Երբ Ջերմուկ-ը թանկ է կաթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան: Մարդկանց հիմնական զբաղմունքը հողագործությունը եւ անասնապահությունն են: Սակայն գյուղացին իր քրտինքով աշխատածը չի կարողանում իրացնել, կանգնում է “կոտրած տաշտակի” առաջ: 
Մարզում ստեղծվել են կաթի ընդունման կետեր, սակայն դրանք չեն գործում: Չեն աշխատում, որովհետեւ կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերություններն անասնատերերից կաթն ընդունում են «ջրի գնով»: Ավելի ճիշտ՝ հանքային ջրից էժան գնով. “Ջերմուկ”-ն ավելի թանկ է, քան ալպյան ծաղկուն մարգագետիններում արածող կովերի անարատ կաթը: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանն ասաց, որ Բերդ քաղաքից 10 կմ հեռավորությամբ գտնվող իրենց գյուղում 2007-2009թթ. գործել է կաթի ընդունման կետ: Գյուղապետը հայտնեց, որ ամերիկյան “ՔԱՐԴ” կազմակերպությունն այդ նպատակով տրամադրել է կաթի սառնարան: Սառնարանի գինը 3 միլիոն դրամ է, գումարի կեսը պետք է տրամադրի Նավուրի գյուղացիական կոոպերատիվը, որին պատկանում է սառնարանը: Պետք է տրամադրի, սակայն գումար չունենալու պատճառով ցայսօր չի տվել:
“2007-2009թթ. Նավուրի կաթի ընդունման կետը գործում էր, կաթը հավաքում էինք, “Աշտարակ կաթ” ընկերության Ճամբարակում գործող կաթի հավաքատեղիից գալիս, կաթը տեղափոխում էին: Կախված սեզոնից՝ կաթի լիտրն ընդունում էին 90-105 դրամով: Հետո “Աշտարակ կաթ”-ն ընդունման գինը նվազեցրեց, դարձրեց 80 դրամ: Գյուղացիներն էլ հրաժարվեցին ցածր գնով կաթ հանձնել, կաթից պանիր պատրաստեցին: Անցյալ տարի կաթի ընդունման գինը բարձրացավ, դարձավ 130 դրամ: Փորձեցինք վերսկսել կաթի հավաքումը, սակայն քիչ քանակ հավաքվեց, գործն առաջ չգնաց: Հիմա Ճամբարակում կաթի ընդունման գինը 120 դրամ է, սակայն մենք կաթ տեղափոխող մեքենա չունենք: Եթե “Աշտարակ կաթ”-ի մեքենան այն տեղափոխի, տեղափոխման ծախսերը հանելով՝ կաթի գինը կիջնի 100 դրամ, դա անասնատերերին ձեռնտու չէ: Ես նաեւ անասնապահությամբ եմ զբաղվում, սարում պահվող իմ կովերից օրական 150 լ կաթ ստանում: Կաթ ընդունող չկա, ես էլ ստիպված պանիր եմ պատրաստում: Բայց պանիր առնող էլ չկա: Երեւանում կաթի փոշուց պատրաստված պանրի կիլոգրամը 2000 դրամով են վաճառում, ես անարատ կաթի  պանիրը  1000 դրամով եմ տալիս, թող գան տանեն”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում իրենց խնդիրները ներկայացրեց Արամ Նիգոյանը:
Նավուրի գյուղապետը փաստում է, որ այլ ծրագրերով կաթի ընդունման կետեր են ստեղծվել Բերդի տարածաշրջանի Վարագավան, Նորաշեն, Տավուշ գյուղերում, սակայն դրանք բոլորն էլ անգործության են մատնված: Մի քանի տարի առաջ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում “Հայաստան” համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվեց կաթի ընդունման կետ: Այն Ազատամուտի եւ հարեւան համայնքների ֆերմերներից հավաքած կաթը հանձնում էր “Աշտարակ կաթ” ընկերությանը: Սակայն ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո ընդունման կետը փակվեց: Ժամանակին տողերիս հեղինակն այս կապակցությամբ եղավ “Հայաստան” հիմնադրամի երեւանյան գրասենյակում: Հիմնադրամի պատասխանատուներն այն ժամանակ տավուշցի լրագրողիս հավաստիացրին, որ հիմնադրամի ծրագրերը երբեք կիսատ չեն մնում, իրենք կգտնեն Ազատամուտի կաթի ընդունման կետն աշխատեցնելու եղանակները: Մի քանի տարի է անցել, սակայն դեռեւս չեն գտել… Այսօր  տավուշցի գյուղացին մենակ է մնացել իր հոգսերի հետ: Արարատյան դաշտի բնակիչը կարողանում է իր արտադրած կաթն ու պանիրը սպառել Երեւանի շուկայում: Իսկ սահմանամերձ Տավուշի բնակիչը նման հնարավորություն չունի, որովհետեւ մայրաքաղաքից 200 կմ հեռու է ապրում: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները փայլուն ճառեր են ասում ոլորտի չեղած հաջողությունների մասին: Իսկ գյուղացին աջակցության կարիք ունի: Եվրոպայում ֆերմերները կաթի ընդունման գնի նվազման դեպքում ի նշան բողոքի իրենց տրակտորներով փակում են մայրուղիները, կաթը թափում կառավարության շենքի առաջ: Իսկ հայ գյուղացիները հեզությամբ տանում են իրենց զրկանքները,  քանի որ Հայաստանում սեփական իրավունքները պաշտպանելու ավանդույթներ չկան:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս