սահմանել մեքենայի մաքսազերծման գինը: Հայաստանում, փառք Աստծո, կան նաեւ մի քանի տասնյակ բրոքերական ընկերություններ, որոնց նույնպես կարող ենք դիմել: Ինչու պետք է պարտադրված դիմենք հենց մաքսատան ներսում գտնվող ընկերություններին եւ դրա դիմաց վճարենք 35 հազար դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեքենա ներկրողների այս ահազանգին արձագանքելով` ՊԵԿ-ը նշում է, որ ավտոմաքսատանը կիրառվող բոլոր ընթացակարգերից միայն մաքսային ձեւակերպումներին է առնչվում մաքսային բրոքերի գործունեությունը, որն, ի դեպ, իրականացվում է «մեկ պատուհան»-ի սկզբունքով: ՊԵԿ-ն առաջարկ ունի նաեւ այն քաղաքացիներին, ովքեր չեն ցանկանում օգտվել բրոքերային կազմակերպությունների ծառայություններից: Ըստ ՊԵԿ-ի` նրանք կարող են ինքնահայտարարագրում կատարել: Ինչպես հանրապետության մյուս բոլոր մաքսատներում, այնպես էլ ավտոմաքսատանը ինքնահայտարարագրման համար հատկացված է հատուկ համակարգիչ: Միաժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հայտարարագրման գործընթացը պարունակում է մեծ ռիսկայնություն, քանի որ ձեւակերպման ընթացքում սխալ հայտարարագրված տվյալը կարող է ընդհուպ մինչեւ մեքենայի մաքսային արժեքի չափով տուգանքի պատճառ հանդիսանալ:
Սակայն մեքենա ներկրողների միության նախագահը հակառակն է պնդում. «Մենք մաքսային ներքին ծրագրով չենք կարողանում ինքնահայտարարագրում կատարել, քանի որ այն կոդավորված է: Դրանից միայն բրոքերը կարող է օգտվել: Այս խնդրի մասին ես ավելի քան 4 տարի է, ինչ բարձրաձայնում եմ: Սակայն ոչ մի արձագանք»:
Ինչ վերաբերում է մեքենա ներկրողների այն պնդումներին, թե ՊԵԿ-ը մեքենան մաքսազերծելու համար պարտադրում է դիմել միայն մեկ բրոքերական ընկերության, ՊԵԿ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Դրանք իրականում չորսն են` «ՀՍԲԴ քաստմ սերվիս», «Սյուրեկա», «Բրոկուս», «Դեմե քաստմ» ընկերությունները, որոնք որեւէ գործարք` մաքսային ձեւակերպում, կանխիկ վճարումով չեն իրականացնում. բոլոր վճարումները կատարվում են բանկային փոխանցումներով` բացառելով հնարավոր չարաշահումների ռիսկը: Ավելորդ չէ նշել, որ անցյալ տարվա արդյունքներով հիշյալ կազմակերպությունները միայն շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով պետբյուջե են վճարել ավելի քան 460 միլիոն դրամ»,- պարզաբանեցին ՊԵԿ-ից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆ

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականից մրցահարթակ դուրս կգան գերծանրքաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը եւ Հայկ Հակոբյանը, իսկ կանանցից՝ 75+ քաշային կարգում հանդես եկող, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։

Իսկ մինչ այդ Սմբատ Մարգարյանը (56 կգ) զբաղեցրել էր երրորդ, Վանիկ Ավետիսյանը` երկրորդ հորիզոնականը (69 կգ)։ 77 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը չորրորդն էր, Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանը՝ տասներորդը: 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը նույնպես զբաղեցրեց չորրորդ տեղը։ Կանանց պայքարում Աննա Գովելյանը (53 կգ) եզրափակեց առաջին հնգյակը, իսկ Էլեն Գրիգորյանը (48 կգ) տասներորդն էր։
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց աշխարհի նախկին չեմպիոնուհի, Հայաստանի պատանիների եւ երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Նազիկ Ավդալյանը, հավաքականի անդամները լավ էին նախապատրաստված, կարող էին ավելի բարձր արդյունքներ ցույց տալ, բայց երեւի խանգարեց այն հանգամանքը, որ «նրանցից շատերը վնասվածքներից նոր էին ապաքինվել եւ այդ իսկ պատճառով երկար ժամանակ միջազգային մրցահարթակ դուրս չէին եկել։ Ինձ թվում է՝ մինչեւ աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունը աստիճանաբար նրանք լավագույն մարզավիճակ ձեռք կբերեն: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ սերնդափոխություն է տեղի ունենում, եւ ոմանք նաեւ փորձի պակաս ունեն»։
Հայաստանի պատանիների եւ երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչն աղջիկների պարապմունքներին չի կարողացել հետեւել, դիտել է միայն նրանց ելույթները, քանի որ այս պահին պատանեկան հավաքականի հետ գտնվում է Աբովյանում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացվում։ Բանն այն է, որ պատանիները նախապատրաստվում են Լեհաստանում ապրիլի վերջին կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը։ «Եվրոպայի առաջնությունը նաեւ պատանիների օլիմպիադայի վարկանիշային մրցաշար է, եւ մեր գլխավոր նպատակը համապատասխան վարկանիշային միավորներ ձեռք բերելն է։ Իհարկե, ամեն կերպ կձգտենք նաեւ մեդալներ նվաճել։ Արդեն ապրիլի 27-ին մեկնելու ենք Լեհաստան՝ մասնակցելու այդ կարեւոր ստուգատեսին»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը Երեւանից հեռու է 200 կմ: Այն ոչ միայն հեռավորությամբ է կտրված մայրաքաղաքից, այլ նաեւ մի տեսակ դուրս է Հայաստանի իշխանությունների ուշադրությունից: Փոխանակ սահմանամերձ, վտանգավոր գոտում ապրող մարդկանց համար ապրելու, աշխատելու եւ հանգստի պայմաններ ստեղծվեն, ադրբեջանական գնդակոծությունների վտանգի ներքո ապրող մարդկանց կարծես թե դրդում են գաղթել Երեւան կամ արտերկիր: Օրինակ` սահմանագոտում հեռարձակվող հեռուստաալիքները շատ քիչ են: Նոյեմբերյանի տարածաշրջանում այս տարեսկզբից այլեւս չեն կարողանում հետեւել հայկական երկրորդ հեռուստաալիքի հաղորդումներին: Նշենք, որ Հ2-ի հաղորդումներն այլեւս չեն հեռարձակվում նաեւ սահմանամերձ Բերդի տարածաշրջանում:
Նոյեմբերյանում է գտնվում Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերության ստուդիան: Այն տարեսկզբից դադարեցրել էր իր գործունեությունը եւ միայն վերջերս է կրկին եթեր հեռարձակվում: Սակայն մարզային հեռուստաընկերությունը մարզի կյանքի մասին շատ քիչ տեղեկատվություն է հաղորդում: Այդ հեռուստաընկերությունը հիմնականում ցուցադրում է արտասահմանյան հեռուստաալիքներից վերցված, կենդանական աշխարհին վերաբերող հաղորդումներ: Միով բանիվ՝ ոչ թե մարզային հեռուստաընկերություն է, այլ՝ «կենդանիների աշխարհում»: Ինչի համար են մեր՝ հարկատուներիս փողերով վարձատրվող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, եթե չեն հետեւում, որպեսզի «Տավուշ» մարզային հեռուստաընկերությունը կատարի հեռարձակման արտոնագրով իր ստանձնած պարտավորությունները: Չէ որ մարզային հեռուստաընկերության ծրագրերի առյուծի բաժինը պետք է լինեն հայրենական եւ սեփական արտադրության հաղորդումները, դրանց որոշակի մասը պետք է կազմեն լրատվական ուղղվածության ծրագրերը:
Տավուշի մարզի եթերում դե յուրե կա նաեւ Նոյեմբերյանի տեղական՝ «Քամուտ» հեռուստաընկերությունը, բայց ոչ դե ֆակտո: Նշված հեռուստաընկերությանը տրված լիցենզիայի ժամկետը սահմանված է մինչեւ 2015թվականի հունիսը: «Քամուտ»-ի ալիքով հեռարձակվում են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդումները: Ըստ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին գործող օրենքի՝ թույլ չի տրվում եթերը վարձակալությամբ կամ այլ կերպ զիջել այլ հեռուստաընկերության: Սակայն տվյալ դեպքում օրենքը չի գործում, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն այդ մասին կամ անտեղյակ է կամ էլ այդպիսին է ձեւանում: Ընդ որում՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդումները Նոյեմբերյանում ցուցադրվում են տեխնիկապես անորակ՝ ցավեցնելով հեռուստադիտողների աչքերը: Այդ մասին մենք նոյեմբերյանցիներից բազմաթիվ բողոքներ ենք ստացել: Հուսանք, որ մեր այս հրապարակումը պատկան մարմինների ուշադրությանը կարժանանա ,եւ նրանք վերջապես կզբաղվեն այն հարցերով, որոնք լուծման համար կոչված են ի պաշտոնե:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս